Ե՞րբ դիմել գինեկոլոգին
Գինեկոլոգ մասնագետի մասին գիտեն բոլոր կանայք. չէ՞ որ նա բացառապես կանանց բժիշկ է, ում աշխատանքն ուղղված է կանանց սեռական օրգանների պաթոֆիզիոլոգիայի և ֆիզիոլոգիայի հարցերի ուսումնասիրմանը, գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Կանայք գինեկոլոգին են դիմում տարբեր պատճառներով:
Ո՞ր խնդիրները կօգնի լուծել գինեկոլոգը
Գինեկոլոգի օգնությամբ լուծվող խնդիրները տարբեր են: Բժիշկը զննում է այցելուին, հետազոտման նյութ է վերցնում, ՈւՁՀ է անցկացնում, խորհուրդներ տալիս և խնդրի առկայության դեպքում առաջարկում համապատասխան բուժում: Եթե անհասկանալի կամ տհաճ զգացողություններ ունեք, ցիկլի խանգարում, անսովոր արտադրություն, պետք է դիմել բժշկի: Հղիություն եք նախատեսում, բուժվում եք անպտղությունից, հղի եք, բեղմնականխման մեթոդների կամ վարակներից պաշտպանվելու միջոցների մասին եք ցանկանում տեղեկանալ` կրկին պետք է դիմել գինեկոլոգի:
Կնոջ վերարտադրողական համակարգի հիվանդությունների ճիշտ ժամանակին հայտնաբերումից և բուժումից է կախված նրա ամբողջ օրգանիզմի առողջությունը:
Ե՞րբ այցելել գինեկոլոգի
Տարվա մեջ 1-2 անգամ պետք է պրոֆիլակտիկ բուժզննման նպատակով (անգամ ոչ բացահայտ գանգատների դեպքում) դիմել բժշկի: Հասարակ զննությունը, անհրաժեշտության դեպքում կատարվող ՈւՁՀ-ն և կոլպոսկոպիան կօգնեն կանխարգելել մի շարք հիվանդություններ կամ հայտնաբերել դրանք զարգացման վաղ փուլում և ժամանակին բուժել:
Հարկավոր է դիմել գինեկոլոգի նաև հետևյալ դեպքերում՝
- եթե դաշտանը ցավոտ է, առատ և երկարատև (7 օրից ավել),
- դաշտանն անկանոն է,
- դաշտանը չափազանց կարճատև է,
- միջդաշտանային արնահոսություն կա,
- դաշտանին նախորդող օրերի ընթացքում որովայնի ստորին հատվածում ցավ եք զգում, դեպրեսիա, թուլություն, դյուրագրգռություն եք նկատում,
- սեռական օրգանների այրոց և քոր ունեք,
- տհաճ հոտ և անսովոր արտադրություն եք նկատում,
- սեռական շուրթերի շրջանում գրգռվածություն, ցան, գոյացություններ, կոշտացում եք նկատում,
- ցավ եք զգում սեռական հարաբերության ընթացքում կամ հետո,
- արյունահոսություն կամ քսվող արյունային արտադրություն եք նկատում սեռական հարաբերությունից հետո,
- նորահայտ ցավ եք զգում որովայնի ստորին հատվածում,
- եթե պատրաստվում եք սեռական կյանքով ապրել,
- բեղմնավորման հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել,
- դաշտանն ուշանում է,
- հղի եք կամ հղիության կասկած ունեք,
- միզարձակման ընթացքում այրոց և սուր ցավ եք զգում, մեզում արյուն եք նկատում,
- պատրաստվում եք հղիանալ,
- ցանկանում եք բեղմնականխման մեթոդ ընտրել,
- փոփոխություններ կրծքագեղձերում (պտուկներից եկող արտադրություն, դրանց դեֆորմացիա, ցավ, կոշտացում և այլն),
- եթե որովայնի ստորին հատվածում սուր, մղկտացող ցավ ունեք՝ ուղեկցվող ջերմության բարձրացմամբ, գիտակցության կորստով,
- ցավն ու ջերմության բարձրացումն ի հայտ են եկել հղիության ընդհատումից կամ այլ միջամտությունից հետո,
- հղիության ընթացքում ցավեր և արնահոսություն ունեք։
Ինչպե՞ս նախապատրաստվել այցելությանը
Որպեսզի գինեկոլոգին այցն անցնի առանց ավելորդ հուզմունքի և վստահության մթնոլորտում, պետք է գտնել ձեր մշտական բժշկին: Եթե առաջին անգամ եք այցելում տվյալ բժշկին, պետք չէ անհանգստանալ: Պատրաստ եղեք բժշկի մի շարք հարցերին պատասխանելուն: Առաջին դաշտանի սկիզբը, վերջին դաշտանի օրը, դաշտանային արտադրության բնույթն ու տևողությունը, սեռական կյանքի սկիզբը, սեռական զուգընկերների քանակը, բեղմնականխման մեթոդը, տարած և առկա հիվանդությունները, հղիությունները, ծննդաբերությունները և աբորտները. բժիշկը կարող է հարցնել այս ամենի մասին, որպեսզի կարողանա հասկանալ ձեր օրգանիզմի առանձնահատկությունները:
Կանխարգելիչ նպատակով բուժզննման նախընտրելի է գնալ ցիկլի առաջին փուլում, դաշտանից հետո 8-12-րդ օրը: Այցին նախորդող 2-3 օրերին պետք է հրաժարվել հեշտոցային մոմիկների և հաբերի օգտագործումից, ցնցուղումից և սեռական կյանքից:
Եթե հիվանդ եք և հակաբիոտիկներ կամ հակավիրուսային դեղեր եք օգտագործում, հայտնեք բժշկին այդ մասին. դեղերը կարող են խեղաթյուրել անալիզների արդյունքները:
Այցից առաջ պետք չէ չափից շատ ջանալ հիգիենայի հարցում: Բավական է միայն լոգանք ընդունելը, պետք չէ հեշտոցի լվացում կատարել, քանի որ միկրոֆլորայի քսուքի հետազոտության արդյունքը կխեղաթյուրվի:
Այցին գրանցվելիս հարցրեք, թե կոնկրետ ինչպես է պետք նախապատրաստվել. լի, թե դատարկված միզապարկ, եթե արյան անալիզ պետք է հանձնվի, գնալ քաղցած, թե ոչ և այլն: