Դեռահասների սեռական կյանքի սկիզբը

Դեռահասների սեռական կյանքի սկիզբը

Դեռահասների սեռական վաղ կյանքի վերաբերյալ տարաբնույթ հարցեր են առաջանում՝ սեռական կյանքի վաղ սկիզբն ի՞նչ վնաս կարող է հասցնել պատանու օրգանիզմին, կարելի՞ է սեռական կյանքն սկսել 15 տարեկանից և ինչո՞ւ սպասել, եթե օրգանիզմն արդեն պատրաստ է, եթե ֆիզիոլոգիապես հասունացել է և այլն։

Սեռական կյանքի միջին սկիզբ

Ժամանակակից հասարակության մեջ մարդկանց մեծամասնությունն առաջին հերթին կենտրոնանում է մասնագիտական աճի ու կայունացման, հետո նոր միայն ընտանիքի վրա։ Ըստ այդմ՝ շատերն իրենց առաջնեկին ունենում են 25 տարեկանում (կանայք) և 28-30 տարեկանում (տղամարդիկ), իսկ այ սեռական կյանքն սկսում են միջինում 15-17 տարեկանում։

Վաղ սեռական կյանքի պատճառները տարաբնույթ են․ դեռահասը ձգտում է ինքնահաստատվել, բարձրացնել ինքնագնահատականը, ամրապնդել իր հեղինակությունը հասակակիցների միջավայրում, որտեղ խրախուսվում է վաղ սեռական կյանքը, այլոց ցույց տալ, որ ինքն արդեն մեծ է, բավարարել ընդունված և սիրված լինելու պահանջմունքը և այլն։

Պետք է իմանալ, որ ընդունված և սիրված լինելու, հեղինակությունն ամրապնդելու ավելի արդյունավետ միջոցներ կան։ Սեռական կյանքի վաղ սկիզբը դեռևս չամրացած օրգանիզմին և հոգեբանական առողջությանն սպառնում է բազմաթիվ խնդիրների առաջացմամբ։

Հղիություն

Առաջին տեղում վաղ հղիության վտանգն է։ Հարցն այն է, որ ֆիզիոլոգիական հասունացումը դեռևս չի նշանակում, որ պատանու օրգանիզմը պատրաստ է երեխային կրելուն ու ծննդաբերությանը։ Չէ՞ որ մեր տատիկները երեխա են ունեցել 15-17 տարեկանում՝ գուցե մտածեք դուք։ Պետք է հաշվի առնել, որ այն ժամանակներում կյանքի ռիթմն այլ էր, 42 տարեկանում կինն արդեն տատիկ էր դառնում ևկյանքի միջին տևողությունը ցածր էր։

Հաճախակի ծննդաբերությունները, ֆիզիկական ծանր աշխատանքը և փոքր տարիքում սկսած հասուն կյանքը թույլ չէին տալիս երկար պահպանել առողջությունը։ Այսօր այդքան վաղ տարիքում ծննդաբերում է տասից երկուսը։ Մի մասն էլ աբորտ է անում, ընդ որում՝ մինչև 18 տարեկանը հղիությունն արհեստականորեն ընդհատած աղջիկների երկու երրորդի դեպքում անպտղություն է զարգանում։

Հղիության արհեստական ընդհատման բարդություններից են՝ արգանդի պերֆորացիա (թափածակում), արյան մակարդելիության խանգարում, արնահոսություն, արգանդի պարանոցի վնասվածքներ, արգանդի խոռոչի սինեխիաների առաջացում (կպումներ), ձվարանի և հավելումների բորբոքում և այլն։

Աբորտի առանձին հետևանքներից են՝ չզարգացող հղիության և արտարգանդային հղիության մեծ վտանգ, էնդոկրինային և նյարդային համակարգի հիվանդություններ, հոգեկան շեղումներ, արգանդի պարանոցի և կաթնագեղձի քաղցկեղ։

Բացի այդ, 15 տարեկանում սեռական կյանք սկսած աղջիկների շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը կրկնակի հաճախ է հանդիպում, քան նրանց, ով սեռական կյանքն սկսել է 19 տարեկանում։

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ

Այդ խմբին են դասվում ոչ միայն վեներական հիվանդությունները (սիֆիլիս, գոնորեա), այլև ՄԻԱՎ-ը, հեպատիտ B-ն և C-ն, սեռական հերպեսը, ուրեապլազմոզը, միկոպլազմոզը, քլամիդիոզը, ցիտոմեգալովիրուսը, մարդու պապիլլոմավիրուսը։

Հոգեբանական հետևանքներ

Սեքսոլոգները հավաստիացնում են, որ կանոնավոր սեռական կյանքը մինչև 18 տարեկանը խոչընդոտում է ֆիզիկական և հոգեբանական զարգացմանը։ Բանն այն է, որ զարգացող օրգանիզմի ուժերից վեր է այն սթրեսը, որին ենթարկվում է էնդոկրին և նյարդային համակարգը։

Սթրեսը հաղթահարելու նպատակով պատանիներն սկսում են ոգելից խմիչքներ, թմրանյութեր օգտագործել, հաճախ փոխել զուգընկերոջը, սակայն դրանցից և ոչ մեկը բավարարվածության չի հանգեցնում, ընդհակառակը, դառնում է դեպրեսիայի, նևրոզի և այլ խնդիրների պատճառ։

Եթե անգամ բանը չի հասնում դեպրեսիային, երիտասարդը մտնում է հասուն կյանք՝ ունենալով ներքին բազում կոնֆլիկտներ ու խնդիրներ, որոնցից հատկանշականն ինֆանտիլիզմն է։Սեռական ոլորտի հարաբերություններում այն դրսևորվում է որպես ներդաշնակ հարաբերություն կառուցելու անկարողություն, սպասում, որ ճակատագիրն իրեն կուղարկի իդեալական զուգընկերոջ, այդպիսի մարդու մշտական փնտրտուք։

Երջանիկ, անկախ ընտանիքի մասին խոսք չկա։ Մինչև 18 տարեկանը սեռական կյանք սկսած զույգերի մեծ մասն ամուսնալուծվում է, կամ էլ բազում խնդիրներ են առաջանում ընտանեկան կյանքում։ Ֆիզիկական հասունությունը չի ենթադրում հոգեբանական հասունություն։

Ե՞րբ սկսել սեռական կյանքը

Սեռական կյանքի լավագույն սկիզբը համարվում է 19-20 տարեկանն աղջիկների պարագայում և 22-24 տարեկանը տղաների պարագայում։ Էնդոկրինոլոգները, ֆիզիոլոգները, գինեկոլոգներն ու հոգեբույժները համակարծիք են, որ չկան հիվանդություններ, որոնք կարող են առաջանալ մինչև այդ տարիքը սեռական հարաբերություն չունենալու պատճառով։

Այսպիսով, ժամանակակից պատանիներին սեռական կյանքը վաղ սկսելուն դրդում է ոչ այնքան ֆիզիոլոգիական հասունությունը կամ հետաքրքրասիրությունը, որքան հոգեբանական-սոցիալական ոչ հասուն լինելը և հասարակության ու ընտանիքի սադրիչ դերը։ Զուգընկերոջ հետ հարաբերություններում դեռահասն առաջին հերթին հուզական մտերմություն ու սեր է փնտրում։

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Այսօր աշխարհում ընթանում է պատերազմ երկու կենսաբանական տեսակների միջև՝ վիրուսի և մարդու։ Բնության մեջ գոյություն ունեն մի քանի միլիոն...

Կորոնավիրուս (SARS-CoV-2)

Կորոնավիրուս (SARS-CoV-2)

SARS-CoV-2 (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին...

Թիրեոտրոպ հորմոն

Թիրեոտրոպ հորմոն

Թիրեոտրոպ հորմոնը (ռուս․` ТТГ) արտադրվում է հիպոֆիզի կողմից և վահանաձև գեղձի հիմնական կարգավորիչն է համարվում...

Օրեգանո․ օգտակար և վնասակար հատկությունները

Օրեգանո․ օգտակար և վնասակար հատկությունները

Դրական ազդեցություն է թողնում հատկապես կնոջ օրգանիզմի վրա, քանի որ կարգավորում է դաշտանային ցիկլը, մեղմում դաշտանային ցավը և կիրառվում է դաշտանի ուշացման դեպքում․․․