Փոխնակ (սուրագատ) մայրություն. ե՞լք, թե՞ փակուղի
Ինչպես վարվել, երբ կինը չունի արգանդ, կամ արտամարմնային բեղմնավորման հերթական փորձն անհաջողությամբ է ավարտվել: Ինչպես ասում են, յուրաքանչյուր իրավիճակից կա ելքի նվազագույնը երկու տարբերակ: Եթե երեխայի որդեգրումն ընտանիքի համար անընդունելի տարբերակ է, ապա միակ ելքը դառնում է փոխնակ մայրության ծրագրին դիմելը:
Օժանդակ վերարտադրողական այս տեխնոլոգիան բնույթով նման է արտամարմնային բեղմնավորմանը: Այս դեպքում ևս կնոջ ձվաբջիջը սերմնաբջջով բեղմնավորվում է համապատասխան անոթում և ստացված սաղմը տեղադրվում է ոչ թե տվյալ կնոջ, այլ մեկ ուրիշ՝ կենսաբանորեն օտար, առողջ կնոջ՝ փոխնակ մոր արգանդում, ով կարող է կրել այն, ծննդաբերել և երեխային հանձնել անպտուղ ծնողներին:
Փոխնակ մայրության ծրագրում ԱՄԲ կատարման ցուցումները
- Արգանդի բացակայություն (բնածին կամ ձեռքբերովի)
- Արգանդի խոռոչի կամ վզիկի դեֆորմացիաներ
- Հիվանդություններ,որոնց դեպքում հղիությունը հակացուցված է կամ անհնարին (սպառնում է կնոջ կյանքին)
- ԱՄԲ-ի բազմակի անհաջող փորձեր
Ո՞վ կարող է դառնալ փոխնակ մայր
Փոխնակ մայր կարող է դառնալ հոգեպես և ֆիզիկապես առողջ 18-35 տարեկան ցանկացած կին: Եթե պոտենցիալ փոխնակ մայրն ամուսնացած է, ապա անհրաժեշտ է նաև նրա ամուսնու գրավոր համաձայնությունը՝ հաստատված նոտարի կողմից:
Փոխնակ մայրության ծրագրի փուլերը
- Փոխնակ մոր հետազոտում
- ԱՄԲ-ի իրականացում
- Բժշկական պատրաստուկներ փոխնակ մոր համար
- Հղիության վերահսկում և պահպանում
Առաջին հայացքից այս ամենը շատ հեշտ է թվում: Այդ դեպքում փոխնակ մայրությունը, ի տարբերություն ԱՄԲ-ի, ինչո՞ւ չի դարձել վերարտադրողական խնդիրների ամենատարածված ու ընդունելի լուծումը: Պատճառներից մեկը բարոյաէթիկական գործոնն է: Փոխնակ մայրությանը դեմ անձինք կարծում են, որ դա երեխաների «վաճառք» է, կողմնակիցներն էլ պնդում են, որ դա անպտուղ զույգերի համար իսկապես երջանիկ դառնալու միակ եղանակն է:
Օրենսդրությամբ թույլատրվում է փոխնակ մայրությունն ինչպես դրամական փոխհատուցմամբ, այնպես էլ առանց վարձատրության: Այս ոլորտում առկա թերությունների պատճառով, սակայն, այն լայն տարածում չի գտնում, չնայած որ օրինական է, իսկ ծառայության բարձր վարձատրությունը տարաբնույթ խաբեությունների պատճառ է դառնում: Ընդ որում՝ կարող են տուժել երկու կողմերն էլ՝ և՛ կենսաբանական ծնողները, և՛ փոխնակ մայրը: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է դիմել այդ հարցում փորձառու փաստաբանի և մանրակրկտորեն կազմել պայմանագիրը: Դա էլ, սակայն, հաջողության երաշխիք չէ:
Որոգայթներ կենսաբանական ծնողների համար
Օրենքի համաձայն՝ երեխան չի կարող գործարքի առարկա դառնալ: Այդ պատճառով էլ չի կարելի համաձայնագրում նախատեսել երեխայի փոխանցումը փոխնակ մորից կենսաբանական ծնողներին, իսկ օրինական մայր համարվում է այն կինը, ով ծնունդ է տվել երեխային: Բացի այդ, երեխայի ծննդյան վկայականում կենսաբանական ծնողների անունները գրելու համար անհրաժեշտ է ՔԱԳԲ (ЗАГС) ներկայացնել փոխնակ մոր գրավոր համաձայնությունը: Պատահում է նաև այնպես, որ կենսաբանական ծնողների վերահսկողության բացակայության դեպքում փոխնակ մայրը, չհետևելով բժշկի ցուցումներին, ալկոհոլ, ծխախոտ և այլ վնասակար նյութեր է օգտագործում:
Որոգայթներ փոխնակ մոր համար
Հնարավոր է, որ փոխնակ մայրը ևս տհաճ անակնկալների հանդիպի: Օրինակ՝ օրենքը չի կարգավորում, թե ինչ պետք է անի հղի փոխնակ մայրը, եթե կենսաբանական ծնողները մահանան, հրաժարվեն նրա ծառայությունից կամ ամուսնալուծվեն, ու նրանցից ոչ ոք չցանկանա վերցնել երեխային: Բացի այդ, հայտնի է, որ ԱՄԲ-ի դեպքում պատահում է նաև բազմապտուղ հղիություն, իսկ ապագա ծնողները հնարավոր է, որ պատրաստ չլինեն դրան: Վերջիվերջո պատահում են դեպքեր, երբ երեխան առողջական լուրջ խնդիրներով է լույս աշխարհ գալիս, և կենսաբանական ծնողները հրաժարվում են նրան ընդունելուց:
Այս խնդիրները, սակայն, բոլորը չեն, որոնց կարող են բախվել փոխնակ մայրության ծրագրի մասնակիցները: Պետք է խորը մտածել նախքան երջանկության տանող այդ ճանապարհին ոտք դնելը: