Ցիստիտ

Ցիստիտը միզապարկի բորբոքային հիվանդություն է: Սովորաբար այն հայտնվում է ուրետրիտի (միզուղիների բորբոքման) հետ: Միզապարկը պարկանման օրգան է, որում կուտակվում է երիկամներից արտադրվող մեզը: Ունի երկու միզածորան, որոնց միջով մեզը հոսում է երիկամներից և միզուղիներով դուրս գալիս օրգանիզմից: Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ կլինի կատարել մեզի հետազոտություն և մեզի ցանքս: Դա կատարվում է ախտորոշման հաստատման և հարուցիչ մանրէների տեսակը որոշելու համար (որպեսզի նշանակվի առավել համապատասխան հակաբիոտիկ դեղամիջոց):
Ինչպե՞ս հանձնել մեզը
Անհրաժեշտ է արտաքին սեռական օրգանները լվանալ գոլ ջրով կամ մաքրել այդ հատվածը ախտահանիչ միջոցներով: Կանայք պետք է լվացում կատարեն առջևից հետև: Անհրաժեշտ է մեզի առաջին շիթը բաց թողնել, այնուհետև միզել նախատեսված տարրայի մեջ: Չի՛ կարելի դիպչել տարրային ներսից:
Կարդացեք. Ինչպե՞ս ճիշտ հանձնել անալիզները
Ցիստիտի առաջացման պատճառները
Սովորաբար ցիստիտն առաջանում է մանրէների պատճառով, որոնք միզուղիներով հայտնվում են միզապարկի մեջ: Ամենից հաճախ հարուցիչը escherichia coli աղիքային ցուպիկն է, որը նորմայում հանդիպում է աղիներում:
Մարմնի անատոմիական կառուցվածքից ելնելով՝ կանայք և աղջիկները ցիստիտով հիվանդանալու ավելի մեծ հակում ունեն, քան տղամարդիկ: Կանանց միզուկը կարճ է, լայն և տեղակայված է հետանցքին մոտ, և հետևաբար վարակներն ավելի հեշտությամբ են ներթափանցում:
Ցիստիտի առաջացման մեկ այլ պատճառ է սեռական ակտից հետո միզուղու բորբոքումը: Այդ դեպքում ախտանշանները սովորաբար ի հայտ են գալիս հարաբերությունից հետո 12 ժամվա ընթաքում:
Ցիստիտի նշաններ կարող են առաջանալ միզուղու արտաքին անցքի բորբոքումից: Երբեմն պատճառ են դառնում տարատեսակ ալերգիաները կոսմետիկ օճառներից, տալկերից և նույնիսկ տուալետի գունավոր թղթից:
Երբեմն ցիստիտով հիվանդանում են նաև երեխաները: Որոշ դեպքերում դա առաջանում է անատոմիական փոփոխությունների պատճառով, երբ մեզը հետ է մղվում միզածորան, և արտազատման համակարգով մեզի հոսքը խանգարվում է: Եթե երեխան ունի ցիստիտի ախտանշաններ, ապա նրան անհրաժեշտ է բժշկական զննում: Ցիստիտի առաջացման վտանգը մեծ է այն երեխաների և մեծահասակների դեպքում, ովքեր երկար ժամանակ հետաձգում են միզարձակումը: Հազվադեպ ցիստիտը կարող է պայմանավորված լինել ուռուցքով:
Ցիստիտի ախտանշանները
Մեծահասակների դեպքում ցիստիտը սովորաբար առաջացնում է հաճախակի և ցավոտ միզարձակում: Ցավը բնութագրվում է այրոցի զգացողությամբ: Մեզը կարող է ուժեղ հոտ ունենալ, լինել պղտոր, արյան հետքերով: Ընդ որում՝ կարող է դիտվել ինքնազգացողության վատացում և մշտական ցավ գոտկատեղում: Երեխաների և տարեցների ախտանշաններն այդքան ուժեղ չեն արտահայտվում: Հիմնականում դիտվում է դողէրոցք, որովայնի ցավ և սրտխառնոց:
Ի՞նչ կարող եք անել դուք
- Անհրաժեշտ է խմել օրական 10-14 բաժակ ջուր:
- Նվազեցրեք թեյի քանակը, բացառեք սուրճը և ոգելից խմիչքները: Դրանք գրգռում են միզապարկը:
- Նվազեցրեք կալցիումի մեծ պարունակությամբ սննդի՝ կաթի, պանրի, յոգուրտի քանակը (միայն բուժման ընթացքում):
- Ցավը մեղմելու համար կարելի է որովայնին, մեջքին կամ ոտքերի միջև տաք իր դնել, օրինակ՝ տաք ջրով լցված շիշ:
- Յուրաքանչյուր 3 ժամը մեկ խմեք մեկ գդալ սոդայաջուր: Դա կօգնի նվազեցնել մեզի թթվայնությունը և ազատվել այրոցի զգացողությունից:
Եթե ունեք հետևյալ ախտանանները, ապա անհրաժեշտ է դիմել բժշկի՝
- եթե օրվա ընթացքում ախտանշանները չեն անցնում,
- եթե առկա է տենդ, մեջքի ստորին հատվածի ցավ, արյուն մեզի մեջ,
- եթե ախտանշաններն առաջանում են հղիության ընթացքում (հղի կանայք ավելի հակված են երիկամների վարակման),
- եթե հիվանդությունը կրկնվում է,
- եթե հիվանդությունն սկսվել է տարբեր սեռական զուգընկերներ ունենալուց հետո,
- եթե հիվանդությունը երեխայի կամ տղամարդու մոտ է առաջացել:
Եթե մշտապես ունենում եք միզուղիների խնդիրներ, ապա ձեզ անհրաժեշտ է դիմել ուրոլոգի: Դեղորայքն ընդունեք բժշկի ցուցումների համաձայն (հիմնականում նշանակվում է հակաբիոտիկ և ցավազրկող): Չի՛ կարելի ընդհատել բուժումը:
Ի՞նչ կարող է անել բժիշկը
Բժիշկը կնշանակի հետազոտություններ՝ միզապարկի, միզուղիների և երիկամների վիճակը ստուգելու համար: Այնուհետև դուրս կգրի համապատասխան դեղորայք: Որոշ դեպքերում հնարավոր է պահանջվի վիրահատական միջամտություն:
Կանխարգելում
- Միզապարկի դատարկումը պետք է կատարվի այնքան հաճախ, որքան պահանջում է ձեր օրգանիզմը: Դա շատ կարևոր է, քանի որ մեզը պահելը ցիստիտի առաջացման ամենգլխավոր պատճառներից մեկն է:
- Պետք է խմել նվազագույնը 8 բաժակ հեղուկ ամեն օր:
- Ամենաքիչը մեկ անգամ անհրաժեշտ է լվացվել օրվա ընթացքում: Միզարձակումից հետո կանայք պետք է լվացում կատարեն նախ առջևից, հետո հետևից, որպեսզի նվազեցնեն հետանցքից միզուղի մանրէների ներթափանցման վտանգը:
- Նախընտրեք բամբակյա ներքնազգեստ և փորձեք չկրել նեղ տաբատներ:
- Եթե ցիստիտը կրկնվում է, լավ կլինի վաննա ընդունելու փոխարեն պարզապես լոգանք ընդունեք: Դա մի փոքր հեշտացնում է լվացում կատարելու ընթացքը:
- Անհրաժեշտ է սեռական հարաբերությունից հետո միզել, որպեսզի միզուղու անցքի մոտ հայտնված մանրէները դուրս գան մեզի հետ նախքան բազմանալը: