Կաթնագեղձի հիվանդություններ

26.02.201425564

Ի՞նչն է կարևոր

Կարելի է հոգալ սպորտային տեսքի, ճիշտ սննդակարգի մասին`միաժամանակ հետևելով պարզագույն խորհուրդների, որոնք կօգնեն պահպանել կաթնագեղձերի առողջ վիճակը: Հարկ է նշել, որ ամեն կին ամենից առաջ ինքն է իր առողջության համար պատասխանատու: Բժիշկը կարող է ձեզ օգնել միայն այն դեպքում, երբ դուք նպատակաուղղված մտադիր եք առողջանալ:

Վերջին երկու տասնամյակում կաթնագեղձերի հիվանդությունները շատացել են ինչպես մեր երկրում, այնպես էլ տնտեսապես զարգացած շատ երկրներում: Ամեն տարի հազարավոր կանայք իրենց կաթնագեղձերում ուռուցք են հայտնաբերում: Ուռուցքի հայտնաբերումն ինքնին տագնապ է հարուցում` անկախ այն բանից, թե հետագայում դրա բնույթն ինչպիսին կպարզվի: Մի շարք հարցեր են ծագում. քաղցկե՞ղ է դա, անհրաժե՞շտ է վիրահատվել, անխուսափելի՞ է կուրծքը կորցնելը:

Կաթնագեղձի քաղցկեղն ԱՄՆ-ի և Եվրոպայի, այդ թվում`Ռուսաստանի կանանց շրջանում հանդիպող ուռուցքային հիվանդություններից ամենահաճախ հանդիպողն է: Կանաց 11% -ի շրջանում ողջ կյանքի ընթացքում ուռուցք առաջանում է, ընդ որում այն շարունակում է աճել` յուրաքանչյուր տարի մեծանալով 1,2% -ով: 2000 հղի կանանցից կամ կերակրող մայրերից մոտավորապես մեկը նույնպես հիվանդանում է կրծքի քաղցկեղով:

Կաթնագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում ևս հանդիպում է, թեև շատ ավելի հազվադեպ` հիվանդության 180 դեպքերից մեկում: Քաղցկեղի այս ձևը երրորդ տեղում է Ռուսաստանի բոլոր տարիքային խմբերի կանանց մահաբերության բոլոր պատճառների շարքում` արյան շրջանառության հիվանդություններից և դժբախտ պատահարներից հետո: Բարեբախտաբար կաթնագեղձի ուռուցքների մեծ մասը`80%-ը բարորակ (ոչ քաղցկեղային) են և լուրջ բժշկական խնդիր չեն ներկայացնում:

Այսպիսով, կանանց մեծ մասին կյանքի ողջ ընթացքում կրծքի քաղցկեղուվ հիվանդանալու վտանգը չի սպառնում: Սակայն վիճակագրական տվյալները փաստում են, որ 9 կանանցից մեկի կաթնագեղձում կարող է զարգանալ քաղցկեղ: Կրծքի քաղցկեղի մահաբերության իջեցման և հաջող բուժման իրական ուղին արդի պայմաններում ուռուցքի հայտնաբերումն է վաղ փուլերում, և ժամանակին կատարված վիրահատական բուժումը:

Ժամանակակից բժշկագիտական տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում չարորակ ուռուցքները շատ վաղ փուլերում բացահայտել, երբ դրանք դեռևս չափազանց փոքր չափեր ունեն և հաջողությամբ կարող են բուժվել:

Դուք պետք է իմանաք, որ՝

Կաթնագեղձի շատ ուռուցքներ կանայք հայտնաբերում են ինքնուրույն շոշափման ժամանակ:
• Հայտնաբերված ուռուցքների մեծ մասը բարորակ բնույթ ունի և կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն Դուք չեք կարող վստահ լինել այս կամ այն ուռոցքի բարորակության հարցում այնքան ժամանակ, քանի դեռ մասնագետի կողմից չեք հետազոտվել:
• Կաթնագեղձի չարորակ ուռուցքը մեծ մասամբ հնարավոր է բուժել, եթե այն վաղ է ախտորոշվում: Ահա ինչու է այդքան կարևոր ուռուցքների վաղ աշտորոշումը:

Ի՞նչ է կրծքի քաղցկեղը

Ուռուցքը կամ նորագոյացությունը հյուսվածքի ախտաբանական աճն է` բաղկացած կաթնագեղձի` որակապես այլափոխված բջիջներից: Յուրաքանչյուր առանձին դեպքում անհրաժեշտ է պարզել ուռուցքի բնույթը: Տարբերում են բարորակ և չարորակ ուռուցքներ:

Բարորակ ուռուցքներ

Այդպիսի ուռուցքով կանայք հետևյալ գանգատներն են նշում: Կրծքագեղձերի ցավոտ կոպտացումը նախադաշտանային շրջանում, որպես օրենք, բարորակ ախտահարման`թելքաբշտային մաստոպաթիայի վկայություն է: Շատ գիտնականներ են կիսում այն կարծիքը, որ նման ախտահարումը հորմոնային հավասարակշռության խախտման հետևանք է: Այդ ազդեցությունն ապահովվում է ձվարանների, մակերիկամների կեղևի և հիպոֆիզի հորմոնների բարդ փոխազդեցությամբ:

Բարորակ ուռուցքներն աճում են` տեղաշարժելով շրջակա հյուսվածքները: Դրանք դուրս չեն գալից կաթնագեղձի սահմաններից և չեն ախտահարում այլ օրգաններն ու հյուսվածքները: Սովորաբար դրանք հեշտությամբ են բուժվում:

Բարորակ ուռուցքները կարող են ունենալ զանազան ձևեր, կազմություն և չափեր:

• Կիստան հեղուկով լցված, բարակ պատերով ուռուցք է: Սովորաբար այն բացահայտվում է որպես առաձգական կամ պիրկ-առաձգական, կլորավուն, հստակ սահմաններով գոյացություն:

• Ֆիբրոադենոման ուռուցք է` շարակցահյուսվածքային և կաթնագեղձի էպիթելային կազմով: Շոշափելիս դրանք նման են հստակ սահմաններով պինդ գնդիկների, շարժուն են և անցավ:

• Ներծորանային պապիլոման պտուկներին կամ հարպտկային դաշտերին (արեոլա) մոտ, բշտանման լայնացած խոշոր ծորաններում կարող են ի հայտ գալ էպիթելի պապիլանման գերաճած գոյացությունների տեսքով: Դրանք ինքնաբուխ առաջ են բերում պտուկից շճային կամ արյունային արտադրության:

• Մաստիտն առավել հաճախ ի հայտ է գալիս կաթնագոյացման և կրծքի կերակրման ժամանակ, այն կրծքի բորբոքային երևույթ է:

Կաթնագեղձի չարորակ ուռուցքներ

Չարորակ ուռոցքների բջիջների աճն անվերահսկելի է: Այդ ուռուցքներն անհապաղ բուժման կարիք ունեն: Ժամանակին չախտորոշելիս և չբուժելիս այդ նորագոյացությունների արագ աճող բջիջները կարող են գեղձի սահմաններից դուս գալ դեպի հարակից հյուսվածքներ, ապա արյունատար և ավշային ուղիներով տարածվել մարմնի այլ տեղամասեր: Այդտեղ հիմնավորվելով` աճում են և գոյացնելուվ նոր ուռուցքներ` մետաստազներ:

Ուռուցքի չափը և ուռուցքային գործընթացի տարածվածությունը որոշում է հիվանդության փուլը ( I –ից մինչև IV), որն իր հերթին ազդում է բուժման եղանակի ընտրության վրա: Տարբեր փուլեր տարբեր բուժում են պահանջում, և հեռու գնացած ախտահարումների դեպքում բուժման հնարավոր տարբերակների քանակը պակասում է: Այդ իսկ պատճառով այդքան կարևոր է ուռուցքը հնարավորինս վաղ ախտորոշել, քանզի վաղ փուլերում սկսած բուժումը ամենալայն հեռանկարն է բացում բարեհաջող ապաքինման համար: