Հորմոնային հակաբեղմնավորիչներ

25.02.201425516

Հակաբեղմնավորիչ միջոցներից յուրաքանչյուրն ունի իր առավելություներն ու թերությունները: Բացարձակապես անվնաս և հարյուր տոկոսանոց արդյունքի երաշխիքով հակաբեղմնավորիչ առայժմ գոյություն չունի: Այդուհանդերձ, իրենց հանրաճանաչությամբ արդեն 20 տարի առաջին տեղում են համաշխարհային գործածություն ունեցող հորմոնային պատրաստուկները (օրալային հակաբեղմնավորիչները): Այժմ համաձայն ԱՀԿ-ի տվյալների` ամբողջ աշխարհում օրալային հակաբեղմնավորիչներից օգտվում է ավելի քան 150 մլն կին (զարգացած երկրների կանանց 40-50 %-ը):

Հորմոնային հակաբեղմնավորիչների կիրառման հիմքում ընկած է ձվազատումն ընկճելու հատկությունը: Դրա հետևանքով արգանդի պարանոցի խողովակի լորձի մածուցիկությունն ավելանում է` դժվարացնելով սերմի թափանցումն արգանդի մեջ: Դրա հետ նաև լորձի հիմնային ռեակցիան է շեղվում դեպի թթվայինը: Փոխվում է նաև արգանդի լորձաթաղանթի վիճակը` անկարող դառնալով ընդունել բեղմնավորված ձվաբջիջը: Ձվաբջջի հասունացման գործընթացը ձվարանում ուղեկցվում է արգանդափողերի կծկանքի դանդաղեցմամբ: Այդ ամենը վկայում է հորմոնային պատրաստուկների ազդեցության ներքո կնոջ օրգանիզմում տեղի ունեցող զգալի փոփոխությունների մասին, ինչի հետևանքով հղիություն տեղի չի ունենում:

Հորմոնային հակաբեղմնավորիչների տեսականին բավականաչափ ընդարձակ է, հաշվվում են արդեն հարյուրավոր անվանումներ: Դա բացատրվում է այն բանով, որ ոչ բոլոր հորմոնային հակաբեղմնավորիչներն են համապատասխանում ամեն կնոջ: Այնուամենայնիվ, դրանց լայն ընտրությունը թույլ է տալիս համապատասխան պատրաստուկներ առանձնացնել` հաշվի առնելով դրանց առանձնահատկությունը և տանելիությունը: Հիշե'ք, որ միայն բժիշկը հաշվի կառնի ձեր օրգանիզմի առանձնահատկությունը, կկարողանա ճիշտ ու գրագետ ընտրել հորմոնային հակաբեղմնավորիչների այս կամ այն տեսակը:

Հորմոնային հակաբեղմնավորիչների տեսակները

Ներկայում առկա հորմոնային հակաբեղմնավորիչները, կախված իրենց կազմից և գործածության եղանակից, բաժանվում են մի քանի խմբի։ 

  • Համակցված էստրոգեն-հեստագենային պատրաստուկներ, որոնք լինում են միափուլ, երկփուլ, եռափուլ: Դրանք ընդունում են` սկսած ցիկլի 1-5-րդ օրվանից, 21 օր:
  • Մինի պիլի` կազմված հեստագենների միկրոչափաբաժիններից (0,3-0,5 մգ` ամեն հաբում): Հաբերն ընդունում են` սկսած դաշտանիի 1-ին օրվանից, ամեն օր, մշտապես: 
  • Հաջորդական (секвентициальные) պատրաստուկներ: Թողարկվում է երկու տեսակի հաբ՝ 1-ին տեսակի հաբերը պարունակում է 80-100 մկգ մեստրանոլ, ընդունում են ցիկլի առաջին փուլում 10-15 օր, իսկ 2-8-րդ տեսակի հաբերը կազմված են էստրոգեններից և հեստագեններից, ընդունում են դաշտանային ցիկլի երկրորդ փուլում, 10 օր: 
  • Սեռական հարաբերությունից հետո օգտագործվող պատրաստուկներ (արտակարգ հակաբեղմնավորիչներ): Բարձր չափաբաժիններով էստրոգեններ են պարունակում (էթինիլէստրադիոլ) կամ հեստագեններ (d-նորգեստրել): Այս պատրաստուկներն ընդունում են սեռական հարաբերությունից 24-48 ժամ հետո:
  • Երկարատև ազդեցության (դեպոյացված) պատրաստուկներ (այսպես կոչված` եռամսյա ներարկիչ)` բաղկացած է 200 մգ նորէթիստերոնից կամ 150 մգ մեդրօքսիպրոգեստերոնից: Պատրաստուկները ներարկվում են 3-6 ամիսը մեկ անգամ:
  • Ենթամաշկային ներդիրներ (իմպլանտանտներ): Սիլաստիկային պարկուճ է`30 մգ մեգեստրոլ ացետատի պարունակությամբ, որը ներդրվում է ենթամաշկային ճարպաշերտի մեջ` 1-5 տարի ժամկետով: