Հեպատիտ С

Հեպատիտ С

Հեպատիտ С վիրուսով վարակվելու համար անհրաժեշտ է, որ այդ վիրուսը պարունակող նյութը (վարակված մարդու արյուն) հայտնվի մեկ այլ մարդու արյան հոսքում: Աշխարհի բնակչության ավելի քան 2%-ը վարակված է այս վիրուսով: Ամեն տարի հեպատիտ С-ով վարակվածների թիվն աճում է: Համարվում է, որ այդ աճը կապված է թմրամոլության տարածման հետ, քանի որ հեպատիտ С-ով վարակված երիտասարդների 38-40%-ը վարակվում է թմրանյութերի ներերակային սրսկման ժամանակ:

Հեպատիտ С-ով վարակված հիվանդների 70-80%-ի օրգանիզմում զարգանում է հիվանդության քրոնիկական ձևը, որն իրենից առավելագույն վտանգ է ներկայացնում, քանի որ կարող է հանգեցնել լյարդի ցերոզի կամ լյարդում չարորակ գոյացությունների առաջացման: Ներկայումս մշակված են հեպատիտ С-ի բուժման մի շարք արդյունավետ դեղամիջոցներ: Ժամանակին և գրագետ կատարված թերապիայի պարագայում հնարավոր է լիակատար բուժում 60-80%-ի դեպքում: Ցավոք դեռ գոյություն չունի հեպատիտ С-ի դեմ պատվաստանյութ:

Հիվանդության պատճառները. վարակման ուղիները

Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր մարդն է: Հեպատիտ С-ով վարակում հնարավոր է հետևյալ իրավիճակներում՝

  • թմրանյութերի ներարկման դեպքում միևնույն ներարկչից օգտվելիս,  
  • վարակակիր կամ հիվանդ մարդու արյամբ աղտոտված սարքերով փիրսինգ կամ դաջվածք կատարելիս, 
  • հեմոդիալեզի ընթացքում,  
  • բուժաշխատողների դեպքում արյան հետ կապված բուժական ցանկացած մանիպուլյացիայի ժամանակ, 
  • արյան փոխներարկման ժամանակ (փոխանցման այս ճանապարհն աստիճանաբար վերանում է, քանի որ զարգացած երկրներում արյունը պարտադիր կերպով ստուգվում է որոշելու համար հեպատիտի առկայությունը),
  • սեռական ճանապարհով (վարակակիր մարդու հետ չպաշտպանված սեռական հարաբերության ընթացքում վարակման հավանակնությունը կազմում է 3-5%),  
  • վարակված մորից պտղին (մոտ 5%, սովորաբար ծննդաբերության ժամանակ ծննդաբերական ուղիներով անցնելիս):

Հեպատիտ С-ով բուժական միջամտությունների ընթացքում վարակման վտանգը կարող է պահպանվել զարգացող երկրներում: Եթե կոպտորեն խախտվել են սանիտարական նորմերը, ապա վարակման վայր կարող է դառնալ ցանկացած հիվանդանոցային սենյակ, որտեղ կատարվում են բժշկական մանիպուլյացիաներ:

Հեպատիտ С-ն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, ձեռքսեղմումների, գրկախառնությունների ժամանակ, ընդհանուր խոհանոցային պարագաներից, կերակրից կամ խմիչքից օգտվելիս: Եթե տանը վարակի փոխանցում է տեղի ունեցել, ապա միանշանակ հեպատիտ С-ի վարակակիր կամ հիվանդ մարդու արյան որևէ քանակ ընկել է վարակվածի արյան մեջ:

Հեպատիտ С-ի ախտանշանները

Վարակման պահից միչև կլինիկական արտահայտվածությունը տևում է 2-3 շաբաթից մինչև 6-12 ամիս: Հիվանդության սուր ընթացքի դեպքում սկզբնական փուլը տևում է 2-3 շաբաթ, ուղեկցվում է հոդացավերով, հոգնածությամբ, թուլությամբ, մարսողության խանգարմամբ: Հազվադեպ դիտվում է ջերմաստիճանի բարձրացում: Բնորոշ չէ նաև դեղնուկը: Սուր հեպատիտ С ախտորոշվում է շատ հազվադեպ և պատահական: Հիվանդության սուր փուլից հետո մարդը կարող է ապաքինվել, հիվանդությունը կարող է անցնել քրոնիկական ձևի կամ վարակակրության: Հիվանդների մեծամասնության օրգանիզմում (70-80 % դեպքերում ) զարգանում է քրոնիկական ընթացք: Սուր հեպատիտ С-ի անցումը քրոնիկականի աստիճանաբար է տեղի ունենում. մի քանի տարվա ընթացքում մեծանում է լյարդի բջիջների ախտահարումը, զարգանում է ֆիբրոզ: Ընդ որում՝ լյարդի ֆունկցիան կարող է երկար ժամանակ պահպանվել: Իսկ առաջին ախտանշանները կարող են հայտնվել լյարդի ցեռոզի դեպքում (դեղնուկ, որովայնի ծավալի մեծացում, անոթային բծերի առաջացում որովայնի մաշկի վրա, հոգնածության ավելացում): Հեպատիտ С-ի և հեպատիտի այլ վիրուսային ձևերի համադրումը շատ հազվադեպ է վատթարացնում հիվանդության ընթացքն ու կանխատեսումը:

Հեպատիտ С-ի ախտորոշումը

Հեպատիտ С-ի ախտորոշման համար անհրաժեշտ է կատարել արյան կենսաքիմիական հետազոտություն (բիլիռուբին, ԱՍՏ, ԱԼՏ, պրոթրոմբինային ինդեքս, հիմնային ֆոսֆոտազ, խոլեստերին) արյան հետազոտություն՝ հեպատիտ С վիրուսի հակամարմինների (հակա- HCV), HCV-ՌՆԹ-ի ՊՇՌ (որակական ՊՇՌ, քանակական ՊՇՌ, գենատիպավորում), արյան ընդհանուր հետազոտություն, որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ և մի շարք այլ հետազոտություններ:

Հեպատիտ С-ի ՌՆԹ վիրուսն արյան մեջ որոշվում է ՊՇՌ մեթոդով: Այս հետազոտությունն օգնում է հաստատել վարակը և տեղեկություն է տալիս օրգանիզմում վիրուսների բազմացման արագության և ակտիվության մասին: IgM (հակա-HCV IgM) դասի հակամարմինների առկայությունը թույլ է տալիս տարբերել ակտիվ հեպատիտը վարակակիր հեպատիտից (երբ IgM հակամարմիններ չկան և ԱԼՏ-ն նորմայի սահմաններում է):

Ունենալով բոլոր հետազոտությունների արդյունքները՝ բժիշկը կարող է ախտորոշել, որոշել օրգանիզմում վիրուսային գործընթացի զարգացման աստիճանը, գնահատել լյարդի վիճակը և ախտահարման աստիճանը, ընտրել արդյունավետ և անվտանգ բուժում:

Ին՞չ կարող եք անել դուք

Եթե հեպատիտ С-ի հակամարմինների հետազոտության դրական պատասխան եք ստացել կամ ախտանշանների հիման վրա կասկածում եք այդ վիրուսով ձեր վարակված լինելը, անհրաժեշտ է հնարավորինս շտապ դիմել թերապևտին: Ախտորոշման հաստատվելու դեպքում հարկավոր է կատարել բժշկի նշանակումները և հրաժարվել ալկոհոլից: Հեպատիտ С-ի ոչ ավանդական բուժման մեթոդներն արդյունավետ չեն: Այդ պատճառով պետք չէ վստահել գովազդներին, որտեղ պատմում են կենսական հավելումների, դեղաբույսերի և այլ հրաշագործ միջոցների մասին, որոնք խոստանում են հեպատիտի երաշխավորված բուժում կարճ ժամկետներում: 

Ինչպե՞ս կարող է օգնել բժիշկը

Հեպատիտ С-ի բուժման ծրագիրը կախված է հիվանդության ձևից և ծանրությունից: Քրոնիկական հեպատիտ С-ի բուժման հիմքում ընկած է համակցված հակավիրուսային թերապիան: Հեպատիտ С-ի թերապիայի արդյունավետությունը գնահատվում է արյան կենսաքիմիական ցուցանիշներով (ԱՍՏ, ԱԼՏ, հիմնային ֆոսֆոտազի ակտիվության նվազում), HСV-ՌՆԹ առկայությամբ կամ բացակայությամբ և վիրուսային ծանրաբեռվածության նվազմամբ:

Հեպատիտ С կանխարգելում

  • հրաժարում ներերակային թմրադեղերից (եթե դուք չեք կարող հրաժարվել դրանցից, ապա երբեք մի օգտագործեք ուրիշների ներարկիչներն ու ասեղները),  
  • մի օգտվեք ուրիշի ածելիներից, ատամի խոզանակներից և ցանկացած այլ պարագայից, որի վրա կարող էր արյուն հայտնվել, 
  • այցելեք միայն որակյալ մատնահարդարման և դաջվածքի սրահներ (մասնագետը պետք է լվանա ձեռքերը, աշխատի մեկանգամյա օգտագործման ձեռնոցներով և կիրառի մեկանգամյա կամ մանրէազերծված օգտագործման գործիքներ), 
  • հեպատիտ С վարակակրի կամ հիվանդի հետ սեռական հարաբերություն ունեցող անձանց խորհուրդ է տրվում օգտագործել պահպանակ:
views 18562
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը