Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Անպտղություն, երբ բոլոր հետազոտությունները «նորմալ» են․ ի՞նչ է նշանակում անբացատրելի անպտղություն

Անպտղության հետազոտության ընթացքում երբեմն լինում է մի իրավիճակ, որը հատկապես դժվար է ընդունել․ զույգը անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, օվուլյացիան պահպանված է, արգանդի և ձվարանների պատկերն էական շեղումներ չի ցույց տալիս, արգանդափողերը անցանելի են, իսկ սերմնաբանական հետազոտությունը նույնպես չի բացահայտում ակնհայտ խնդիր։ Սակայն հղիություն չի գրանցվում:

Այս իրավիճակը բժշկության մեջ կոչվում է անբացատրելի անպտղություն կամ անհայտ ծագման անպտղություն:

Կարևոր է հասկանալ՝ «անբացատրելի» չի նշանակում «անբուժելի»։ Այն նշանակում է, որ ներկայում կիրառվող ստանդարտ հետազոտություններով հղիության չառաջանալու կոնկրետ պատճառը չի հայտնաբերվել։ ESHRE-ն անբացատրելի անպտղությունը բնորոշում է որպես ախտորոշում, որը դրվում է այլ ակնհայտ պատճառների բացառելուց հետո։ 

Ե՞րբ է խոսքը անբացատրելի անպտղության մասին

Անպտղության գնահատումը պետք է լինի համակարգված և ներառի ոչ միայն կնոջ, այլև տղամարդու վերարտադրողական առողջության գնահատումը։

Սովորաբար ուշադրություն է դարձվում՝

  • օվուլյացիայի առկայությանը,
  • ձվարանների և արգանդի կառուցվածքին,
  • արգանդափողերի անցանելիությանը,
  • սերմնաբանական ցուցանիշներին,
  • կնոջ և տղամարդու բժշկական և վերարտադրողական պատմությանը։

Եթե այս հիմնական գնահատումից հետո ակնհայտ պատճառ չի հայտնաբերվում, հնարավոր է խոսել անբացատրելի անպտղության մասին։ 

Իսկ եթե ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ հղիություն չի առաջանում
Հղիության առաջացումը բազմափուլ գործընթաց է։ Անհրաժեշտ է ոչ միայն ձվաբջջի և սպերմատոզոիդի առկայություն, այլև դրանց փոխազդեցության, բեղմնավորման, վաղ սաղմի զարգացման, արգանդի խոռոչ հասնելու և էնդոմետրիումում իմպլանտացիայի մի շարք հաջորդական փուլերի հաջող իրականացում։Այս փուլերից որոշները ներկայում հնարավոր չէ գնահատել սովորական հետազոտություններով։

Օրինակ՝ ստանդարտ հետազոտությունը կարող է ցույց տալ, որ արգանդափողերը անցանելի են, բայց չի կարող ամբողջությամբ գնահատել դրանց բոլոր ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ Նույն կերպ, սերմնաբանական հետազոտությունը կարևոր տեղեկատվություն է տալիս սերմնահեղուկի հիմնական ցուցանիշների մասին, սակայն չի կարող կանխատեսել բեղմնավորման յուրաքանչյուր փորձի արդյունքը։

Այս պատճառով «նորմալ հետազոտություններ» և «հղիության երաշխավորված հնարավորություն» նույն հասկացությունները չեն։

Արդյո՞ք պետք է անընդհատ նոր հետազոտություններ կատարել
Սա շատ կարևոր հարց է։

Անպտղության դեպքում երբեմն զույգը կարող է անցնել բազմաթիվ լրացուցիչ հետազոտություններ՝ փորձելով գտնել այն պատճառը, որը պարզապես չի հայտնաբերվում։ Սակայն ավելի շատ հետազոտություններն ինքնին միշտ չեն նշանակում ավելի ճիշտ ախտորոշում։Ժամանակակից մոտեցումը ենթադրում է, որ լրացուցիչ քննությունները պետք է նշանակվեն ըստ կոնկրետ կլինիկական իրավիճակի։

Օրինակ՝ առանց համապատասխան ցուցման բոլոր հիվանդներին չեն առաջարկվում իմունոլոգիական թեստեր, թրոմբոֆիլիայի հետազոտություններ, էնդոմետրիալ բիոպսիա կամ որոշ առաջադեմ սպերմատոզոիդային թեստեր։ ASRM-ը նույնպես նշում է, որ մի շարք նման հետազոտություններ չպետք է լինեն անպտղության սովորական սկզբնական գնահատման մաս՝ առանց հատուկ ցուցման։ 

Այսինքն՝ բժշկի խնդիրն ամեն հնարավոր թեստը նշանակելը չէ, այլ ճիշտ հարցի համար ճիշտ հետազոտությունն ընտրելը։

Իսկ AMH-ն ի՞նչ դեր ունի
Ձվարանային ռեզերվի գնահատման համար կարող են օգտագործվել AMH-ը, անտրալ ֆոլիկուլների քանակը և որոշ այլ ցուցանիշներ։Սակայն այստեղ նույնպես կարևոր է ճիշտ մեկնաբանությունը։

Ցածր կամ բարձր AMH-ը ինքնուրույն չի պատասխանում այն հարցին, թե կինը բնական ճանապարհով կհղիանա՞, թե՞ ոչ։ Ձվարանային ռեզերվի թեստերն առավել օգտակար են անպտղության գնահատման և բուժման պլանավորման համատեքստում, այլ ոչ թե որպես առանձին «բնական պտղաբերության թեստ»։ 

Հետևաբար միայն AMH-ի մեկ ցուցանիշի հիման վրա անպտղության պատճառ փնտրելը ճիշտ մոտեցում չէ։

Ի՞նչ անել, երբ պատճառը չի հայտնաբերվում
Բուժման ընտրությունը կախված է կնոջ տարիքից, անպտղության տևողությունից, նախկին հղիություններից, հետազոտությունների արդյունքներից և զույգի ընդհանուր իրավիճակից։

Որոշ դեպքերում կարող է ընտրվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում հղիանալու փորձի շարունակումը կամ օվուլյացիայի վերահսկմամբ բուժական մոտեցում։ Այլ իրավիճակներում քննարկվում է ներարգանդային սերմնավորումը (IUI), իսկ համապատասխան ցուցումների դեպքում՝ արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ/IVF)։

ESHRE-ի ուղեցույցը անբացատրելի անպտղության դեպքում բուժման ընտրությունը դիտարկում է անհատականացված մոտեցմամբ և նշում է, որ ապացույցների ուժը տարբեր բուժական մեթոդների համար նույնը չէ։ 

Այսինքն՝ չկա մեկ բուժում, որը ճիշտ է բոլոր զույգերի համար։Տարիքը նույնպես կարևոր գործոն է:Նույն ախտորոշման դեպքում բուժման ռազմավարությունը կարող է էապես տարբերվել՝ կախված կնոջ տարիքից։

ASRM-ի համաձայն՝ անպտղության գնահատումը սովորաբար սկսվում է 12 ամիս անց, եթե կինը 35 տարեկանից փոքր է, 6 ամիս անց՝ 35 և ավելի տարեկանում, իսկ 40 տարեկանից հետո գնահատումն ավելի արագ սկսելը կարող է անհրաժեշտ լինել։ Հայտնի ռիսկի գործոնների առկայության դեպքում հետազոտությունը պետք է սկսել առանց սպասելու այս ժամանակահատվածներին։ Սա կարևոր է, քանի որ ժամանակը վերարտադրողական բժշկության մեջ նույնպես նշանակություն ունի։

«Անբացատրելի» չի նշանակում «անհույս»

Անբացատրելի անպտղության ախտորոշումը կարող է հոգեբանորեն ծանր լինել, քանի որ զույգը հաճախ սպասում է հստակ պատասխանի՝ «ինչո՞ւ չի ստացվում»։Սակայն բժշկական տեսանկյունից այս ախտորոշումը նշանակում է, որ հայտնի և ստանդարտ մեթոդներով հայտնաբերվող պատճառ չի գտնվել։ Դա չի նշանակում, որ հղիության հնարավորությունը բացակայում է։

Ժամանակակից վերարտադրողական բժշկության նպատակը ոչ թե անպայման նոր ու ավելի շատ հետազոտություններ նշանակելն է, այլ առկա տվյալների ամբողջական գնահատումը և տվյալ զույգի համար հիմնավորված բուժական ռազմավարության ընտրությունը։

views 1158
Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վերարտադրողական շրջան

Վաղաժամ ձվարանային անբավարարություն․ հնարավո՞ր է, որ 35 տարեկանում ձվարանների ֆունկցիան նվազի

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Վերարտադրողական շրջան

Վագինիզմ․ երբ սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ կամ անհնար

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վերարտադրողական շրջան

Հղիությունը 35 տարեկանից հետո․ ի՞նչ է փոխվում և ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը

Վերարտադրողական շրջան

Վահանաձև գեղձի խանգարումները և կնոջ վերարտադրողական առողջությունը