Մետաբոլիկ համախտանիշ (նյութափոխանակության խանգարում)

Մետաբոլիկ համախտանիշ (նյութափոխանակության խանգարում)

Մետաբոլիկ համախտանիշը (նյութափոխանակության խանգարում) տարբեր մետաբոլիկ խանգարումների և հիվանդությունների զուգակցում է, որի հետևանքով զարգանում են սրտանոթային բարդություններ և վաղաժամ աթերոսկլերոզ: Վերարտադրողական տարիքի կանանց մետաբոլիկ համախտանիշը նախկինում բժիշկները գիտեին որպես նյարդաներզատափոխանակային համախտանիշ (ընթանում էր Կուշինգի հիվանդության թեթև տեսքով), հիպոթալամիկ կամ դիէնցեֆալ համախտանիշ: Վերարտադրողական տարիքի կանանց մետաբոլիկ համախտանիշը վերարտադրողական գործառույթի խանգարման հաճախ հանդիպող պատճառներից մեկն է` հարաճուն ճարպակալման և դիէնցեֆալ ախտանիշների հետ մեկտեղ:

Համաճարակաբանությունը

Այս ախտահարման հաճախականությունը կին ազգաբնակչության շրջանում հասնում է 15-20%-ի, վերարտադրողական գործառույթի խանգարման պատճառների կազմում մոտավորապես 30–35% և էնդոմետրիումի կրկնվող գերաճային գործընթացով հիվանդների շարքում` մինչև 70%, հղիության վաղաժամ կորուստներն աճում են մինչև 35%:

Պատճառաբանությունը

Մետաբոլիկ համախտանիշի զարգացման պատճառների հիմքում զանազան գործոններ են ընկած (գերհույզեր, նյարդային համակարգի վարակներ, բազմազան վիրահատություններ, վնասվածքներ, ծննդաբերություններ, վիժումներ և այլն) որոշակի նախահիվանդագին նախատրամադրվածությամբ (հիպոթալամիկ կամ արտահիպոթալամիկ կառույցների բնածին կամ ձեռքբերովի գործառութային անկայունություն) կանանց շրջանում:

Ախտածագումը

Սկզբում զարգանում են հիպոթալամուսի նյարդաներզատական կարգավորիչ գործառույթի խանգարումները, ուստի դիտվում են դիէնցեֆալ բազմաթիվ ախտանիշներ (քնի, ախորժակի խանգարում, ծարավի զգացում, գլխապտույտ, գլխացավ, մաշկի գերզգայունություն և այլն), որոնք վկայում են սույն ախտահարման կենտրոնական (հիպոթալամիկ) ծագման մասին:

Կլինիկական պատկերը

Մետաբոլիկ համախտանիշի գերակա ախտանիշը դաշտանի և վերարտադրողական գործառույթի խանգարումներն են` մարմնի զանգվածի ավելացման հետ մեկտեղ`10–30 կգ-ով: Հիմնականում հիվանդները նշում են դաշտանային ցիկլի խանգարումներ, անպտղություն, մազակալում, ճարպակալում, վիժման և այլ բազմազան «դիէնցեֆալ գանգատներ»: Ընդ որում՝ ճարպակալումը կապում են ներզատական խանգարումների, այլ ոչ թե սննդակարգի հետ: Միայն մանրակրկիտ հավաքված վերհուշական տվյալները (անամնեզ) կարող են բացահայտել ճարպակալման հիմնական պատճառը` բարձր ախորժակը:

Ախտորոշումը

Մետաբոլիկ համախտանիշի ախտորոշումը հիմնվում է վերհուշական տվյալների (անամնեզ), կլինիկական դրսևորումների և ֆենոտիպային առանձնահատկությունների (դաշտանային ցիկլի խանգարումներ` մարմնի զանգվածի ավելացման, ներզատական ծագման ճարպակալման և «դիէնցեֆալ գանգատների» հետ մեկտեղ), լաբորատոր և գործիքային տվյալների վրա:

Բուժման նպատակները

Բուժումը որոշակի դժվարություններ է ներկայացնում, քանի որ դաշտանային ցիկլն ու վերարտադրողական գործառույթը հնարավոր է վերականգնել միայն մարմնի զանգվածի կարգավորման դեպքում: Կարևոր է հիվանդության հայտնաբերումը վաղ` գործառութային խանգարումների փուլում, նախքան ձվարանների պոլիկիստոզի ձևավորումը: 

views 19518
Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Հղիության ռիսկերը մեծ տարիքում

Կանանց

Հղիության ռիսկերը մեծ տարիքում