Էնդոմետրիում. հաստությունը և խանգարումները
Էնդոմետրիումը, արգանդի մարմնի ներքին լորձաթաղանթն է, որով պատված է խոռոչը: Հագեցած է արյունատար անոթներով: Այն հիմնական դեր է խաղում դաշտանային ցիկլում, սակայն գլխավոր գործառույթը արգանդում պտղաձվի ամրացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է:
Առանձնացվում է արգանդի լորձաթաղանթի երկու շերտ՝ բազալային և ֆունկցիոնալ: Դաշտանի ժամանակ ֆունկցիոնալ շերտը շերտազատվում է, սակայն բազալային շերտի վերականգնող ընդունակության շնորհիվ կրկին վերականգնվում է հաջորդ ցիկլում: Էնդոմետրիումն զգայուն է հորմոնների նկատմամբ: Դաշտանային ցիկլի երկրորդ փուլում այն զգալիորեն հաստանում է, արյունն ավելի առատ է մատակարարվում՝ այս կերպ արգանդը նախապատրաստելով սաղմի ներդրմանը: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ապա ֆունկցիոնալ շերտը շերտազատվում է, և դաշտան է սկսվում:
Հղիության համար կարևոր է արգանդի լորձաթաղանթի հաստությունը, որը որոշվում է ՈւՁՀ-ի միջոցով: Այն փոփոխվում է՝ կախված ցիկլի փուլից:
Վաղ պրոլիֆերացիայի փուլում (ցիկլի 5-7-րդ օրեր) հաստությունը տատանվում է 3-6մմ-ի սահմաններում՝ միջինում կազմելով 5 մմ:
Ցիկլի 8-10-րդ օրերին (միջին պրոլիֆերացիա) էնդոմետրիումը մի փոքր հաստանում է՝ կազմելով միջինում 8մմ (տատանումը՝ 5-10մմ):
Ուշ պրոլիֆերացիայի փուլում (11-14-րդ օրեր) հաստանում է մինչև 11 մմ (տատանումը՝ 7-14 մմ):
Վաղ արտազատության՝ սեկրեցիայի փուլում (15-18-րդ օրեր) տատանվում է 10-15 մմ-ի սահմաններում է և կազմում է 11մմ:
Միջին արտազատության փուլում (19-23-րդ օրեր) էնդոմետրիումը հասնում է առավելագույն հաստության՝ միջինում 14մմ (տատանումը՝ 10-15մմ):
Ցիկլի 24-27-րդ օրերին (ուշ արտազատության փուլ) էնդոմետրիումի հաստությունը մի փոքր նվազում է՝ միջինում 12 մմ (տատանումը՝ 10-14մմ):
Էնդոմետրիումի կառուցվածքի խանգարումներից են հիպերպլազիան՝ հաստացումը, և հիպոպլազիան՝ բարակումը:
Արգանդի խոռոչի լորձաթաղանթի հիպերպլազիա
Հիպերպլազիային բնորոշ է արգանդի լորձաթաղանթի գեղձերի և ստրոմների փոփոխությունները: Դա էնդոմետրիումի ավելորդ աճն է, երբ այն զգալիորեն հաստանում է՝ տարբերվելով բնական վիճակից: Հիպերպլազիային հատուկ գործընթացները ծագում են հորմոնային խանգարումների հետևանքով, որոնց բնորոշ է էստրոգենների ավելորդ քանակությունը և պրոգեստերոնի սակավությունը:
Հիվանդությունը սպառնում է հատկապես այն կանանց, ովքեր ճարպակալման հանգեցնող շաքարային դիաբետ կամ նյութափոխանակության այլ խանգարումներ ունեն: Հիպերպլազիային հատուկ գործընթացները հաճախ համատեղվում են այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են արգանդի միոման, սեռական օրգանների էնդոմետրիոզ և քրոնիկական բորբոքային պրոցեսներ:
Հաճախ էնդոմետրիումի հիպերպլազիան ընթանում է առանց ախտանշանների, սակայն հնարավոր է, որ դիսֆունկցիոնալ արգանդային արնահոսություններ դիտվեն ձվազատման բացակայությամբ ցիկլի պարագայում:
Էնդոմետրիումի հիպերպլազիայի պարագայում հղիության բացակայությունը պայմանավորված է երկու գործոնով՝
- ձվազատման բացակայություն՝ պայմանավորված հորմոնային խանգարումներով,
- սաղմի ներդրման անհնարինություն արգանդի պաթոլոգիական փոփոխության ենթարկված լորձաթաղանթի վրա:
Արգանդի խոռոչի լորձաթաղանթի հիպերպլազիայի բուժումը լինում է դեղորայքային, որի հիմքում ընկած է հորմոնային դեղամիջոցների ընդունումը, և վիրաբուժական, որի դեպքում էնդոմետրիումի շերտը հեռացվում է: Հիպերպլազիայի ծանր աստիճանի դեպքում կարող է հեռացվել նաև արգանդը: Հաճախ անհրաժեշտ է լինում դիմել համակողմանի բուժման՝ էնդոմետրիումի շերտի հեռացում և դրան հաջորդող հորմոնային թերապիա:
Արգանդի խոռոչի լորձաթաղանթի հիպոպլազիա
Որոշ կանանց արգանդի լորձաթաղանթի հաստությունը դաշտանային ամբողջ ցիկլի ընթացքում անփոփոխ է մնում, ինչը պայմանավորված է քրոնիկական էնդոմետրիտով, արգանդի լորձաթաղանթի արյան ոչ բավարար մատակարարմամբ:
Բարակ էնդոմոտրիումի խնդիրը հայտնաբերվում է ՈՒՁՀ-մոնիթորինգի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս գնահատել արգանդի լորձաթաղանթի հաստության և կառուցվածքի փոփոխությունները: Ցավոք էնդոմոտրիումի այստեսակ խանգարումը դժվար է ենթարկվում բուժման և ըստ էության ժամանակավոր բնույթ է կրում: Էնդոմետրիումը լավ է արձագանքում ֆիզիոթերապիային և ոչ ավանդական բժշկության որոշ տեսակների (հիրուդոթերապիա, ասեղնաբուժություն), որոնք բարելավում են արյան մատակարարումը: Էնդոմետրիումի աճի վրա լավ է ազդում եղեսպակը:
Արգանդի խոռոչի լորձաթաղանթի ցանկացած խանգարման բուժում հարկավոր է սկսել այն հայտնաբերելուց և պատճառները հեռացնելուց անմիջապես հետո: Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ և ժամանակին դիմել գինեկոլոգի: