Ձվարանի տարատեսակ կիստաներ

Ձվարանի տարատեսակ կիստաներ

Հաճախ գինեկելոգին այցելելուց կամ ՈւՁՀ անցնելուց հետո կինն անակնկալի է գալիս՝ ստանալով «Ձվարանի կիստա» ախտորոշումը: Պետք է իմանալ, որ «կիստա» ախտորոշում գոյություն չունի: Կիստաներն իրենց պատճառներով, հատկություններով, բուժմամբ և հետևանքներով չափազանց տարբեր են լինում: Այդ պատճառով բժշկից անպայման պետք է ճշտել, թե նա ինչ կիստա է տեսել. չէ՞ որ դրանից են կախված հետագա անելիքները:

Սովորաբար ձվարանի կիստա (կիստոզային գոյացություն) անվանում են ձվարանիայն գոյացությունը, որն ունի պատիճ՝ հեղուկ կամ կիսահեղուկ պարունակությամբ: Ավելի մանրամասն դիտարկենք, թե կիստաների ինչ տեսակներ կարող են առաջանալ ձվարանների հյուսվածքում:

Ֆունկցիոնալ կիստաները, որոնցից են ֆոլիկուլյար և լյուտեինային կիստաները (դեղին մարմնի կիստաները), ձևավորվում են համապատասխանաբար ֆոլիկուլից և դեղին մարմնից: Դրանց առաջացման պատճառ կարող է լինել հորմոնային անհավասարակշռությունը, բորբոքային պրոցեսը ձվարաններում կամ վերարտադրողական համակարգի այլ խանգարումները, հուզական և ֆիզիկական սթրեսները, գերհոգնածությունը: Պահպանվում են 2-3 ցիկլ, անհետանում են ինքնուրույն կամ պահպանողական բուժման արդյունքում: Երբ այդպիսի կիստաները չեն անհետանում կես տարի տևող պահպանողական բուժման արդյունքում, որոշվում է դրանք հեռացնել վիրահատության միջոցով: Եթե ֆունկցիոնալ կիստաների առաջացումը ցիկլից ցիկլ կրկնվում է, ապա անհրաժեշտ է որոշել, թե ինչն է դրա պատճառը, և ջանքերն ուղղել այդ պատճառների վերացմանը:

Ֆոլիկուլյար կիստան (ռետենցիոն կիստա) ձևավորվում է դոմինանտ ֆոլիկուլից, եթե այն չի պայթել, այլ կերպ ասած՝ եթե ձվազատում տեղի չի ունեցել: Կիստա անվանում են «գերաճած» դոմինանտ ֆոլիկուլը, որը հասել է 3 և ավել սմ-ի: Երբ ֆոլիկուլը հասնում է այդպիսի չափերի, ձվազատումը քիչ հավանական է: Ձվարանների կիստաների բոլոր տեսակներից սա ամենատարածվածն է:

Ֆոլիկուլյար կիստաների ախտանշաններն են ծանրության, անհարմարության, ցավի զգացողությունները ձախ կամ աջ աճուկային շրջաններում, որոնք ուժեղանում են ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ կտրուկ շարժումների ժամանակ: Ախտորոշելու համար անհրաժեշտ է ՈւՁ հետազոտություն: Հիմքային ջերմաստիճանի գրաֆիկն այդ դեպքում միափուլ է, հնարավոր է դաշտանային ցիկլի երկարացում:

Առավել հաճախ ձվարանի ֆոլիկուլյար կիստան անցնում է մինչև ցիկլի ավարտը, որում այն առաջացել է: Երբեմն այդ գործընթացին օգնելու համար նշանակում են հեստագեններ (պրոգեստերոն, ուտրոժեստան, դյուֆաստոն) այդ ցիկլում կամ համակցված օրալային հակաբեղմնավորիչներ հաջորդող մի քանի ցիկլում: Զուգահեռ կարող է նշանակվել «ներծծող» և հակաբորբոքային թերապիա:

Դեղին մարմնի կիստան (լյուտեինային կիստա) ձևավորվում է ձվազատված ֆոլիկուլից: Ձվազատումից հետո դեղին մարմնի ձևավորման գործընթացը կարող է խախտվել, ինչը հանգեցնում է նրանում հեղուկի կուտակման և կիստայի ձևավորման: Հիմնականում այդպիսի կիստաներն անցնում են նոր ցիկլն սկսվելիս: Հաճախ դեղին մարմնի կիստա է առաջանում նաև հղիության ընթացքում: Այն հղիության և պտղի համար վտանգ չի ներկայացնում և բուժում չի պահանջում:

Դեղին մարմնի կիստայի ախտանշանները, նրա ախտորոշումը և բուժումը նույնպիսին են, ինչպես ֆոլիկուլյար կիստաների դեպքում:

Ֆունկցիոնալ կիստաների վտանգավոր բարդություններ կարող են լինել կիստայի ոլորումը և պատռվածքը, որոնք երբեմն ուղեկցվում են ներքին արյունահոսությամբ: Ոլորման դեպքում անհրաժեշտ է վիրահատական միջամտության դիմել: Պատռվածքը և արյունահոսությունը պահանջում են հսկողություն, վիրահատական միջամտությունը հնարավոր է ուժեղ արյունահոսության դեպքում: Այդպիսի բարդությունների կանխարգելման համար խորհուրդ է տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում, հատկապես, եթե առկա է մեծ չափի կիստա: Ֆոլիկուլյար և լյուտեինային կիստաների կրկնվելու վտանգը շատ ցածր է:

Ձվարանի էնդոմետրիոիդ կիստան էնդոմետրիոզի դրսևորում է և սկսում է ձևավորվել նրա օջախից: Քանի որ էնդոմետրիոիդ օջախի բջիջները ենթակա են կնոջ օրգանիզմում ցիկլիկ հորմոնային փոփոխությունների միևնույն ազդեցությանը, ինչ և էնդոմետրիումի բջջները, յուրաքանչյուր դաշտանի ժամանակ այդպիսի օջախի ներսում արյուն է կուտակվում: Այդ արյունը դուրս գալու տեղ չունի, և յուրաքանչյուր ցիկլի հետ այն ներսում ավելի ու ավելի է շատանում. կիստան աճում է: Կիստայի արյունային պարունակությունը ժամանակի ընթացքում վերածվում է թանձր շագանակագույն զանգվածի, ինչի համար էլ այդպիսի կիստաները ստացել են իրենց երկրորդ անվանումը՝ շոկոլադե:

Ինչպես և էնդոմետրիոզի մյուս բոլոր օջախները, էնդոմետրիոիդ կիստաները հաճախ անպտղության պատճառ են դառնում՝ կնոջ օրգանիզմում հորմոնային գործընթացների խախտման պատճառով: Այդպիսի կիստաները հղիության համար հակացուցում չեն, եթե հաջողվում է հղիանալ դրանց առկայությամբ: Այդպիսի կիստայով հղիանալը մեծ հաջողություն է:

Էնդոմետրիոիդ կիստաների ախտորոշումը կատարվում է ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ: Բժիշկը տեսնում է կիստայի պարունակությունը ՈւՁՀ-սարքի մոնիտորի վրա՝ մուգ ֆոնի վրա սպիտակ թանձրույթի տեսքով: Համոզվելու համար, որ դա հենց էնդոմետրիոիդ կիստա է, ոչ թե դեղին մարմնի հին կիստա, որը կարող է ունենալ նման ՈւՁՀ-պատկեր, հսկողությունը շարունակվում է մի քանի ամիս: Ցավոք ձվարանների վրա այդպիսի գոյացությունները ի տարբերություն լյուտեինային կիստաների ինքնուրույն չեն անցնում և մեծ չափերի հասնելիս ուկնոջը անհարմարություն պատճառելիս պահանջում են վիրահատական բուժում: Վիրահատության արդյունքն ամրապնդելու համար էնդոմետրիոիդ կիստայի հեռացումից հետո հաճախ նշանակվում է հորմոնային բուժում՝ ուղղված ցիկլիկ հորմոնային փոփոխությունների ճնշմանը, որոնք նպաստում են էնդոմետրիոզի օջախների կրկնակի աճին:

Ձվարանի դերմոիդ կիստան (տերատոման) թեև ունի կիստայի արտաքին հատկանիշներ, սակայն գիտական տեսանկյունից վերաբերում է կիստոզային ուռուցքներին: Ձվարանում այդպիսի գոյացությունն առաջանում է սաղմնային զարգացման փուլում խանգարումների պատճառով և կարող է տեղայնացվել ոչ միայն ձվարաններում: Տերատոման բարորակ ուռուցք է՝ կազմված հաստ պատիճից՝ լցված լորձե կամ ճարպե զանգվածով, որի ներսում կարող են լինել ձվարանին ոչ հատուկ հյուսվածքներ՝ մաշկ, մազեր, ճարպային, մկանային, ոսկրային կամ նյարդային հյուսվածքներ: Դերմոիդ կիստայի առկայությունը չի ազդում հորմոնային ֆոնի վերարտադրողական հնարավորությունների վրա, սակայն նրա մեծացման հաշվին կարող է նվազել ձվարանի առողջ հյուսվածքի ծավալը, խանգարվել նրա արյունամատակարարումը:

Ախտորոշման մեթոդը ՈւՁՀ-ն է: Դերմոիդ կիստան լյուտեինային և էնդոմետրիոիդ կիստաներից, որոնց հետ դրանք երբեմն շփոթում են, տարբերելու համար օգտագործվում է ՄՌՏ: Իրականացվում է միայն վիրահատական բուժում:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում