Դեռահասների գինեկոլոգիա

Դեռահասների  գինեկոլոգիա

Հարկ կա՞ արդյոք, որ դեռատի աղջնակն այցելի գինեկոլոգի: Պարզվում է, որ այո և հնարավորինս վաղ: Փաստ է, որ երիտասարդ տարիքում հիվանդությունը կանխելն ավելի դյուրին է, քան հետո այն բուժելը:

Դեռատի աղջիկը մտավախություն ունի, որ ծնողներն իր գաղտնիքները կբացահայտեն: Բժիշկը պետք է իր այցելուի կասկածները փարատի` տեղեկացնելով բժշկական էթիկայի և մասնագիտական գաղտնապահության մասին: Դրա հետ մեկտեղ լուրջ իրավիճակներում բժիշկը պետք է հորդորի դեռատի աղջնակին` մորը պատմել իր հետ կատարվածը, մանավանդ, եթե ինքը վճարունակ չէ հարկ եղած դեղանյութերը գնելու համար:

Դեռահասները սովորաբար անհարմար են զգում գինեկոլոգի դիմելիս և միայն ծայրահեղ դեպքում են դա անում: Մասնագետները փաստում են, որ նախադպրոցական և դեռահաս աղջիկ-երեխաների մոտավորապես 20-25%-ը տառապում է զանազան բորբոքային հիվանդություններով (կիստա, միոմա, դաշտանային ցիկլի խանգարում), որոնք հնարավորինս վաղ հայտնաբերման և բուժման կարիք ունեն, այլապես հետագայում դրանք բացասաբար կանդրադառնան նրանց վերարտադրողականության վրա:

14-ամյա աղջիկն արդեն կարող է ինքնուրույն այցելել գինեկոլոգի, թեև քչերն են այդպես վարվում: Սակայն բժշկի որոշ հարցերի (մոր հղիության և ծննդաբերության ընթացքը, բարդությունները, դստեր նախկին հիվանդությունները) նրանք չեն կարող պատասխանել: Դեռահասի դաշտանը կայունանալուց հետո նա կարող է դաշտանային օրացույց պահել` այնտեղ նշելով դաշտանի օրերը: 

Բնականոն է համարվում այն դաշտանը, որը կրկնվում է 21, 24, 28, 32 և 35 օր պարբերությամբ: Հիշյալ միջակայքից յուրաքանչյուրը համարվում է բնական և ֆիզիոլոգիական: Յուրաքանչյուր դաշտան տևում է 2-ից մինչև 7 օր: Անկանոն, տևական կամ խիստ ցավոտ դաշտանի դեպքում անհրաժեշտ է անպայման խորհրդակցել դեռահասների գինեկոլոգի հետ:

Ե՞րբ պետք է անհապաղ դիմել դեռահասների գինեկոլոգի

Հարկավոր է դիմել բժշկի, եթե կա՝

  • հեշտոցից արտադրություն, 
  • դաշտանային ցիկլի խանգարումներ,
  • մշտական ցավոտ դաշտան:

Դաշտանի առաջին օրն ամեն երրորդ աղջիկ ծանրություն կամ ձգող-կծկող ցավ է զգում որովայնի ստորին մասերում, որոնք հետզհետե մեղմանում և անցնում են: Եթե ցավերը սաստիկ են, ապա պետք չէ սպասել կամ բազմազան ցավազրկողներ փորձարկել, քանզի դրանք հակացուցումներ ունեն:

Դաշտանային ցավերը կարող են պայմանավորված լինել զարգացման արատներով, արգանդի հավելումների քրոնիկական բորբոքումներով և այլն:

Կաթնագեղձերի զարգացում։ Եթե 6-7 տարեկան աղջիկն սկսում է մազակալվել կամ կաթնագեղձերն են սկսում զարգանալ, իսկ 14 տարեկանում, ընդհակառակը, ոչ մի նման բան չկա, ապա ծնողները պետք է մանկական կամ դեռահասների գինեկոլոգի օգնությամբ պարզեն դրա պատճառը: Վաղաժամ սեռական հասունացումը, ինչպես և դրա հապաղումը հաճախ կապված են ներզատիչ համակարգի լուրջ և անհետաձգելի բուժում պահանջող հիվանդությունների հետ:

Դաշտանի բացակայություն (ամենորեա)` սննդակարգով տարվելու հետևանքով։ Ժամանակակից աղջկա պատկերացրած չափանիշով ինքը պետք է լինի նիհար, բարակիրան, տափակ որովայնով և գրեթե բացակայող ազդրերով: Ձգտելով դրան` աղջիկը պատրաստ է ամեն ինչի`խիստ սննդակարգ պահել, ուտելուց հետո արհեստականորեն փսխել, լուծողական ընդունել, հատուկ վարժանք անել: Շատ անգամ նրանց հաջողվում է հասնել ցանկալի արդյունքի, նրանք նիհարում են, սակայն հանկարծ անսպասելիորեն դադարում է դաշտանը:

Սովորաբար այդպիսի նորաձև օրիորդների մարմնի զանգվածը 45կգ-ից չի անցնում: Ոմանք դրան մինչև իսկ հատուկ անուն են տվել` դաշտանային կամ ճգնաժամային մարմնի զանգված: Մարմնի զանգվածը ճգնաժամայինից ցածր լինելիս վերարտադրողական համակարգը (բեղմնավորմանը, պտղի կրելուն և երեխայի ծննդաբերությանը մասնակցող օրգաններ) իր գործառույթն սկսում է ավելի ցածր, անհաս մակարդակում, դանդաղում է հիպոֆիզի և ձվարանների կողմից հորմոնների արտադրությունը, փոքրանում են արգանդի ու կաթնագեղձերի չափերը:

Որքան տևական է դաշտանի բացակայությունը, այնքան ավելի դժվար է «շարժման մեջ դրվում» վերարտադրողական համակարգը: Ամենևին էլ միշտ չէ, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվում: Մարմնի զանգվածի կտրուկ նվազման հետևանքով վրա հասած դաշտանադադարը հետագայում կարող է հանգեցնել անպտղության:

 

Աղբյուրը

 
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում