Գալակտորեա՝ կաթնագեղձերից կաթի ակամա արտադրություն

Գալակտորեա՝ կաթնագեղձերից կաթի ակամա արտադրություն

Երջանիկ մայրությունը շատերը զուգորդում են կրծքով կերակրման հետ, և շատ քիչ կանայք գիտեն, որ կաթնագեղձերից կաթի արտադրությունը, եթե լակտացիա չէ, ապա առողջական խնդիրների մասին ահազանգ է:

Գալակտորեա՝ կաթի ակամա արտադրություն, կարող են ունենալ ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ ու երեխաները՝ անկախ տարիքից:

Ախտանշանները

Գալակտորեան դժվար է անվանել հիվանդություն, դա թերևս օրգանիզմում առկա հորմոնային անհավասարակշռության դրսևորումն է:

Ախտանշաններից են՝

  • դաշտանային ցիկլի խանգարումները (ամենորեա կամ օլիգոմենորեա),  
  • լիբիդոյի նվազում կամ էրեկտիլ դիսֆունկցիա (տղամարդկանց դեպքում), 
  • գլխացավ, 
  • տեսողության վատթարացում, 
  • կորյակների առաջացում (ակնե), ավելորդ մազերի աճ կրծքերի և կզակի շրջանում:

Առաջացման պատճառները

Գալակտորեա առաջացնում է հիպոֆիզում (մակուղեղ) արտադրվող պրոլակտին հորմոնը: Պրոլակտինի ավելցուկային արտադրությանը կարող են նպաստել ստորև թվարկված բոլոր գործոնները՝

  • դեղամիջոցները՝ հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, թմրադեղային ցավազրկողներ, սեդատիվ (հանգստացնող) դեղեր, hամակցված օրալային հակաբեղմնավորիչներ, ստերոիդային հորմոններ և այլն, 
  • պրոլակտինոմաներ կամ սոմատոտրոպինոմաներ՝ հիպոֆիզում բարորակ գոյացություններ,
  • վահանաձև գեղձի թերֆունկցիա, 
  • մակերիկամային հիվանդությամբ պայմանավորված կորտիզոլի բարձր մակարդակ արյան մեջ, 
  • ձվարանի պոլիկիստոզ, 
  • քրոնիկական լյարդային անբավարարություն, 
  • ողնուղեղի ուռուցքներ և դրանում վիրահատական միջամտություններ,
  • մշակաբույսերի ընդունում, որոնք լակտոգեն հատկություն ունեն, ինչպես՝ սամիթը, անիսոնը և այլն:

Երբեմն նույնիսկ փորձառու բժշկին չի հաջողվում գտնել պաթոլոգիական երևույթի իրական պատճառը, և այդ դեպքերում ախտորոշվում է իդիոպաթիկ (ինքնածին) գալակտորեա (երբ կաթնագեղձերից արտադրությունը տեղի է ունենում արյան մեջ պրոլակտինի բնական մակարդակի պարագայում): Տղամարդկանց դեպքում այս երևույթն առավել հաճախ կապված է լինում տեստոստերոնի անբավարարության հետ:

Գալակտորեան նորածինների դեպքում։ Մոր արյան մեջ պարունակվող հորմոնները հեշտությամբ հաղթահարում են ընկերքային պատնեշը և նպաստում գալակտորեայի առաջացմանը և կաթնագեղձերի կոշտացմանը: Այս իրավիճակը չի պահանջում բժշկական վերահսկում և ինքնաբերաբար վերանում է մի քանի օր անց:

Հիվանդության ախտորոշումը

Ճիշտ ախտորոշման համար կարևոր է բացառել ֆիզիոլոգիական գալակտորեան՝ որոշ կանանց կաթի սեկրեցիան կարող է առաջանալ հղիության առաջին շաբաթներից: Այդ պատճառով պաթոլոգիայի առկայությունը պարզելու կամ բացառելու առաջին մեթոդը հղիության թեստ հանձնելն է:

Այնուհետև բժիշկ-մամոլոգը կկատարի կրծքագեղձի զննում, կհետազոտի արտադրվող հեղուկը, կստուգի կրծքում կոշտուկների և նորագոյացությունների առկայությունը: Այնուհետև կնշանակի հետևյալ հետազոտությունները՝

  • արյան հետազոտություն պրոլակտինի մակարդակը պարզելու համար. դրա բարձր մակարդակի դեպքում լրացուցիչ ստուգում են նաև վահանագեղձի և հիպոֆիզի հորմոնները,
  • կաթնագեղձերի ՈւՁՀ կամ մամոգրաֆիա,
  • գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՇ,
  • գանգի ռենտգեն (թուրքական թումբ):

Բուժումը

Բուժումն ուղղված է նախ և առաջ հիվանդության առաջացման պատճառի վերացմանը՝ հորմոնային ֆոնի կարգավորմանը, հիպոֆիզում ուռուցքի վիրահատական եղանակով հեռացմանը կամ դեղորայքային միջոցներով փոքրացմանը: Շատ հաճախ գալակտորեան որքան հանկարծակի սկսվում է, նույնքան հանկարծակի էլ անհետանում է:

Եթե բուժումը բարենպաստ չի լինում, իսկ արտադրությունն անհարմարություն է պատճառում, կա մեկ տարբերակ ևս՝ կաթնածորանների հեռացում:

Մի քանի օգտակար խորհուրդ

Գալակտորեայով հիվանդներին կարող է օգնել հետևյալ կանոնների պահպանումը՝

  • սեռական հարաբերության ժամանակ խուսափել կրծքերի ակտիվ գրգռումից, 
  • չկրել նեղ ներքնազգեստ, 
  • կիրառել կերակրող մայրերի համար նախատեսված կրծքի (կրծքկալի մեջ դրվող) միջադիրներ:

Գալակտորեան այնպիսի հիվանդություն է, որ ցավի փոխարեն առաջացնում է անհարմարություններ: Հավանաբար դա է պատճառը, որ կանայք չեն շտապում դիմել բժշկի՝ հայտնաբերելով կրծքագեղձերից եկող արտադրությունը: Այնինչ, եթե արտադրությունն արյուն է պարունակում կամ ունի դեղին գույն, ապա դա օնկոլոգին անհապաղ դիմելու լուրջ պատճառ է: Այս դեպքում որքան շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի արդյունավետ կլինի այն:

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Ինչո՞ւ է դաշտանը ավելի վաղ սկսվում և ինչպե՞ս այն կարգավորել

Միջինում դաշտանը տեղի է ունենում 28 օրը մեկ, ավելի ճիշտ՝ 21-ից 35-րդ օրերին

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետի պատճառները, որոնց մասին գուցե չգիտեք

Շաքարային դիաբետը հիվանդություն է, որի դեպքում գլյուկոզան չի թափանցում բջիջներ

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Ինչո՞ւ է մարդկանց դուր գալիս անալ սեռական հարաբերությունը և վնասակա՞ր է արդյոք

Կարո՞ղ է արդյոք անալ սեռական հարաբերությունը վնասել

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Կանանց մոտ գրգռման ժամանակ քսուքի քիչ արտադրման պատճառները

Ինչպե՞ս հասկանալ, որ կնոջ մոտ չի արտադրվում բավարար չափով քսուք։