Սեռական կյանքը երեխայի ծնունդից հետո

Սեռական կյանքը երեխայի ծնունդից հետո

Սպասված երեխայի ծնունդից հետո կինը և տղամարդը ոտք են դնում հարաբերությունների մի նոր փուլ: Շատ հաճախ սեռական կյանքը հիմնովին փոխվում է:

Երբ է կարելի ծննդաբերությունից հետո վերսկսել սեռական կյանքը

Խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ սեռական հարաբերությունից ծննդաբերությունից հետո միջինում 4-6 շաբաթ: Հետծննդաբերական շրջանում կնոջ օրգանիզմը դեռևս թույլ է և մեծ է բորբոքման և լորձաթաղանթի չապաքինված հատվածներով վարակի ներթափանցման վտանգը:

Կարելի է վերսկսել սեռական կյանքը, եթե՝

- արգանդը կրճատվել է, և հետծննդաբերական արնահոսությունը դադարել,
- ապաքինվել են հեշտոցի և վզիկի կարերը (եթե պատռվածքներ եք ունեցել),
- ապաքինվել են արտաքին կարերն ու շեքինը (եթե ունեցել եք արտաքին պատռվածքներ և էպիզիոտոմիա՝ շեքահատում)։
 

Սեռական կյանքի վերսկսման հուզական և ֆիզիոլոգիական կողմը

Ծննդաբերությունից հետո ձեր զույգը համալրվում է երրորդ անձով: Կինը հղիության ավարտից հետո առաջին 9 ամիսների ընթացքում պահպանում է նորածնի հետ հուզական և ֆիզիկական սերտ կապը: Հորմոնների մակարդակը չի տրամադրում բուռն և ակտիվ սեռական կյանքի: Երեխայի կողքին անցկացրած անքուն գիշերները կարող են ֆիզիկապես հյուծել ամուսիններին:

Սովորաբար ծննդաբերությունից հետո առաջին սեռական հարաբերությունն առանձնապես հաճույք չի պատճառում կնոջը: Հաճախ նրան թվում է, թե բժիշկն «այնտեղ» չափից շատ կարեր է դրել, սակայն այսպիսի զգացում ունենում են նույնիսկ այն կանայք, ովքեր ծննդաբերել են կեսարյան հատմամբ: Դա պայմանավորված է հեշտոցում խոնավության նվազմամբ: Հնարավոր է, որ կինն այրոց և ցավ զգա սեռական հարաբերության ընթացքում:

Հաճախ սիրով զբաղվելու զույգի փորձը ձախողվում է: Սարսափելի ոչինչ չկա. չէ՞ որ սերը և՛ գրկախառնություններ է, և՛ համբույրներ, և՛ պարզապես առանձնության մեջ միասին անցկացրած ժամանակ: Այսպիսի իրավիճակներում օգտակար կլինի, եթե երկարաձգեք սիրախաղը, չշտապեք և չվախենաք: Դեղատնից ջրի հիման վրա պատրաստված խոնավացնող միջոցներ գնեք, որպեսզի մեծացնեք հեշտոցի խոնավությունը և բարելավեք զգացողությունները:

Շատ կանայք նշում են, որ իրենց օգնել են Կեգելի վարժությունները, որոնք մարզում են կոնքի հատակի մկանները: Զույգը կարող է տարբեր դիրքեր փորձել, եթե սովորական դիրքերն անհարմարություն են առաջացնում: Հիշեք, որ հաճախ ծննդաբերությունից հետո կնոջ՝ սեռական հարաբերությունից ստացած զգացողություններն ավելի ուժգին են և ավելի հաճելի, առաջացած անհարմարությունները ժամանակավոր են և պայմանավորված են ձեր նոր դերով՝ ծնողի սոցիալական դերով: Երբեմն տհաճ զգացողությունները պայմանավորված են լինում կրծքով կերակրման շրջանում հորմոնների փոփոխություններով և անցնում են 6-12 ամիս անց:

Խորհուրդներ

Փորձեք սիրով զբաղվել այլ սենյակում: Այդպիսով ձեր ուշադրությունը չի շեղվի երեխայի կողմը, և անհարմար իրավիճակ չի ստեղծվի, երբ ամենահետաքրքիր պահին երեխան արթնանա: 

Փոքրիկը կարծես ներհայեցողությամբ զգում է, թե ինչ է կատարվում ննջարանում, և անգամ ամենահանգիստ քնող երեխաները կարող են արթնանալ և շեղել ծնողներին հաճելի զգացումներից:

Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են արթնանալ անհասկանալի ձայներից, հնարավոր է, որ վախենան տեսածից: Իհարկե, եթե ձեր երեխան 2-3 ամսական է, դժվար թե նա որևէ բան լսի, տեսնի կամ, առավել ևս, հասկանա, եթե անգամ արթնանա: Այդուհանդերձ լավ կլինի, եթե ի սկզբանե վարժվեք ընտանիքի երրորդ անդամի նկատմամբ էթիկայի կանոններին: Նա պարտավոր չէ վկա լինել ձեր ինտիմ հարաբերություններին: Պատկերացրեք, որ նրա փոխարեն ձեր բարեկամներից մեկն է և վարվեք այնպես, ինչպես կվարվեիք նրանց ներկայության դեպքում:

Հրաշալի կլինի, եթե կարողանաք առանձնանալ այլ սենյակում՝ փոքրիկին քնած թողնելով ռադիոդայակի հետ: Կան ծնողներ, ովքեր իրենց թույլ չեն տալիս առանձնանալ, իսկ երեխայի անկողինն անմիջապես իրենց կողքին է: Այսպիսի դեպքերում կարող եք հատակին ժամանակավոր, ծալովի ներքնակ փռել, կամ էլ սենյակում պատվարով բաժանել ձեր և երեխայի տարածքը: Եթե փոքրիկն սկսում է ինքնուրույն վեր կենալ մահճակալից, կարող եք «ազդանշան» դնել՝ քամու ձայն հանող զանգակների տեսքով:

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար