Եթե դուստր ունեք

Եթե դուստր ունեք

Դստեր դաստիարակման հարցում իմացեք, որ հմտությունները, վարքի կանոնները և շարժուձևը յուրացվում են դեռևս մանկական տարիքում, հիշվում են և հաճախ անգիտակցորեն ամրապնդվում:

Դուստրը հետագայում ձեր կյանքը երջանկացնելու է թոռներով. նրա օրգանիզմում հրաշալի գործընթացներ են լինելու՝ հղիություն, ծննդաբերություն և կրծքով կերակրում: Սերնդի շարունակման հարցը լուրջ մոտեցում է պահանջում: Եթե ցանկանում եք առողջ սերունդ ունենալ, ապա դստերը պետք է նախապես պատրաստել մայրությանը և նրա զարգացման ընթացքում ուշադիր լինել առողջության ու ի հայտ եկած գինեկոլոգիական ցանկացած բնույթի խնդրի նկատմամբ (բորբոքումներ, դաշտանի խանգարում, սեռական հասունացման հապաղում, վնասվածքներ, զարգացման շեղումներ և այլն):

Ժամանակակից աղջիկը պետք է դաստիարակվի այն համոզմամբ, որ երեխա ունենալու կամ հասարակությանն այլ կերպ օգտակար լինելու հարցում ընտրության իրավունքն իրենն է: Բարեբախտաբար կինը կարողանում է համատեղել երկու նպատակները. երեխա ունենալով՝ նա միաժամանակ իրականացնում է իր և՛ կենսաբանական, և՛ հասարակական դերը: Ժամանակակից կանայք ապացուցում են, որ նախատեսված քանակով երեխաներ ունենալուց հետո եթե ցանկանան, կարող են հասարակական գործունեությամբ, քաղաքականությամբ, արվեստով զբաղվել, բիզնես ունենալ և այլն: Այդուհանդերձ համաձայնեք, որ պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում, երբ կինն ընտրում է բացառապես մայրությունը՝ գիտակցելով սերունդը շարունակելու կարևորագույն գործի էությունը:

Սեռական հասունացում

Դուստրն աստիճանաբար մեծանում է, սկսվում է սեռական հասունացման շրջանը, երբ գործի են անցնում սեռական հորմոնները՝ էստրոգենները: Վերջիններս արտադրվում են իգական սեռական գեղձերի՝ ձվարանների միջոցով: Ձվարանները զույգ օրգաններ են և «արթնանում են» 6-7 տարեկանում, իսկ 7-10 տարեկանում սկսում են փոխակերպել աղջնակին՝ նրան դարձնելով դեռահաս, այնուհետև աղջիկ: Հասունացումն ավարտվում է 16-18 տարեկանում:

Յուրաքանչյուր աղջիկ յուրովի է անցնում այս շրջանը, քանի որ բոլորն էլ տարբերվում են միմյանցից իրենց ժառանգականությամբ, կենցաղային պայմաններով, բնակավայրի կլիմայով և այլն: Սեռական հասունացման շրջանում բոլոր գործընթացները կատարվում են խիստ հաջորդականությամբ. 8-9 տարեկանում ազդրերը կլորիկություն են ստանում և կազմվածքն սկսում է կանացիության նշույլներ ձեռք բերել, 10 տարեկանում ի հայտ են գալիս կաթնագեղձերի մեծացման առաջին նշանները, 10-12 տարեկանում ցայլքում, իսկ 12 տարեկանից նաև թևատակերում մազեր են հայտնվում: 12 տարեկանում մարմինը կտրուկ աճ է ապրում:

Աղջկա հասունացման ամենաակնհայտ իրադարձությունը դաշտանն է, որն սկսվում է 11-13 տարեկանում: Այդ ամենն ընթանում է սեռական հորմոնների քանակի մեծացման հիման վրա և հիմնականում շնորհիվ հորմոնների: Նշենք, որ առաջին դաշտանը դեռևս չի վկայում, որ աղջիկը հասունացել է բոլոր ոլորտներում, հասունանալով ֆիզիոլոգիապես՝ չի նշանակում, որ նա հասունացել է նաև հոգեբանական առումով: Դստերը պետք է բացատրել, որ նա դեռևս չի կարող, անգամ վնասակար է հասուն կնոջ կյանք վարելը:

Մեծ են անհատական առանձնահատկությունները. մեկի սեռական հասունացման շրջանը տևում է 3-4 տարի, իսկ մյուսինը՝ 6-8 տարի: Որոշակի արագություն է նկատվում այն աղջիկների շրջանում, ում սննդակարգում գերակշռում են մսամթերքը, ապուրները, սուրճը, ընդեղենը, քաղցրեղենը, սոյան, խավիարը: Հնարավոր է, որ ավելի զարգացած լինեն այն երեխաները, ովքեր էրոտիկ գրականություն են կարդում, մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր դիտում և այլն:

Սեռական ոլորտում չափազանց շուտ հասունացած երեխաներին պետք է բժշկական զննման տանել, քանի որ նմանատիպ նշաններով են արտահայտվում ուղեղի, հիպոֆիզի, մակերիկամների և ձվարանների մի շարք լուրջ հիվանդություններ: Միևնույն ժամանակ սեռական զարգացման հապաղմանն են նպաստում մի շարք ընդհանուր հիվանդություններ և գործոններ՝ վիտամինների պակասը, թերսնումը, նստակեցությունը (հիպոդինամիան), սթրեսները, բնակատեղի փոփոխությունը և այլն:

Լորձային արտադրություն հեշտոցից

Լորձային արտադրություն հեշտոցից

Հեշտոցից արտահոսող լորձային արտադրությունը, եթե նորմալ բնույթի է, բնական երևույթ է։ Վերարտադրողական տարիքի բոլոր կանայք էլ ունենում են...

Տրամադրությունը պայմանավորող հորմոնները

Տրամադրությունը պայմանավորող հորմոնները

Պատասխանատու են մեր հոգեհուզական վիճակի համար։ Ահա այն հիմնական հորմոնները, որոնք պայմանավորում են մեր լավ տրամադրությունը․․․

Գեղեցկության և առողջության երաշխիքները

Գեղեցկության և առողջության երաշխիքները

Տարիքին համընթաց օրգանիզմում բազմաթիվ փոփոխություններ են կատարվում, ոմանք, այնուամենայնիվ, շարունակում են պահպանել իրենց գեղեցիկ տեսքն ու առողջությունը․․․

Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Ե՞րբ պլանավորել հղիությունը վիժումից հետո

Հաճախ է պատահում, որ կանայք, որոնց դեպքում վիժումը եղել է հղիության վաղ ժամկետում, ցանկանում են հղինալ վիժումից անմիջապես հետո․․․․