Ձվարանների գերդրդման համախտանիշը ԱՄԲ-ի ժամանակ

Ձվարանների գերդրդման համախտանիշը արտամարմնային բեղմնավորման ընթացքում առաջացող ամենալուրջ և ամենավտանգավոր բարդություններից մեկն է: Առաջացման հիմնական պատճառը ձվարաններում ձվազատման դրդման համար օգտագործվող դեղորայքի ավելորդ քանակն է: Հաճախ ՁԳՀ-ն զարգանում է նախքան սաղմի արգանդի խոռոչ տեղափոխվելը, սակայն այն կարող է արտահայտվել նաև ավելի ուշ՝ սաղմը ներդնելուց հետո, նրանց զարգացման փուլում:
Ինչ է ձվարանների գերդրդման համախտանիշը
Բնականոն վիճակում կնոջ ձվարանի ֆոլիկուլում հասունանում է միայն մեկ ձվաբջիջ: Ավելորդ հորմոնային դրդման դեպքում, ըստ ԱՄԲ-ի արձանագրության, կարող է հասունանալ ավելի քան 20 ֆոլիկուլ և ձվաբջիջ, ինչը կտրուկ մեծացնում է բեղմնավորման հավանականությունը, միայն թե նպաստում է էստրադիոլի մեծաքանակ արտադրմանը:
Դրա արդյունքում արյունը խտանում է, խանգարվում է անոթների և մազանոթների անցանելությունը, «անպետք» հեղուկն անցնում է այլ անոթներ՝ առաջացնելով զգալի այտուցվածություն: Որքան վաղ է ձվարանների գերդրդումն արտահայտվում, այնքան բարդ ընթացք է ունենում: ՁԳՀ-ով կանանց հղիությունը ֆիզիոլոգիական հորմոնային փոփոխությունների արդյունքում ավելի է ծանրացնում նրանց վիճակը, որն այդպես կարող է շարունակվել 10-12 շաբաթ: ՁԳՀ ունեցող կանանց դեպքում ձվաբջիջների իմպլանտացիան կրկնակի քիչ է հանդիպում, քան բարդություններ չունեցող կանանց: Այդպիսի դեպքերում համախտանիշը սովորաբար գրանցվում է դաշտանային ցիկլի առաջին օրերին:
Ում է սպառնում ձվարանների գերդրդման համախտանիշը
Ցավոք բժիշկները չեն կարող վստահաբար ասել, թե արդյոք այս կամ այն կնոջ մոտ ձվարանների գերդրդում է առաջանում: Սակայն կան մի շարք գործոններ, որոնք կարող են այս կամ այն կերպ նպաստել ձվարանների գերդրդմանը: Դրանցից են՝
- գենետիկ նախատրամադրվածությունը,
- ձվարանների պոլիկիստոզը,
- արյան մեջ էստրադիոլի մեծ քանակը,
- ալերգիկ ռեակցիաները
- գերձվազատման դրդման արձանագրության անցկացումը անտիգոնադոտրոպին ռելիզինգ հորմոնի օգտագործմամբ,
- լյուտեինային փուլի խթանումը մարդու խորիոնիկ գոնադոտրոպինի պատրաստուկներով:
Ձվարանների գերդրդման ախտանշանները
ՁԳՀ-ի զարգացման մասին են վկայում հետևյալ ախտանշանները՝
- Թեթև աստիճանի դեպքում նկատվում է որովայնի ծանրություն, այտուցվածություն և ծավալի մեծացում, ցավեր որովայնի ստորին հատվածում (ինչպես դաշտանի ժամանակ), հաճախակի միզարձակում,
- Միջին ծանրության դեպքում առաջանում է սրտխառնոց, փսխում, ախորժակի անկում, որովայնի փքվածություն, գիրացում,
- Ծանր աստիճանի դեպքում նկատվում է սրտի ռիթմի խանգարում, հիպոտոնիա, որովայնի ծավալի զգալի մեծացում: Ընդ որում՝ ձվարանների տրամագիծը դրանում առկա լյուտեինային և ֆոլիկուլային կիստայի ձևավորման և թեթև գերդրդման արդյունքում այտուցվածության հաշվին մեծանում է մինչև 5-10 սմ, միջին աստիճանի դեպքում՝ 8-12 սմ, ծանրի դեպքում՝ 12 սմ և ավել (երբեմն՝ 20-25 սմ): Դա կարող է հանգեցնել տարատեսակ քրոնիկ հիվանդությունների սրմանը, ինչպես նաև լուրջ բարդությունների առաջացմանը (ձվարանի կիստայի պայթելը, արգանդի հավելումների ոլորումը, արտարգանդային հղիություն):
Ձվարանների գերդրդման համախտանիշի բուժումը
ՁԳՀ-ի թեթև աստիճանը սովորաբար չի պահանջում դեղորայքային բուժում. անհրաժեշտ է ընդամենը որոշակի փոփոխություններ մտցնել սննդակարգում և ապրելակերպում:
Անհրաժեշտ է մեծ քանակով հեղուկ օգտագործել (հանքային ջուր, պահածոյացված հյութ, կանաչ թեյ, մասուրի թուրմ, հրաժարվել ալկոհոլից և գազավորված ըմպելիքներից): Խորհուրդ է տրվում սնվել լիարժեք և հավասարակշռված (տավարի և թռչնի անյուղ միս, կաթնամթերք, խաշած ձուկ, բանջարեղեն, կանաչեղեն, ընդեղեն):
Պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սեռական կյանքից և ցանկացած տիպի լարվածությունից:
Միջին և ծանր աստիճանի ՁԳՀ-ի բուժումն անցկացվում է միայն ստացիոնարում, քանի որ անհրաժեշտ է մշտապես հետևել օրգանիզմի աշխատանքին: Այդ նպատակով վերահսկվում է շնչառությունը, սիրտանոթային համակարգի, երիկամների, լյարդի աշխատանքը, էլեկտրոլիտային հավասարակշռությունը (քաշ, դիուրեզ, որովայնի չափսը), գնահատվում է հեմատոկրիտը և այլն:
Բացի այս, հատուկ ցուցման դեպքում նշանակվում է նաև դեղորայքային բուժում՝
- դեղերով, որոնք նվազեցնում է մազանոթների անցանելությունը (կորտիկոստերոիդներ, հակահիստամիններ, հակապրոստագլանդիններ),
- դեղերով, որոնք նպաստում են թրոմբոէմբոլիայի կանխարգելմանը (կլեկսան, ֆրակսիպարին):
Այդ ամենին զուգահեռ արյան բաղադրիչների բարելավման համար կարող է պլազմաֆերեզի մի քանի սեանս անցկացվել, իսկ ծանր դեպքերում՝ որովայնի խոռոչի պունկցիա և վիրահատական միջամտություն (կիստաների պայթյունի և ներքին արնահոսության դեպքում):
Ձվարանների գերդրդման համախտանիշի կանխարգելումը
Կանխարգելման հիմնական երաշխիքն անհատական մոտեցումն է յուրաքանչյուր այցելուին: Այս դեպքում բժշկի հայեցողությամբ հնարավոր է կիրառել գոնադոտրոպինների անհատական չափաբաժին, հրաժարվել դրանից կամ էլ այն փոխարինել գոնադոտրոպին ռելիզինգ հորմոնի ագոնիստներով, կլոմիֆեն-ցիտրատով:
Բացի այս խորհուրդ է տրվում վերահսկողության տակ պահել ֆոլիկուլների, ձվարանների չափսը, արյան պլազմայում էստրոգենների մակարդակը, անհրաժեշտ է բուժման ամբողջ ընթացքում և հետագա մի քանի շաբաթների ընթացքում ամեն օր հետևել կնոջ վիճակին:
Ցանկացած դեպքում պետք է կնոջը նախապես զգուշացնել ՁԳՀ-ի զարգացման վտանգների և կանխարգելման ուղիների մասին: