Մաստիտ (կաթնագեղձի բորբոքում)

Մաստիտը կաթնագեղձի բորբոքումն է: Հաճախ այս հիվանդությունն ախտահարում է մինչև 45 տարեկան կանանց: Մաստիտը մեծամասամբ կապված է կրծքով կերակրելու հետ, հաճախ ի հայտ է գալիս առաջին 3 ամսում: Սովորաբար սուր բորբոքումը զարգանում է մեկ կաթնագեղձում, արտահայտվում գեղձի հարաճուն ցավով և այտուցով: Մաստիտից խուսափելու համար պետք է կերակրելուց հետո մնացած կաթը ճիշտ կթել, կանխել պտուկների ճաքերն ու պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Մաստիտ առաջացնող պատճառներն են՝
- պտուկների ճաքերի ժամանակին չհայտնաբերելն ու սխալ բուժումը,
- իմունիտետի անկումը,
- կերակրմանն անպատրաստ պտուկները,
- երեխային սխալ մոտեցնելը կրծքին,
- կրծքով կերակրման ժամանակ հիգիենայի կանոնները չպահպանելը (մոր ձեռքերի ու կրծքի մաքրությունը),
- կաթի արտահոսքի խանգարումներն ու կանգը կաթնագեղձում (լակտոստազ),
- պտուկների փոքրիկ ճաքերը, որոնցով վարակը թափանցում է դեպի հյուսվածքներ,
- հորմոնային խանգարումները:
Կրծքում կաթի կանգի հիմնական պատճառը գեղձի թերի դատարկվելն է երեխային կերակրելիս և պտուկների փոքր ճաքերը: Մանրէները, հայտնվելով նման բարենպաստ պայմաններում, կաթնային ծորաններով և ավշաուղիներով արագորեն թափանցում են գեղձի մեջ՝ բորբոքելով այն: Ամենահաճախ հանդիպող հարուցիչը ստրեպտակոկն է, ստաֆիլակոկը և այլ մանրէներ, որոնք թափանցում են կաթնագեղձիմեջ կեղտոտ ձեռքերի, սպիտակեղենի միջոցով կամ երեխայի բերանից՝ հիգիենայի կանոնները չպահպանելիս, ինչպես նաև`հղիության և կերակրելու շրջանում կրծքի անբավարար խնամքը:
Ախտանիշները
Մաստիտի նշաններն են՝ ցավ, կրծքի կարծրացում ու մեծացում, կարմրություն, մարմնի ջերմաստիճանի բարձացում մինչև 39°С, ինքնազգացման վատացումը (տկարություն, գլխացավ): Մեծամասամբ նման խնդիրներ են ծագում երեխայի ծնվելուց հետո առաջին մի քանի օրվա ընթացքում: Մաստիտի առաջին վտանգավոր նշանը պտուկների վրա թեկուզ և փոքր ճաքերի հայտնվելն է: Այնուհետև հաճախ հետևում են կտրող ցավերը կաթնագեղձերում: Կուրծքն այտուցվում է, դառնում պինդ և կարծր՝ պատված կարմիր մաշկով, շոշափելիս սաստիկ ցավոտ: Նկարագրված վիճակը ծանրանում է ջերմաստիճանի զգալի բարձացմամբ և սկսվող սարսուռով: Մաստիտի առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի և անմիջապես սկսել բուժումը:
Բուժման և բոլոր խորհուդների կատարման դեպքում մի քանի օր անց ապաքինումը վրա է հասնում: Հակառակ պարագայում մի քանի օր հետո մաստիտն անցնում է հաջորդ՝ էլ ավելի ծանր (ինֆիլտրատիվ) փուլի: Շատ շուտով բորբոքման գործընթացը սաստկանում է, գեղձի ներսում հայտնվում են 3 սմ տրամագծով, շոշափելիս տաք, կոշտացած տեղամասեր: Դրանք կարող են մի քանիսը լինել, ըստ որում՝ մարմնի ջերմաստիճանի բարձացումը պահպանվում է, զգալիորեն վատանում է ընդհանուր վիճակը: Մաստիտի այդպիսի նշաններին ավելանում են ինքնաթունավորման երևույթները (տկարություն, գլխապտույտ, գլխացավ): Մաստիտի բուժման ուղղությամբ արմատական միջոցներ չձեռնարկելու դեպքում հաջորդում է ծանր ձևը՝ թարախայինը:
Թարախային մաստիտի ախտանիշներն են` մաշկի արտահայտված կարմրություն, կաթնագեղձի հարաճուն այտուց ու մեծացում. կաթը դառնում է արյունախառը, սաստկանում են ցավերը: Ջերմաստիճանն այդ փուլում կարող է կտրուկ բարձրանալ և կրկին ընկնել՝ կախված բորբոքային գործընթացի փուլից, որը հարուցված է մանրէներով: Ջերմաստիճանի անկումը սովորաբար ուղեկցվում է առատ քրտնարտադրությամբ, իսկ տենդը՝ սաստիկ սարսուռով: Այդ փուլում մաստիտի նշաններն են՝ ախորժակի բացակայությունը, սրտխառնոցը, սարսուռը, ամբողջ մարմնի ցավը, շոշափելիս ցավոտ կուրծքը:
Ի՞նչ է լակտոստազը
Ծննդաբերությունից հետո կարող է դիտվել լակտոստազ, որը թեև շատ նման է մաստիտի սկզբնական փուլին, սակայն դեռևս մաստիտ չէ: Լակտոստազը պայմանավորված է կաթի կանգով կաթնածորաննեում և ինչպես մաստիտը, բնորոշվում է բորբոքման նշաններով և բարձր ջերմաստիճանով, կարմրամաշկությամբ, կաթնագեղձի բլթակների ցավոտությամբ, սակայն այդ փուլում դեռևս մանրէները չեն գրոհում: Լակտոստազի նշաններ երևալուն պես անհրաժեշտ է ջանասիրաբար կթել կաթը յուրաքանչյուր կերակրումից հետո, ինչը կապահովի կաթի արտահոսքը՝ խոչընդոտելով մաստիտի առաջացմանը:
Բուժումը
Մաստիտի տվյալ փուլի արդյունավետ բուժումը հանգում է ջերմիջեցնող և իմունախթանիչ միջոցների կիրառմանը: Հարկավոր է կաթն ամբողջովին կթել և դրանով իսկ կաթի հետ հեռացնել գեղձի բլթակներում բազմացող մանրէները` կանխելով հիվանդության հաջորդ փուլի՝ ինֆիլտրատիվ մաստիտի հավանական զարգացումը: Ինֆիլտրատիվ մաստիտի զարգացումը պայմանավորված է օրգանիզմի ինքնաթունավորման և բորբոքային գործընթացների առաջընթացով, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատանում է, և ջերմաստիճանը կտրուկ բարձրանում: Կաթնագեղձի ախտահարված բլթակի շրջանում մաշկը կարմրած է և բավականաչափ այտուցված: Չնայած հիվանդության այդ փուլում թարախային մասի բացակայությանը՝ անհրաժեշտ է նաև հակամանրէային դեղորայքով ակտիվ բուժել մաստիտը:
Թարախային մաստիտի զարգացման դեպքում կիրառվում է վիրահատական բուժում: Համարժեք բուժման բացակայության պայմաններում թարախապարկը կարող է բացվել կաթնածորանների մեջ` դառնալով ծանր բարդությունների հրահրման պատճառ: Ուստի թարախային մաստիտ հայտնաբերելիս վիրահատությունն անհրաժեշտ է: Բացի հակաբիոտիկներից և հակաբորբոքային պատրաստուկներից մաստիտների բուժման ժամանակ ցուցված են նաև ֆիզիոթերապևտիկ միջոցներ, որոնք ամրապնդում են բուժման արդյունքները և կայունացնում վիճակը:
Կանխարգելումը
Մաստիտի զարգացումից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել կաթնագեղձերի խնամքի որոշակի կանոններ՝ կանխելով պտուկների ճաքերը: