Արգանդի պարանոցի քաղցկեղ

25.02.201517176

Օնկոլոգիական հիվանդությունների շարքում արգանդի պարանոցի չարորակ գոյացությունները զբաղեցնում են երկրորդ տեղը: Տարեցտարի օնկոլոգիական կլինիկաներում հիվանդների թիվն աճում է, ամեն տարի գրանցվում է ավելի քան 500 հազար նոր դեպք: 

Արգանդի պարանոցի քաղցկեղի պատճառները

Մարդու պապիլլոմավիրուս։ Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հարցում մեծ է մարդու պապիլլոմավիրուսի (ՄՊՎ) դերը: Ապացուցվել է, որ քաղցկեղային բջիջների 80-100%-ը պարունակում է այս վիրուսը: Առավել հաճախ ՄՊՎ-ն փոխանցվում է սեռական ճանապարհով: Այն կարող է բազմանալ, երբ սեռական օրգանների վրա ձևավորվում են սրածայր կանդիլոմաներ, պապիլոմաներ և փոխակերպվել՝ բջիջները փոխակերպվում են քաղցկեղածինի:

Կարդացեք՝  Մարդու պապիլլոմավիրուս․ հիվանդություն, որ կարող է հանգեցնել քաղցկեղի

Տարիքը։ Առավելապես վտանգի գոտում են միջին տարիքի կանայք: 40-ամյա կանանց շրջանում հիվանդությունը 20 անգամ ավելի շատ է ախտորոշվում, քան 25-ամյա կանանց շրջանում: Չնայած որ ոչ այնքան վաղ շրջանում երիտասարդ կանանց քաղցկեղը բացառվում էր, այժմ, ինչպես ասում են, քաղցկեղը երիտասարդացել է և աստիճանաբար ավելի հաճախ է հանդիպում մինչ 30 տարեկան կանանց շրջնում:

Վաղ հասակից (14-17 տ.) սեռական կյանքով ապրելը, երբ էպիթելները բավականաչափ հասուն չեն և հատկապես խոցելի են, կարող են հանգեցնել անցանկալի հետևանքների:

Սեռական զուգընկերների հաճախակի փոխումը բարձրացնում է հիվանդության վտանգը մոտ 10 անգամ:

Ծխելը, հատկապես պապիլլոմա վիրուսով վարակված լինելու պարագայում, երկու անգամ մեծացնում է հիվանդության հավանականությունը:

Հորմոնային հակաբեղմնավորիչների երկարատև ընդունումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հակաբեղմնավորիչների 5 տարուց ավել ընդունումը, հատկապես հասուն տարիքում, մեծացնում է հիվանդանալու հավանականությունը: Սակայն, միաժամանակ, հակաբեղմնավորման այս մեթոդը նվազեցնում է արգանդի և ձվարանների քաղցկեղի առաջացման վտանգը: Օրալային հակաբեղմնավորիչների մեթոդը թույլ տվեց հրաժարվել մեխանիկական պաշտպանությունից (պահպանակների կիրառման մեթոդից), որի արդյունքում բարձրացավ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների թիվը:

Կարդացեք՝  Հորմոնային հակաբեղմնավորիչներ

Սեռական հիգիենայի կանոնների խախտում: Սեռական զուգընկերոջ սերմնահեղուկը (թլփատման չենթարկված) կարող է պարունակել քաղցկեղածին նյութեր: Հայտնի է, որ մահմեդական երկրներում, որտեղ թլփատումը սովորույթներից մեկն է, ավելի հազվադեպ է հանդիպում արգանդի պարանոցի քաղցկեղը:

Կարդացեք՝ Ինտիմ հիգիենայի գաղտնիքները

Սննդում վիտամինների պակասը անբարենպաստ ազդեցություն է թողնում հիվանդության վրա:

Ժառանգական գործոն: Եթե բարեկամների շրջանում եղել են հիվանդներ, ապա այդ կանանց հիվանդանալու վտանգն զգալիորեն ավելանում է:

Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառները հազվադեպ են բացատրվում մեկ գործոնով: Ավելի հաճախ հանդիպում են մի խումբ պատճառներ, որոնք ընկած են հիվանդության առաջացման հիմքում: Այնինչ, բազմաթիվ պատճառների առկայությունը չի նշանակում, որ հիվանդությունն անպայման զարգանալու է:

Կարևոր է հիշել, որ հիվանդությունն սկզբնական փուլերում ընթանում է առանց ախտանշանների: Հիվանդը տարիներով կարող է չիմանալ վտանգի մասին, և միայն կանխարգելիչ հետազոտությունը կարող է բացահայտել պաթոլոգիան:

Արգանդի պարանոցի քաղցկեղի ախտանշանները

Արգանդի պարանոցի քաղցկեղը այն քիչ հիվանդություններից է, որն ավելի հաճախ զարգանում է նախաքաղցկեղային ֆոնի վրա և դրա զարգացումը կարելի է կանխատեսել: Հարկ է նշել, որ այս հիվանդությունը սկզբնական փուլում ընթանում է առանց որևէ ախտանիշների, իսկ արտադրության կամ ցավի առաջացումը կարող է վկայել այլ հիվանդության մասին: Արգանդի պարանոցի քաղցկեղը ավելի ուշ փուլերում կարող է սկսել արտահայտվել, սակայն այդ պարագայում արդեն բուժման հնարավորություններ կարող են չլինել:

Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջին ախտանիշները

Արտադրություն: Դրա առկայությունը միջհյուսվածքային ավշային անցքերի և անոթների բացվածքի մասին է վկայում, որը տեղի է ունենում ուռուցքի նեկրոտիկ (մեռուկային) մասերի քայքաման արդյունքում: Դրանց առկայությունը հեշտոցում, ուղեկցվելով վարակներով, առաջացնում է հոտ: Արտադրությունը կարող է լինել ջրանման կամ արյան հետքով: Իսկ թարախային բնույթի արտադրությունը բնորոշ չէ տվյալ հիվանդությանը: Արտադրությունը կարող է լինել չնչին կամ առատ, մեկանգամյա կամ բազմակի, կարող է նույնիսկ առաջանալ թեթև ծանրաբեռնվածությունից։ Այդպիսի կոնտակտային արյունահոսությունները բնորոշ են արգանդի պարանոցի քաղցկեղին:

Այս նշաններն ազդարարում են մանրազնին հետազոտության անհրաժեշտությունը, քանի որ կարևոր է ախտորոշել հիվանդության փուլը:

Հետագայում ախտանշաններն ավելանում են: Ցավերը կարող են լինել ամենտարբեր տեղակայումներով և բնույթի: Անհրաժեշտ է հիշել, որ դրանք առաջանում են ավելի ուշ փուլերում, երբ ախտահարվել են արդեն ավշային հանգույցները, կոնքային օրգանները և համակարգերը: Ամենից հաճախ առաջանում է ցավ գոտկատեղի հատվածում, որովայնի ստորին հատվածում, սրբանային հատվածում, ուղիղ աղում: Բնորոշ է նաև ազդրերի ցավը, հաճախ՝ ձախ կողմում, որը կոնքի պատի ինֆիլտրատի արդյունք է: Վերին վերջույթների և արտաքին սեռական օրգանների այտուցներ կարող են առաջանալ, եթե հիվանդությունը աչքաթող է արվել, քանի որ այդ դեպքում կոնքային ավշահանգույցների մետաստազների տարածման արդյունքում խցանվում են խոշոր անոթները:

Կարող է նկատվել միզապարկի խանգարում, որն արտահայտվում է միզելու պահանջի հաճախությամբ: Դրա արդյունքում միզապարկի պատերի ինֆիլտրացիան, նրա տարողունակությունը և ընդարձակելիությունը խախտվում են: Միզապարկի մասնակի դատարկումը ցիստիտ է առաջացնում: Ուռուցքի մեծացման պատճառով միզապարկի պատի երկայնքով առաջանում է խուղակ: Ուռուցքային ինֆիլտրատները ճնշում են միզածորանը և առաջանում է մեզի ձգձգում, որի արդյունքում հնարավոր է, որ զարգանա պիելոնեֆրոզ կամ հիդրոնեֆրոզ (երիկամի ջրակալում), ինչպես նաև ուրեմիա (արյան մեջ միզանյութի բարձր մակարդակ): Այս ամենը նպաստում է թարախային վարակի ներթափանցմանը, որը կարող է հանգեցնել լուրջ վարակային բարդությունների:

Աղիների խանգարումներն արտահայտվում են փորկապությունների տեսքով, ուղիղ աղու պերիստալտիկայի խանգարումներով, խուղակի առաջացմամբ:

Ինչպես բոլոր օնկոլոգիական հիվանդությունները, այնպես էլ արգանդի պարանոցի քաղցկեղը, դասակարգվում է նաև ըստ հիվանդության զարգացման փուլերի՝

1-ին փուլ՝ ուռուցքը տեղակայված է արգանդի պարանոցի սահմաններում: Ժամանակին սկսված բուժման պարագայում հիվանդների 5 տարվա ապրելունակությունը կազմում է 80-90%:

2-րդ փուլ՝ ուռուցքը մեծանում է՝ դուրս գալով արգանդի պարանոցի սահմաններից, սակայն հարակից օրգանները դեռ ախտահարված չեն: Ապրելունակությունը կազմում է գրեթե 75%:

3-րդ փուլ՝ քաղցկեղը հասնում է փոքր կոնքի պատին: Ժամանակին սկսված բուժումը կարող է ապահովել ապրելունակություն հիվանդների 30-40%-ի համար:

4-րդ փուլ՝ չարորակ գոյացությունը գերազանցում է փոքր կոնքի սահմանները, ախտահարում է ուղիղ աղին կամ միզապարկը: Հայտնաբերվում են հեռավոր մետաստազներ: Բուժման հավանականություն կա հիվանդների ընդամենը 15%-ի համար:

Բուժման արդյունավետությունը կախված է հիվանդության վաղ հայտնաբերումից: Այդ պատճառով գլխավոր դերերից մեկը պատկանում է ախտորոշմանը:

Ախտորոշում

Վաղ ախտորոշման հիմքում ընկած են կանոնավոր կանխարգելիչ զննումները՝ ՊԱՊ թեստի ացնկացմամբ, որը թույլ է տալիս ոչ միայն հայտնաբերել ուռուցքային բջիջները, այլև ախտորոշել նախաքաղցկեղային վիճակը: Ախտորոշման համար մեծ նշանակություն ունի նմուշառման (բիոպսիա) հիստոլոգիական անալիզը: Սա ամենատեղեկատվական միջոցն է, որ կարող է հաստատել ախտորոշումը: Կոլպոսկոպիայի միջոցով կարելի է մանրամասնորեն հետազոտել լորձաթաղանթը: Կախված նրանից, թե քաղցկեղի ինչ ախտանիշաններն են անհանգստացնում, կարող է նշանակվել որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների ՈՒՁ հետազոտություն: Դա թույլ կտա որոշել, թե որ փուլում է հիվանդությունը, որպեսզի նշանակվի դրան համապատասխան բուժում:

Կարդացեք՝ Արգանդի պարանոցի քաղցկեղի բուժումը

Միայն ժամանակին և հիվանդության վաղ շրջանում սկսված բուժումը կարող է թույլ տալ բարենպաստ կանխատեսում կատարել: Ցավոք, 4-րդ փուլի պարագայում ապրելունակությունը չի գերազանցում 15%-ը: