Լապարասկոպիա

25.02.201411715

Լապարասկոպիան (որովայնի խոռոչի դիտումը) վիրահատություն է, երբ որովայնի պատին երեք փոքրիկ անցք է բացվում (պորտի մակարդակին և քիչ վար՝ երկու կողքին), որոնցից մեկով ներս է մտցվում տեսախցիկը՝ պատկերները մոնիտորի էկրանին արտացոլելու համար, իսկ մյուս երկուսով՝ վիրահատման համար անհրաժեշտ գործիքները: Որովայնի պատը վեր բարձրացներլու և որովայնը փքելու համար համար (որպեսզի այն միջամտությանը չխանգարի) որովայնի մեջ գազ է ներմուծվում:

Լապարասկոպիան կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Լապարասկոպիայի արժեքը լավ զննումն է և քիչ վնասը (այն վիրահատման համեմատ, որն արվում է որովայնի վրա կամ հեշտոցում կտրվածք անելով):

Ցուցումները

Լապարասկոպիան արդի պայմաններում գինեկոլոգիական շատ հիվանդությունների դեպքում է կիրառվում:

Լապարոսկոպիայի ցուցումները

  • Հորմոնային խանգարումների դեպքում կինն ուղարկվում է լապարասկոպիայի 1-2 տարվա ապարդյուն բուժումից հետո: Կանոնավոր դաշտանային ցիկլերի պարագայում լապարասկոպիայով կնոջ անպտղության օրգանական շեղումներ հայտնաբերվում են դեպքերի 75%-ում:
  • Կոնքի քրոնիկական ցավերի դեպքում, եթե կա էնդոմետրիոզի կասկած:
  • Ձվարանի ուռուցքներ (ձվարանի կիստաներն արդի պայմաններում հենց լապարասկոպիայի միջոցով են հեռացնում): 
  • Ձվարանի պոլիկիստոզի համախտանիշ, հորմոնների ապարդյուն կիրառումից հետո:
  • Արգանդի հավելումների կամ որովայնամզի էնդոմետրիոզ:
  • Արգանդի միոմա (սովորաբար լապարասկոպիայով հեռացվում են փոքր միոմաների հանգույցները, որոնք տեղակայված են արգանդի մակերեսին):
  • Վիրահատական կամավոր ամլացումը (արգանդափողերի կապում):
  • Էնդոմետրիոզի բուժում:

Արտակարգ իրավիճակներում լապարասկոպիան կատարվում է արտարգանդային հղիության, ձվարանների ոլորման կամ արյունազեղման (պատռվածքի) դեպքում՝ ներքին արյունահոսությամբ, երբեմն լապարոսկոպիայի են դիմում արգանդի հավելումների և փոքր կոնքի թարախային բորբոքային հիվանդություններից հետո (երբ 24-48 ժամվա հակամանրէային բուժումն արդյունք չի տալիս):

Հակացուցումները

Բացարձակ հակացուցումներ։ Լապարասկոպիայի համար բացարձակ հակացուցումներ են սրտանոթային ու շնչառական համակարգի հիվանդությունները՝ ապափոխհատուցման (դեկոմպենսացման) փուլում, շոկային և կոմատոզ (թմբիրային) վիճակները, ծայրահեղ հյուծվածությունը, արյան մակարդելիության համակարգի խանգարումները, որովայնի առաջային պատի կամ ստոծանու ճողվածքները:

Պլանային վիրահատության համար հակացուցումներ են վիրահատությունից մինչև 1 ամիս առաջ տարած սուր վարակիչ հիվանդությունները, կլինիկալաբորատոր հետազոտությունների տվյալներում առկա շեղումները (սովորաբար նման դեպքերում հիվանդին ուղղորդում են թերապևտի մոտ՝ վիրահատության իրականացման հնարավորության հարցը որոշելու կամ անհրաժեշտ լրացուցիչ հետազոտման նպատակով), հաճախակի սրացումներով բրոնխային ասթման, բարձր թվերով զարկերակային գերճնշումը:

Լապարասկոպիայի հնարավոր բարդությունները

Լապարասկոպիայի ժամանակ հնարավոր են բարդություններ, ինչպես բժշկական ցանկացած այլ միջամտության պարագայում, սակայն դրանք հազվադեպ են:

Բարդություններ հնարավոր են անզգայացման ժամանակ, ներսում տեսախցիկը կամ գործիքները տեղադրելիս հնարավոր է վնասել օրգանները, ինչպես նաև որովայնապատի անոթները ծակման տեղում: Որովայնը «փքելիս» հնարավոր է գազի թափացում ենթամաշկային ճարպաշերտ (ենթամաշկային էմֆիզեմա):

Միջամտության ընթացքում որովայնի խոռոչում կարող են այնպիսի բարդություններ ի հայտ գալ, ինչպիսիք են օրգանների ու խոշոր անոթների վնասումը: Արյունահոսություններ կարող են դիտվել նաև հետվիրահատական շրջանում, եթե միջամտության ժամանակ վնասված անոթներից հոսող արյունը հարկ եղածի պես չի կանգնեցվել: