Գոնորեա. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն

18.07.201429753

Գոնորեան բավականին տարածված վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը գոնոկոկներն են (Neisseria gonorrhoeae): Առավել հաճախ հարուցիչը փոխանցվում է սեռական ճանապարհով և ախտահարում է միզասեռական համակարգի, երբեմն էլ բերանի, ըմպանի, ուղիղ աղիքի և այլ օրգանների լորձաթաղանթը

Հիմանակն նախանշանները և հնարավոր բարդությունները

Գոնոկոկները, հայտնվելով լորձաթաղանթում, խորը ներթափանցում են էպիթելային բջիջների և միջբջջային տարածության մեջ՝ նպաստելով բորբոքային պրոցեսների առաջացմանը: Գոնորեան ընթանում է ինչպես նոր ձեռքբերված հիվանդություն՝ մինչև 2 ամիս սուր, ենթասուր կամ քիչ ախտանշանային ձևերով, այնպես էլ քրոնիկ ձևով՝ պարբերական սրացումներով: Հնարավոր է նաև, որ հիվանդը հարուցիչի կրող լինի, որի դեպքում խանգարումներն ու գոնորեայի ախտանշանները բացակայում են:

Վարակի թաքնված շրջանը 3-ից 15 օր է, որից հետո ի հայտ են գալիս առաջին ախտանշանները՝

  • ջերմության բարձրացում,
  • արյան ցուցանիշների փոփոխություններ,
  • թարախային արտադրություն սեռական ուղիներից,
  • ցավ և այրոցի զգացում միզարձակման ընթացքում,
  • քոր և այրոց հեշտոցում,
  • ցավ ներքին սեռական օրգանների շրջանում։

Ուշ հայտնաբերման և բուժման բացակայության պարագայում գոնորեայի հետևանքները բազմազան են: Կանանց շրջանում կարող են առաջացնել սեռական օրգանների և միզուղիների հիվանդություններ (վուլվիտ, ցերվիցիտ, ադնեկսիտ, միզուկաբորբ, բարթոլինիտ, էնոմետրիտ, սալպինգոօֆորիտ), հանգեցնում են դաշտանային ցիկլի խանգարման, կպումների առաջացման, չզարգացող հղիության և անպտղության: Որոշ դեպքերում էլ գոնոկոկները հայտնվում են արյան հոսքում՝ հանգեցնելով առավել լուրջ հետևանքների՝ անոթների ախտահարման, սրտի ներքին թաղանթի բորբոքման (էնդոկարդիտ) և մենինգիտի:

Բացի այդ, գոնորեան կարող է համատեղվել վարակի այլ տեսակների հետ ևս, ինչը դժվարացնում է վարակի հայտնաբերումը և նվազեցնում է բուժման արդյունավետությունը:

Ախտորոշումը

Գոնոկոկային վարակի ախտորոշումն իրականացվում է ինչպես հիվանդի, այնպես էլ նրա սեռական զուգընկերների, ինչպես նաև հիվանդի հետ սերտ հարաբերություններ ունեցած մարդկանց համար: Հիվանդության հարուցչին հավաստիորեն հնարավոր է հայտնաբերել լորձաթաղանթների վրա՝ բակտերիասկոպիական, մանրէաբանական և հեշտոցից, վզիկից, միզուկից, շագանակագեղձից, ուղիղ աղիքից կամ ախտահարման կասկած հարուցող այլ հատվածներից վերցված քսուքի լաբորատոր հետազոտման մեթոդների միջոցով:

Այդուհանդերձ բակտերիասկոպիան ոչ միշտ է թույլ տալիս հայտնաբերել գոնոկոկները, քանի որ այդ տեսակի մանրէները արագ են փոփոխվում (զգայունությունը՝ 80%): Այդ պատճառով էլ առավել հարմար հետազոտությունը մանրէաբանական ցանքսն է հատուկ սննդային միջավայրում (զգայունությունը՝ 90-100%):

Լաբորատոր ախտորոշման մյուս մեթոդները՝ իմունաֆլյուորիսցենցիա, իմանաֆերմենտային հետազոտություն, ՊՇՌ և այլն, հազվադեպ են կիրառվում: Բացի վերոնշյալից, գոնոկոկների հայտնաբերման նպատակով կատարվում է բորբոքային պրոցեսի արհեստական ստեղծում: Այն անցկացվում է հատուկ քիմիական պատրաստուկների, գոնոպատվաստանյութերի, տաքացման կամ այս բոլոր մեթոդների համակցման, ինչպես նաև ֆիզիոլոգիական մեթոդով՝ կնոջից դաշտանի առաջին օրերին հետազատման նյութ վերցնելով:

Գոնորեան և հղիությունը

Գոնոկոկային վարակը հղիության ընթացքում լրջագույն հետևանքներ է ունենում ինչպես մոր, այնպես էլ պտղի համար, ինչը շատ հաճախ պայմանավորված է հարուցչի ուշ հայտնաբերման և բուժման բացակայության պարագայում:

Գոնորեան կարող է առաջացնել՝

  • էնդոմետրիտ, որը հանգեցնում է վաղ շրջանում ինքնաբեր վիժման,
  • պտղաջրերի վաղաժամ արտահոսք,
  • խորիաամնիոնիտ,
  • պտղի կամ նորածնի մահ,
  • վաղաժամ ծննդաբերություն,
  • ջերմության բարձրացում և հետծննդաբերական շրջանում էնդոմետրիտի զարգացում,
  • գոնոկոկային կոնյուկտիվիտ։

Հղի կանանց՝ գոնոկոկների հայտնաբերմանն ուղղված պլանային հետազոտություններն իրականացվում են հղիության առաջին և երրորդ եռամսյակներին, իսկ սեռական օրգանների բորբոքային երևույթների առկայության կամ ամուսնու ուրոլոգիական հիվանդության դեպքում՝ մի քանի անգամ:

Բուժումը

Կանանց և տղամարդկանց բուժումն իրականացվում է հակաբիոտիկների միջոցով: Ծանր կամ մի քանի վարակների համատեղման դեպքերում նշանակվում է համակողմանի բուժում մի քանի տեսակի հակամանրէային միջոցների կիրառմամբ: Բուժման ենթակա են նաև հիվանդի սեռական զուգընկերները:

Գոնորեան բուժված է համարվում, եթե.

  • անալիզի արդյունքում այլևս չկան գոնոկոկներ, 
  • հետազոտման ընթացքում չկան ցավային զգացումներ,
  • կարգավորվել է դաշտանային ցիկլը:

Հակաբիոտիկային թերապիայից և սուր բորբոքային պրոցեսի հեռացումից հետո նշանակվում է միկրոֆլորայի վերականգնում էուբիոտիկների միջոցով, կիրառվում է նաև ֆիզիոթերապիա, իմունաթերապիա և հակաբորբոքային վերականգնողական բուժում:

Կանխարգելումը

Գոնորեայի կանխարգելումը կատարվում է նույն կերպ, ինչ սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակները:

  • Պետք է բացառել պատահական սեռական կապերը, հատկապես հղիության ընթացքում:
  • Անհրաժեշտ է օգտվել պահպանակից:
  • Հարկավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոները:
  • Հղիության դեպքում պետք է ժամանակին հաշվառվել բուժզննման և անցնել անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:

Միշտ հիշեք, որ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելն ու բուժելը լավագույն միջոցն է, որպեսզի կանխարգելեք բարդությունների առաջացումն ու ձեր, ինչպես նաև ձեր երեխայի առողջական լուրջ խնդիրները: