Արտարգանդային հղիություն

Արտարգանդային հղիություն

Թեստի դրական արդյունքներ, հղիության նախանշաններ, բայց ՈՒՁՀ-ով սաղմը չի երևում, իսկ որովայնի ներքևի հատվածում առկա է ցավ և հնարավոր է նաև անսովոր արյունային արտադրության առկայություն: Այսպես մի քանի բառով կարելի է նկարագրել արտարգանդային հղիության ախտանշանները: Հղիության միայն 1-2% է այս սցենարն ունենում և անվանվում է արտարգանդային, քանի որ սաղմն ամրացել է ոչ արգանդում: Հայտնի է, որ նորմալ հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջը զարգանում է արգանդի խոռոչում: Արտարգանդային հղիության դեպքում, սակայն, ձվաբջջիջը գտնվում է արգանդի խոռոչից դուրս: Առավել հաճախ դա լինում է արգանդափողը, բայց հանդիպում են և հազվադեպ դեպքեր, երբ արտարգանդային հղիությունը զարգանում է որովայնի խոռոչում, ձվարանում կամ անգամ արգանդի վզիկիկում կամ ցերվիկալ օղում:

Նախանշաններն ու ախտանշանները

Արտարգանդային հղիության ամենատարածված ձևը փողայինն է (98% -ը): Ընդ որում` սաղմի իմպալնտացիան տեղի է ունենում ոչ թե արգանդի խոռոչում, այլ արգանդափողում: Անկախ ձևից` արտարգանդային հղիությունն ուղեկցվում է նորմալ հղիության բոլոր նախանշաններով.

  •  Դաշտանադադար 
  •  Կաթնագեղձերի մեծացում 
  •  Սրտխառնոց, համի և հոտի զգայությունների փոփոխություններ

Այս նախանշանների հետ միասին արտարգանդային հղիության ժամանակ հաճախ առաջանում են օր օրի ուժեղացող ցավեր և ծակոցներ որովայնի ներքևի հատվածում, ինչպես նաև երբեմն կարող են լինել կամ շագանակագույն կամ արյունային արտադրություններ, որոնք չի կարելի շփոթել դաշտանի հետ: Փողում զարգացող սաղմը, ցավոք սրտի, շանսեր չի կարող ունենալ: Արգանդափողը չի կարող փոխարինել արգանդին, փողը չի կարող ձգվել այնպես, ինչպես արգանդն է ձգվում երեխայի աճին զուգընթաց:

Արտարգանդային հղիության ժամանակ մարդու խորիոնիկ գոնադոտրոպինը (ՄԽԳ)

Շատերը հարցնում են. «Հնարավո՞ր է որոշել արտարգանդային հղիությունը ՄԽԳ հորմոնի դինամիկայով»: Ցավոք, պատասխանը բացասական է: Եթե ուշադիր եք կարդացել վերոնշյալը, ապա դուք արդեն հասկացել եք, որ նման հղիությունը նորմալից տարբերվում է միայն կնոջ օրգանիզմում տեղակայման սխալ վայրով: ՄԽԳ-ն, ընդ որում, նորմալ կզարգանա այնքան ժամանակ, մինչև նման հղիությունն ընդհատվի կամ օպերատիվ տարբերակով հեռացվի:

Ինչպես որոշել արտարգանդային հղիությունը

Բացահայտել և ախտորոշել արտարգանդային հղիությունը հնարավոր է ՈՒՁՀ-ի և որոշակի կլինիկայի պայմաններում: Եթե հղիության թեստի պատասխանը դրական է, ապա բժիշկ-գինեկոլոգն արգանդի խոռոչում կփնտրի սաղմը: Եթե այնտեղ չգտնի, ապա կսկսի փնտրել արգանդի փողերում, ձվարաններում, արգանդի վզիկում և որովայնի խոռոչում: Բժիշկը հատկապես պետք է ուշադիր լինի, եթե ձեզ մոտ կան արտարգանդային հղիությանը բնորոշ նշաններ` արտադրություն և որովայնի ներքևի հատվածում ուժեղացող ցավեր և այլն:

Հետազոտությունը հետաձգել չի կարելի, արտարգանդային հղիության առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմել բժիշկ-գինեկոլոգի: Ինքնախտորոշումը կամ առավել ևս ինքնաբուժումը անհնար են:

Հղիության որ փուլում է հնարավոր տեսնել արտարգանդային հղիությունը

Այսպիսի հղիության նշաններ հնարավոր է տեսնել արդեն 4-5 շաբաթականում: Անգամ եթե չի հաջողվում տեսնել հենց սաղմը, ապա բժշկին պետք է անհանգստացնի փողերի կոշտացումը, արգանդի` հղիության նշյալ փուլին չհամապատասխանող չափը և այլն: Իսկ սկսած հղիության 6-րդ շաբաթից՝ ՈԻՁՀ-ով արդեն պարզ երևում է և հենց պտուղը: 

«Արտարգանդային հղիություն» ախտորոշմամբ կանանց մեծ մասի անամնեզում հանդիպում են վիրաբուժական վիրահատություններ որովայնի խոռոչում: Արգանդային փողերի անանցանելիությունը բորբոքումից հետո կամ վարակները, չբուժված էնդոմետրոզը նույնպես կարող են ազդել հղիության սխալ ընթացքի (իմպլանտացիայի) վրա: Վերջին ժամանակներս բժիշկները միտված են այն բանին, որ էստրոգեն հորմոնի անբավարարությունը բացասաբար է ազդում արգանդային փողերի անցանելիության վրա:

Կանխորոշել կամ կանխարգելել արտարգանդային հղիությունը հնարավոր չէ: Եթե դուք ռիսկային խմբում եք, հարկավոր է ուշադիր հետևել հղիության ընթացքին վաղ շրջանում: Նախնական ախտորոշումը, ճիշտ ժամանակին միջամտությունը և հոգեբանական աջակցությունն այն բաղադրամասերն են, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այս ախտորոշումը: Ինչքան էլ դաժան լինի այն, դա վերջը չէ, դուք դեռ ունեք հետագայում հաջող հղիություն ունենալու հնարավորություն:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար