Էնդոմետրիոզ
Էնդոմետրիոզը հորմոնային խանգարումներով, ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված, իմունակախյալ հիվանդություն է, որին հատուկ է բջջային ակտիվությամբ օժտված էկտոպիկ (արգանդի լորձաթաղանթի արտատեղակայում) էնդոմետրիումը և դրա գերաճը: Վերարտադրողական տարիքի կանանց շրջանում հանդիպող գինեկոլոգիական հիվանդությունների շարքում էնդոմետրիոզի տեսակարար կշիռն աճում է: Թանկարժեք և ոչ այնքան արդյունավետ բուժումը, վերարտադրողական տարիքի կանանց շրջանում բարձր հիվանդացությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու գերհույզերը պայմանավորում են էնդոմետրիոզի արդիականությունը:
Էնդոմետրիոզի համաճարակաբանությունը
Էնդոմետրիոզը հանդիպում է ամեն տարիքում: Էնդոմետրիոզով տառապում է կանանց մինչև 10%-ը: Առավել հաճախ դիտվում է սեռական օրգանների (գենիտալ) էնդոմետրիոզ, հիվանդների 6- 8%-ի շրջանում հայտնաբերում են էնդոմետրիոզի արտասեռական ձևերը: Լապարասկոպիայի տվյալները հավաստում են, որ բազմածին կանանց, իրենց կամքով ամլացման ենթարկված անձանց շրջանում արտաքին էնդոմետրիոզը բացակայում է կամ, ծայրահեղ դեպքում, խիստ հազվադեպ է հանդիպում:
Էնդոմետրիոզի կանխարգելումը
Էնդոմետրիոզի կանխարգելման եղանակները ամբողջովին մշակված չեն: Քննարկվում են վերարտադրողական իրականացված գործառույթի դերը, դեռահասների դաշտանային ցիկլի խանգարումների կանխարգելումն ու ժամանակին բուժումը, սակայն ապացուցողական բժշկության տեսանկյունից հավաստի ապացույցները խիստ աղքատիկ են: Էնդոմետրիոզի զարգացման հավանականությունը նվազում է ամլացման նպատակով կատարված արգանդափողերը կապելուց հետո, հնարավոր է` ի հաշիվ դաշտանային արյան հետհոսքի բացակայության: Արգանդի էնդոմետրիոզի հաճախականությունը կարելի է նվազեցնել գործիքներով իրականացվող վիժումների կանխարգելմամբ, ախտորոշիչ քերումների, հիստերոսալպինգոգրաֆիայի և ներարգանդային այլ վտանգավոր միջամտությունների հաճախականության նվազեցմամբ:
Սկրինինգը
Էնդոմետրիոզի համար սկրինինգ մշակված չէ: Որոշ հեղինակներ ընդունում են, որ խորացված հետազոտության ենթակա են բոլոր այն կանայք, ովքեր տառապում են կոնքի կայուն ցավային համախտանիշով, անպտղությամբ, ձվարանի կրկնվող կիստաներով, դաշտանի խանգարումներով: Կարելի է հետազոտել ուռուցքային մարկերների (մանավանդ СА125) մակարդակը, սակայն դրանց բարձրացումը բնորոշ չէ:
Տեսակները
Ավանդական գենիտալ էնդոմետրիոզը լինում է արտաքին (արգանդից դուրս) և ներքին (արգանդի ներսում) տեղակայման: Արտաքին էնդոմետրիոզին են դասվում ձվարանների, արգանդափողերի, կոնքային որովայնամզի, հեշտոց-ուղիղաղիքային միջնապատի և հեշտոցի էնդոմետրիոզը: Ներքին էնդոմետրիոզ համարվում է արգանդի ներսում եղած ախտահարումը (ադենոմիոզ): Արտագենիտալ էնդոմետրիոզն իր տեղակայմամբ կապված չէ սեռական օրգանների հետ և կարող է ախտահարել ամեն օրգան ու հյուսվածք, սակայն արտագենիտալ էնդոմետրիոզի որոշ նկարագրությունների հավաստիությունը դեռևս վիճահարույց է: Ախտորոշման և բուժման ներվիրաբուժական եղանակները հնարավորություն են ընձեռում բացահայտել արտագենիտալ էնդոմետրիոզի փոքր ձևերը, երբ օջախի տրամագիծը 5մմ-ը չի գերազանցում, բայց որովայնամզում կան սպիական փոփոխություններ: Գործընթացի արտահայտվածության և կլինիկական պատկերի համապատասխանություն չի դիտվում:
Կախված էնդոմետրիանման հետերոտոպիաների տեղակայումից` տարբերում են գենիտալ էնդոմետրիոզ և արտագենիտալ:
Ենթադրվում է, որ էնդոմետրիումը որովայնի խոռոչ ընկնելու մեխանիզմը վճռական նշանակություն չունի, քանզի դաշտանային արյան հետհոսքը տարբեր հետազոտությունների տվյալներով դիտվում է նաև առողջ կանանց 15–20%-ի շրջանում: Ապացուցված է իմունընկճման փաստը` բնածին քիլերների ընկճման հաշվին և անոթային էնդոթելի աճման գործոնի ու մետաղապրոտեինազների խտության կտրուկ բարձրացումը, ինչը խաթարում է էնդոմետրիանման հետերոտոպիաներում արտաբջջային մատրիքսը:
Էնդոմետրիոզի օջախներում ընկճված է ապոպտոզը, բարձացած է արոմատազների խտությունը, որոնք ավելացնում են էստրադիոլի նախորդ ածանցյալների ձևափոխությունն էստրադիոլի: Հնարավոր է, որ այդ բոլոր մեխանիզմներն իրականացվում են ժառանգական նախատրամադրվածության ֆոնում: ԱՆպտղության պատճառն Էնդոմետրիոզի դեպքում կարող է լինել չձվազատված ֆոլիկուլի լյուտեինացման համախտանիշը, որովայնամզային մակրոֆագերի կողմից սպերմայի ֆագոցիտոզը, լյուտեոլիզը: Անպտղության պատճառն Էնդոմետրիոզի դեպքում պարզված չէ:
Էնդոմետրիոզի կլինիկական պատկերը
էնդոմետրիոզի տարբեր ձևերի ժամանակ կլինիկական պատկերն սկզբունքորեն տարբեր է: Կոնքային որովայնամզի, ձվարանների, արգանդափողերի, հեշտոց-ուղիղաղիքային միջնապատի էնդոմետրիոզի դեպքում հիմնական գանգատը կոնքի մշտական ցավն է, որը չի անցնում անհիմն անցկացրած հակաբորբոքային ու հակաբիոտիկային բուժումից, սաստկանում է սեռական հարաբերության և դաշտանի ժամանակ` հաճախ կնոջը դարձնելով անաշխատունակ:
Սեռական հարաբերությանն ուղեկցող ցավերի պատճառով կնոջն ստիպում են խուսափել սեռական կյանքով ապրելուց: Ոմանք կարող են միզարձակության խանգարումներ ունենալ, բայց լապարասկոպիայի ժամանակ բացահայտվում է կոնքի որովայնամզի, ոչ թե միզապարկի էնդոմետրիոզ: Էնդոմետրիոզի օջախների արմատական հեռացումը կարող է ավարտվել լիարժեք ապաքինմամբ:
Հեշտոց-ուղիղաղիքային միջնապատի էնդոմետրիոզը կարող է աճել դեպի հեշտոցի հետին պատը, որը երևում է հայելիներով զննելիս՝ կապտավուն օջախների տեսքով: Էնդոմետրիոզին հատուկ նշան է անպտղությունը: Փոքր ձևերի դեպքում կլինիկական որևէ այլ դրսևորում կարող է և չլինել: Արգանդի Էնդոմետրիոզը դրսևորում է հիմնականում դաշտանային ցիկլի խանգարումներով` մասնավորապես հաճախակի ու առատ դաշտաններով, որոնք հիվանդի սակավարյունության պատճառ կարող են լինել:
Հիվանդների 40%-ի շրջանում հայտնաբերվում է էնդոմետրիումի գերաճ: Հնարավոր են միջդաշտանային արյունահոսություններ: Սեռական հարաբերության ժամանակ դիտվող արյունը արգանդի պարանոցի Էնդոմետրիոզի նշան է:
Արտագենիտալ ձևերն արտահայտվում են արյունախխմամբ, որովայնի խոռոչի կպումային հիվանդությամբ, պորտից, միզապարկից, ուղիղ աղիքից եկող արյունային արտադրությամբ` մանավանդ նախադաշտանային փուլում:
Էնդոմետրիոզի ախտորոշումը
Անամնեզ։ Ձվարանի ուռուցքով հիվանդի ընտանեկան անամնեզը հավաքելիս հատուկ ուշադրություն պետք է դարձնել հարազատների շրջանում էնդոմետրիոզի առկայությանը: Հիվանդից պետք է մանրակրկիտ անամնեզ հավաքել սեռական կյանքի վերաբերյալ` հատուկ ուշադրություն դարձնելով ապարդյուն բուժված «բորբոքումներին»:
Լաբորատոր հետազոտություններ
Յուրահատուկ լաբորատոր ախտորոշում մշակված չէ:
Գործիքային հետազոտություններ
Ռենտգենաբանական եղանակներ։ Ադենոմիոզի ախտորոշման գործում հիստերոգրաֆիան չի կորցրել իր արդիականությունը: Հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 5-7-րդ օրը` ջրալույծ հակադրիչով: Ռենտգենյան պատկերում երևում են ուրվագծերից դուրս ստվերներ: Համակարգչային շերտագրումը որոշակի տեղեկություն է տալիս` ախտահարման սահմանները պարզելու իմաստով: Արդի պատկերացումներով էնդոմետրիոզի ախտորոշման դեպքում ՄՌՇ-ն մեծ օժանդակություն կարող է ցուցաբերել:
Ախտորոշման ժամանակ լայնորեն օգտվում են ՈւՁՀ-ից: Ձվարանի էնդոմետրիումային բշտերի համար մշակված են հստակ չափանիշներ: Դրանց հատուկ է կարծր պատյանը, 10-12 սմ չափը, հիպերէխոգեն պարունակությունը` մանրդիսպերսային կախույթի տեսքով: Արգանդի էնդոմետրիոզի ժամանակ հայտնաբերում են միոմետրիումում (մկանային շերտում) բարձր էխոգենության տեղամասեր, միոէնդոմետրիումի սահմանների անհամաչափություն ու ատամնավորվածություն, մինչև 5 մմ տրամագծով կլոր, ոչ էխոգեն ներառումներ, հանգուցավոր ձևի դեպքում` մինչև 30 մմ տրամագծով հեղուկի պարունակությամբ խոռոչներ:
Էնդոսկոպիկ հետազոտություններ
Կոլպոսկոպիան հնարավորություն է ընձեռում ճշգրտորեն ախտորոշել արգանդի պարանոցի էնդոմետրիոզը: Հիստերոսկոպիայի օգնությամբ հստակեցնում են էնդոմետրիոիդ ուղիները, պատերի կոպիտ ուրվագծերը` խորդուբորդությունների տեսքով: Լապարասկոպիան ախտորոշիչ եղանակներից վաղուց արդեն վերածվել է վիրաբուժական մուտքի ձևի, սակայն մասամբ որովայնամզի էնդոմետրիոզի վերջնական ախտորոշումը հնարավոր է միայն վիրահատման ժամանակ`որոշելով ռազմավարությունը:
Արտաքին էնդոմետրիոզի վերջնական ախտորոշումը դրվում է սովորաբար թե՛ ախտորոշիչ, թե՛ բուժիչ նպատակով կատարվող լապարասկոպիայի ժամանակ, այսինքն` վերածվում է վիրահատական մուտքի եղանակի: Ստամոքսաղիքային էնդոմետրիոզի դեպքում դժվար է գերագնահատել գաստրոսկոպիայի և կոլոնոսկոպիայի նշանակությունը:
Էնդոմետրիոզի բուժումը
Բուժման նպատակները։ Վերարտադրողական տարիքում բուժման նպատակը վերարտադրողական գործառույթի վերականգնումն է, նախա և հետդաշտանադադարային շրջանում` ախտահարված հյուսվածքի արմատական հեռացումը, կյանքի որակի բարելավումը:
Էնդոմետրիոզի բուժման եղանակները։ 1. Դեղորայքային (թույլատրվում է նշանակել ներքին ընդունման զուգորդված հակաբեղմնավորիչներ` ՆԶՀ, հնարավոր է նաև հորմոնային պարունակությամբ ներարգանդային, ինչպես նաև հակագոնադոտրոպինային հակաբեղմնավորիչների, օրինակ` դանազոլի կիրառումը):
2. Վիրաբուժական (էնդոմետրիումային հետերոտոպիաների այրում կամ հեռացում, էնդոմետրիոիդ կիստաների հեռացում):