Նաբոտովյան (ռետենցիոն) կիստաներ

Նաբոտովյան (ռետենցիոն) կիստաներ

Գինեկոլոգիական ընթացիկ ստուգման ժամանակ վերարտադրողական տարիքի 10 կանանցից մեկին տրվում է բոլորովին անսպասելի և անծանոթ ախտորոշում՝ նաբոտովյան կիստա: Ի՞նչ է. ուռո՞ւցք, որը կարող է լրջորեն վնասել առողջությանը, թե՞ հեշտությամբ հեռացվող բարորակ գոյացություն: Որոնք են առաջացման պատճառները, արդյո՞ք բուժում է պահանջում: Փորձենք հասկանալ:

Ախտանշանները

Նաբոտովյան կամ ռետենցիոն կիստաները փոքր, կլորավուն, սպիտակադեղնավուն կամ սպիտակ, բարորակ գոյացություններ են արգանդի պարանոցի վրա՝ հեշտոցային հատվածում: Հանդիպում է 25-45 տարեկան կանանց 10-20%-ի շրջանում, հիմնականում՝ ծննդաբերած կանանց: Այսպիսի կիստաները վտանգավոր չեն առողջության համար, քանի որ ձևավորվում են պարանոցային գեղձերի ծորանների խցանման և դրանցում արտազատուկի կուտակման հետևանքով:

Ռետենցիոն կիստաները չեն անհանգստացնում կանանց, չեն ազդում հորմոնային ֆոնի վրա, չեն վերածվում չարորակ գոյաությունների, չեն նպաստում դաշտանի խանգարմանը, հղիության ընդհատմանը և բնական ծննդաբերությանը: Կիստաները լինում են մեկ հատ, կամ էլ բազմաթիվ, և եթե դրանց քանակը մեծ է, ապա արգանդի վզիկը զգալիորեն մեծանում է: Բացի այս, 1 սանտիմետրանոց կիստաները չորացնում են վզիկային խողովակը և ինչ-որ չափով կարող են նվազեցնել բեղմնավորման հավանականությունը, սակայն ոչ մի դեպքում դրանք չեն կարող համարվել չհղիանալու հիմնական պատճառ:

Արգանդի պարանոցի վրա ռետենցիոն կիստաների առկայությունը կարող է տեսնել գինեկոլոգը՝ հայելիների կամ կոլպոսկոպի միջոցով զննելու արդյունքում կամ սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ:

Առաջացման պատճառները

Վզիկային խողովակը ներսից պատված է հատուկ գլանաձև էպիթելային շերտով, որը հատուկ գեղձերի ամբողջություն է: Այդ գեղձերն անվանում են նաբոտովյան (դրանք հայտնաբերած հեղինակի անունով): Այդ գեղձերը հատուկ լորձ են արտադրում, որը պահպանում է արգանդի պարանոցի բնականոն միջավայրը: Հեշտոցի կողմից պարանոցը պատված է բոլորովին այլ բջիջներով՝ բազմաշերտ եղջերավոր էպիթելով, որը պաշտպանական գործառույթ ունի և կանխում է վնասակար մանրէների ու վարակների մուտքն արգանդ: Հենց բազմաշերտ եղջերավոր էպիթելի բջիջների ներթափանցումն էլ գեղձի ծորանի մեջ խանգարում է սեկրետի բնականոն արտահոսքին: Արդյունքում գեղձերն ուռչում են, ձգվում և վերածվում կիստայի:

Որոշ մասնագետներ նաբոտովյան կիստաները նորմալ են համարում, ոմանք էլ առաջացման մի շարք պատճառներ են առանձնացնում՝ փոքր կոնքի օրգանների քրոնիկական-բորբոքային պրոցեսներ, հորմոնային խանգարում, արգանդի պարանոցի էրոզիաներ: Պետք է ասել, սակայն, որ ռետենցիոն կիստաների առաջացման այս պատճառները մինչև օրս գիտականորեն չեն հիմնավորվել:

Պե՞տք է բուժել

Մասնագետներից շատերի կարծիքով նաբոտովյան կիստաները ոչ մի բուժում էլ չեն պահանջում, սակայն ինքնուրույն էլ չեն անհետանում և դրանցում կարող են հիվանդածին միկրոօրգանիզմներ կուտակվել, որոնք առաջացնում են կանանց սեռական օրգանների հիվանդություններ: Այս է պատճառը, երբեմն բժիշկները խորհուրդ են տալիս հեռացնել դրանք:

Գեղձերի ծորաններն այսօր հնարավոր է մաքրել տարբեր մեթոդներով՝ էլեկտրակոագուլյացիա, ռադիոալիքային, լազերային բուժում կամ կրիոքայքայում: Երբեմն բուժումը լրացվում է ֆիզիոթերապևտիկ ազդեցությամբ դեղորայքային թերապիայով:

Ռետենցիոն կիստաները հնարավոր է բացել (այրել) ցանկացած ժամանակ, բացի դաշտանին նախորդող և հաջորդող 3 օրերից: Միջամտությունից առաջ խորհուրդ է տրվում բժշկի ցուցմամբ որոշակի հետազոտություններ անցնել: Խնդիրների հայտնաբերման դեպքում կիստաները կհեռացվեն միայն նախնական բուժում անցնելուց հետո:

Արգանդի պարանոցի կիստայի կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում պարբերաբար գինեկոլոգիական զննում անցնել, ինչպես նաև ժամանակին ախտորոշել ու բուժել կանանց հիվանդությունները:

 

Աղբյուրը

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում