Ի՞նչ է կենսաքիմիական հղիությունը․ ինչո՞ւ է այն տեղի ունենում և արդյո՞ք կարելի է կանխել

Ի՞նչ է կենսաքիմիական հղիությունը․ ինչո՞ւ է այն տեղի ունենում և արդյո՞ք կարելի է կանխել

Կան դեպքեր, երբ հղիության թեստը դրական է, արյան մեջ հայտնաբերվում է հղիության հորմոնը՝ β-hCG-ն, սակայն մի քանի օր կամ շաբաթ անց դրա մակարդակը սկսում է նվազել, և հղիությունը չի շարունակում զարգանալ։ Այս երևույթը կոչվում է կենսաքիմիական հղիություն։

Կենսաքիմիական հղիությունը շատ վաղ ժամկետում տեղի ունեցող հղիության կորուստ է, երբ հղիությունը հաստատվում է միայն հորմոնային հետազոտությամբ, սակայն ուլտրաձայնային հետազոտությամբ դեռևս հնարավոր չի լինում տեսնել հղիության պարկը։

Ինչպե՞ս է տեղի ունենում կենսաքիմիական հղիությունը։
Բեղմնավորումից հետո սաղմը սկսում է զարգանալ և որոշ ժամանակ անց՝ իմպլանտացվել արգանդի լորձաթաղանթում։ Այդ պահից սկսվում է β-hCG հորմոնի արտադրությունը, որը հնարավոր է հայտնաբերել արյան կամ մեզի հետազոտությամբ։

Սակայն երբեմն սաղմի զարգացումը դադարում է շատ վաղ փուլում։ Արդյունքում β-hCG-ի մակարդակը չի շարունակում բարձրանալ, այլ սկսում է նվազել, և հղիությունն ավարտվում է մինչև ուլտրաձայնային հետազոտությամբ հղիության պարկի հայտնաբերումը։

Որո՞նք են կենսաքիմիական հղիության հիմնական պատճառները։
Կենսաքիմիական հղիության ամենատարածված պատճառներից մեկը սաղմի քրոմոսոմային շեղումներն են, որոնց հետևանքով նրա հետագա զարգացումը դառնում է անհնար։

Այլ հնարավոր գործոններն են՝

  • Սաղմի զարգացման վաղ խանգարումները։
  • Էնդոմետրիումի՝ արգանդի ներքին լորձաթաղանթի որոշակի փոփոխությունները։
  • Արգանդի խոռոչի կառուցվածքային առանձնահատկությունները։
  • Որոշ էնդոկրին խանգարումներ։
  • Արյան մակարդելիության որոշ խանգարումներ՝ համապատասխան կլինիկական իրավիճակներում։

Կարևոր է նշել, որ մեկ անգամ տեղի ունեցած կենսաքիմիական հղիության դեպքում միշտ չէ, որ հնարավոր է պարզել դրա հստակ պատճառը։ Հաճախ այն պայմանավորված է պատահական քրոմոսոմային փոփոխություններով և չի վկայում կնոջ վերարտադրողական առողջության լուրջ խնդրի մասին։

Որո՞նք են ախտանշանները։
Կենսաքիմիական հղիությունը երբեմն ընթանում է առանց արտահայտված ախտանշանների, և կինը կարող է նույնիսկ չիմանալ, որ հղիացել է։

Հնարավոր դրսևորումներն են՝

  • Հղիության թեստի դրական արդյունք, որին հաջորդում է բացասական արդյունքը։
  • Արյան մեջ β-hCG-ի ցածր մակարդակ կամ դրա ոչ բավարար աճ։
  • Հեշտոցային արյունային արտադրություն կամ դաշտանային արյունահոսությունից ավելի առատ արտադրություն։
  • Թեթև ցավեր որովայնի ստորին հատվածում։

Հաճախ արյունահոսությունը սկսվում է դաշտանի սպասվող ժամկետին մոտ կամ փոքր ուշացումով։

Ինչպե՞ս է ախտորոշվում կենսաքիմիական հղիությունը։

Ախտորոշման հիմնական մեթոդը արյան մեջ β-hCG-ի քանակական որոշումն է։

Սովորաբար անհրաժեշտ է՝

  1. Կատարել արյան β-hCG հետազոտություն։
  2. Անհրաժեշտության դեպքում կրկնել հետազոտությունը 48 ժամ անց՝ հորմոնի մակարդակի փոփոխությունը գնահատելու համար։
  3. Կատարել ուլտրաձայնային հետազոտություն՝ հղիության տեղակայումը պարզելու համար, եթե դա ցուցված է ըստ հորմոնի մակարդակի և կլինիկական պատկերի։

Կենսաքիմիական հղիության դեպքում β-hCG-ի մակարդակը ժամանակի ընթացքում նվազում է։ Սակայն միայն մեկ հետազոտության արդյունքով հնարավոր չէ հաստատել ախտորոշումը։

Կարևոր է նաև բացառել արտարգանդային հղիությունը, քանի որ վաղ փուլում այն նույնպես կարող է դրսևորվել β-hCG-ի ոչ բնորոշ փոփոխություններով։

Արդյո՞ք կենսաքիմիական հղիությունից հետո հնարավոր է բնական ճանապարհով հղիանալ։
Այո՛։Մեկ կենսաքիմիական հղիությունը սովորաբար չի նվազեցնում կնոջ հետագա հղիանալու հավանականությունը և ինքնին չի նշանակում անպտղություն։Շատ կանայք դրանից հետո ունենում են լիարժեք զարգացող հղիություն և առողջ երեխա։

Եթե կենսաքիմիական հղիությունները կրկնվում են, անհրաժեշտ է անհատական գնահատում՝ հաշվի առնելով կնոջ տարիքը, վերարտադրողական պատմությունը և ուղեկցող գործոնները։ Բժիշկը կարող է առաջարկել համապատասխան հետազոտություններ՝ հնարավոր պատճառները պարզելու նպատակով։

Արդյո՞ք անհրաժեշտ է բուժում։
Կենսաքիմիական հղիության մեծ մասի դեպքում հատուկ բուժում անհրաժեշտ չէ։ Սովորաբար իրականացվում է β-hCG-ի մակարդակի հսկողություն մինչև դրա բացասականացումը՝ միաժամանակ բացառելով արտարգանդային հղիությունը։Հետագա հղիության պլանավորման ժամկետը որոշվում է անհատական՝ կնոջ ընդհանուր վիճակից և հղիության ընթացքից ելնելով։

Կենսաքիմիական հղիությունը հղիության իրական, բայց շատ վաղ կորուստ է։ Այն պարզապես ուշացած դաշտան չէ, քանի որ տվյալ դեպքում առկա է եղել բեղմնավորում և β-hCG հորմոնի արտադրություն։Մեկ նման դեպքը սովորաբար անհանգստության կամ ծավալուն հետազոտությունների պատճառ չէ։ Սակայն կրկնվող դեպքերը պահանջում են գինեկոլոգի և վերարտադրողական բժշկության մասնագետի ուշադրությունը։

Վաղ ախտորոշումը, ճիշտ գնահատումը և անհատական մոտեցումը կարևոր են հետագա հաջող հղիության պլանավորման համար։

views 16

Նմանատիպ նյութեր

Կարո՞ղ է հղիությունը զարգանալ ներարգանդային պարույրի առկայությամբ

Այլ նյութեր

Կարո՞ղ է հղիությունը զարգանալ ներարգանդային պարույրի առկայությամբ

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Այլ նյութեր

Ձվազատման բացակայություն․ ինչո՞ւ է դաշտանը լինում, բայց հղիություն չի գրանցվում

Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները

Այլ նյութեր

Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը

Այլ նյութեր

Սեռական հարաբերության ժամանակ ցավը միշտ չէ, որ գինեկոլոգիական հիվանդության նշան է․ ինչպե՞ս գտնել իրական պատճառը