Ինչպե՞ս է սկսվում ծննդաբերությունը

Ինչպե՞ս է սկսվում ծննդաբերությունը

Ծննդաբերությունը հաճախ սկսվում է կծկանքներից: Այդ արգանդի կանոնավոր կծկանքն է, ինչի շնորհիվ բացվում է արգանդի պարանոցը: Կինն այդ ժամանակ զգում է որովայնի պրկում, այնպիսի զգացում է, կարծես կծիկ է դառնում: Կծկանքը վայրկյաններ է տևում, այնուհետև արգանդը թուլանում է: Առաջին կծկանքները կարող են մինչև իսկ աննկատ մնալ այն պատճառով, որ ցավերով չեն ուղեկցվում կամ նվազ ցավոտ են:

Ծննդաբերության գործընթացի կանոնավոր զարգացման հետ կծկանքները սաստկանում են՝ ուղեկցվելով որովայնի ստորին հատվածների կամ գոտկաշրջանի ձգող բնույթի ցավով: Կծկանքն ավարտվելուն պես ցավն ամբողջովին վերանում է: Սկզբում այն մեղմ է, ընդմիջվում է 10-12 րոպե տևողությամբ: Աստիճանաբար կծկանքները հաճախանում են, սաստկանում, դառնում ավելի տևական, ուժգին, կրկնվում ամեն 3-5 րոպեն մեկ:

Պատահում է, որ կծկանքներն ի սկզբանե սկսվում են՝ կրկնվելով յուրաքանչյուր 5-6 րոպեն մեկ, թեև ոչ այնքան սաստիկ՝ հետագայում ուժգնանալու միտումով: Երբեմն կծկանքները հազվադեպ են լինում (20-30 րոպեն մեկ) կամ անկանոն: Դրանք ոչ թե ծննդաբերական կծկանքներ են, այլ ծննդաբերության նախանշաններ, որոնք ծննդաբերական ուղիները նախապատրաստում են ծննդաբերությանը: Եթե այդ ցավը ձեզ չի հոգնեցնում, կարող եք սպասել, չշտապել դեպի ծննդատուն: Հնարավոր է, որ այդ ամենը շուտով դադարի: Ավելի լավ է գնալ ծննդատուն, երբ կծկանքներն հաճախակիանում են՝ դառնալով 7-8 րոպեն մեկ:

Ամեն դեպքում տանն ավելի լավ է, սակայն եթե շատ հուզված եք և ինքնուրույն չեք կարողանում հաղթահարել ապրումները, ապա ավելի լավ է դիմել այն բժշկին, ով պետք է վարի ծննդաբերությունը: Նախածննդյան կծկանքները կարող են բավականաչափ երկար տևել (մեկ օր և ավելի), ցավոտ լինել ու հոգնեցնող՝ խանգարելով ծննդաբերության բնականոն ընթացքին:

Նման վիճակը մանկաբարձության մեջ կոչվում է ախտաբանական նախապատրաստական փուլ, այն պահանջում է մանկաբարձի խորհրդատվություն և համապատասխան բուժում: Ծննդաբերության սկզբի մեկ այլ տարբերակ է հարպտղային ջրերի վաղաժամ արտահոսքն ամբողջովին կամ փոքր չափաբաժիններով (դա կարող է դիտվել ծննդաբերության բոլոր դեպքերի 15%-ում):

Այդ ժամանակ արդեն հարկավոր չէ սպասել կծկանքների սկսվելուն, այլ անհապաղ պետք է ծննդատուն գնալ, որպեսզի բժիշկը հնարավորություն ունենա գնահատելու ծննդաբերական ուղիների և պտղի վիճակը, ինչպես նաև ծննդաբերությունը վարելու ճիշտ պլան մշակի:

Հաճախ պտղաջուրն անգույն է՝ սպիտակ, փոքրիկ փաթիլավորմամբ: Անհամեմատ հազվադեպ գույնը կանաչ կամ դեղին է լինում, ինչը չի կարելի բնականոն երևույթ համարել: Ըստ էության՝ դա պտղի ներարգանդային տառապանքի (թթվածնաքաղցի) վկայությունն է և ահազանգ, որպեսզի ծննդաբերության ընթացքում պտղի վիճակն ավելի ուշադրությամբ հսկվի: Մեծամասամբ արտահոսող ջրի քանակը բավականաչափ շատ է (մոտ 250-300 մլ), այսինքն՝ անհնար է այն չնկատել:

Եթե այդ պահին պառկած էիք, ապա անկողնու սպիտակեղենին մեծ բիծ կգոյանա, իսկ եթե կանգնած էիք, ապա հատակին փոքրիկ լճակ կառաջանա: Երբեմն պտղաջուրն արտահոսում է փոքր բաժիններով, ուստի մինչև իսկ դժվար է հասկանալ՝ ջո՞ւր է, թե՞ սովորական արտադրություն:

Հարկ է նշել, որ հղիության վերջում լորձային արտադրությունը որոշակիորեն ավելանում է և ջրիկանում: Արտադրության համար հատկանշական է այն, որ հոսում է առավոտյան, իսկ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում այլևս չի դիտվում: Սակայն երբ պտղաջուրն սկսում է հոսել, այլևս չի դադարում, այսինքն՝ միջադիրները կամ ներքնազգեստը մշտապես ներծծվում են (գուցե և քիչ քանակությամբ) հեղուկով: Եթե չեք կարողանում հերքել պտղաջրի արտահոսքը, ապա ճիշտ կանեք ներկայանալ ծննդատան բժշկին, ով ստույգ կորոշի՝ պտղաջո՞ւրն է արտահոսում, թե՞ պարզապես արտադրությունն է շատացել:

Գոյություն ունեն առաջիկա ծննդաբերությունը կանխորոշող նախանշաններ, որոնք վկայում են ծննդաբերությանը պատրաստ լինելու մասին: Այդ նշաններն են՝

  • «որովայնի իջեցումը» փոքր կոնքամուտքում պտղի գլխիկի ներդրման և արգանդի ստորին հատվածի ձգման հաշվին, երբ արգանդի վերևի մասն այդ ժամանակ փոքր-ինչ առաջ է հակվում՝ թեթևացնելով շնչառությունը,
  • պորտի արտափքումը,
  • պտղի շարժի նվազումը,
  • որովայնի ստորին մասերում և գոտկաշրջանում ձգող բնույթի, երբեմն նքոցանման ցավը,
  • մարմնի զանգվածի անկումը երբեմն 1-2 կգ-ով,
  • լորձային խցանի արտանկումը:

Լորձային խցանի արտանկումը ամենևին էլ ծննդաբերության սկզբի անվերապահ վկայություն չէ: Լորձային խցանը թանձր, թափանցիկ, քիչ դեղնավուն լորձի տեսք ունի՝ հաճախ արյան խառնուրդով: Չարժե դրանից վախենալ և փութով ծննդատուն շտապել: Լորձային խցանը կարող է ընկնել ծննդաբերությունից 1-2 շաբաթ առաջ, իսկ երբեմն այն արտանկում է արդեն ծննդաբերությունն սկսվելուց հետո:

Անհապաղ պետք է ծննդատուն գնալ այն դեպքում, երբ սեռական ուղիներից արյունային արտադրություն է դիտվում: Դա կարող է լուրջ բարդությունների հանգեցնել և բժշկական զննում ու հսկողություն է պահանջում:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…