Այլ նյութեր
Դաշտանի ուշացում՝ բացասական հղիության թեստի դեպքում․ որո՞նք կարող են լինել պատճառները
Դաշտանի ուշացումը միշտ չէ, որ կապված է հղիության հետ։ Նույնիսկ բացասական հղիության թեստի դեպքում դաշտանի բացակայությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով՝ ժամանակավոր հորմոնային փոփոխություններից մինչև գինեկոլոգիական խնդիրներ։
Որո՞նք են հնարավոր պատճառները
1. Հղիության թեստի վաղ կատարում
Եթե թեստն արվել է շատ վաղ, երբ հղիության հորմոնի՝ β-hCG-ի մակարդակը դեռ ցածր է, արդյունքը կարող է լինել բացասական։ Եթե դաշտանը չի սկսվում, խորհուրդ է տրվում մի քանի օր անց կրկնել թեստը կամ կատարել արյան β-hCG հետազոտություն։
2. Սթրես և կենսակերպի փոփոխություններ
Հուզական լարվածությունը, քնի պակասը, կտրուկ նիհարելը, ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ սննդակարգի փոփոխությունները կարող են ազդել ձվազատման վրա և հանգեցնել դաշտանի ուշացման։
3. Ձվազատման խանգարումներ
Եթե ձվազատումը տեղի է ունենում սովորականից ուշ կամ ընդհանրապես չի լինում, դաշտանը նույնպես կարող է ուշանալ։ Նման խանգարումներ կարող են առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի դեպքում։
4. Վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ
Վահանաձև գեղձի հորմոնների ավելցուկը կամ պակասը կարող են ազդել դաշտանային ցիկլը կարգավորող մեխանիզմների վրա՝ առաջացնելով դաշտանի ուշացում կամ անկանոնություն։
5. Պրոլակտինի բարձր մակարդակ
Պրոլակտինի բարձրացումը կարող է ճնշել ձվազատումը և առաջացնել դաշտանի ուշացում կամ բացակայություն։ Երբեմն այն ուղեկցվում է կրծքագեղձերից կաթնանման արտադրությամբ, սակայն այդ ախտանիշը պարտադիր չէ։
6. Տարիքային հորմոնային փոփոխություններ
Դաշտանային ցիկլը կարող է փոխվել ինչպես դեռահասության շրջանում, այնպես էլ նախադաշտանադադարային տարիքում։ Մինչև 40 տարեկանը դաշտանի երկարատև բացակայության կամ անկանոնության դեպքում անհրաժեշտ է նաև գնահատել ձվարանների ֆունկցիան։
Ե՞րբ է անհրաժեշտ դիմել գինեկոլոգի
Եթե դաշտանի ուշացումը կրկնվում է, դաշտանը բացակայում է երեք ամիս շարունակ՝ նախկինում կանոնավոր ցիկլի պայմաններում, կամ ի հայտ են գալիս այլ գանգատներ, անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի։
Հետազոտությունները կարող են ներառել հղիության թեստ, β-hCG-ի որոշում, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն և, ըստ գանգատների, հորմոնային քննություններ։
Եթե դաշտանի ուշացմանը միանում են ուժեղ կամ միակողմանի որովայնային ցավ, ուշագնացություն, արտահայտված գլխապտույտ կամ առատ արյունահոսություն, անհրաժեշտ է շտապ բժշկական գնահատում՝ նույնիսկ բացասական հղիության թեստի դեպքում։