Երկեղջյուր արգանդ
Հղիանալով` կինը շատ բան է բացահայտում կնոջ առողջության մասին: Չէ որ հղիության ընթացքում կարող են ի հայտ գալ մեր օրգանիզմի այնպիսի նրբություններ, որոնց մասին մինչ այդ ոչինչ չէինք կասկածում: Այդ պատճառով կարևոր է նախապատաստվել հղիությանը` ծրագրել, հետազոտվել, հեռացնել սպառնացող վտանգները: Արգանդի կառուցվածքի այնպիսի առանձնահատկությունը, ինչպիսին է երկեղջյուր արգանդը, կարող է պատճառ դառնալ, որ կինը չկարողանա տանել հղիությունը:
Ինչ է երկեղջյուր արգանդը
Երկեղջյուր արգանդը արգանդի զարգացման հաճախ հանդիպող ախտաբանական երևույթ է: Արգանդի խոռոչն ընդհանրապես եռանկյունաձև է, իսկ երկեղջյուր արգանդի դեպքում ունենում է սխալ, երկու մասի ճեղքված ձև: Կախված ճեղքվածության աստիճանից` առանձնացվում են երկեղջուրության հետևյալ տեսակները.
Լրիվ երկեղջյուրություն, երբ արգանդը բաժանված է երկու խոռոչի, որոնք իրար են կապվում ոչ մեծ միջնապատով:
Ոչ լրիվ երկճյուղություն, երբ արգանդը քիչ է ճեղքված, և եղջյուրների միջև խոռոչը շատ խորը չէ:
Թամբաձև արգանդ, որ դեպքում միայն արգանդի վերին հատվածում թամբի նմանվող խորություն է ունենում:
Երկեղջյուր արգանդի ախտանշանները
Որպես այդպիսին ախտանշաններ չկան: Շատ բարդ դեպքերում կարող է լինել դաշտանային ցիկլի խանգարում: Առավել հաճախ այս խնդրի մասին կանայք իմանում են անպտղության վերաբերյալ հետազոտվելիս (երկեղջյուր արգանդը կարող է պատճառ հանդիսանալ դրա համար) կամ արդեն հղիության ժամանակ: Ինչպես նաև երկեղջյուր արգանդի դեպքում կինը կարող է չկարողանալ տանել հղիություն:
Երկեղջյուր արգանդն ախտորոշում են ՈՒՁՀ-ի, լապարասկոպիայի, հիստերոսկոպիայի, հիստերոսալպինգոգրաֆիայի օգնությամբ: Արդյոք բուժվում է երկեղջյուր արգանդը: Որպես կանոն` ոչ: Բայց եթե երկեղջյուրությունն արտահայտված է և հանդիսանում է անպտղության և հղիությունը չտանելու պատճառ, ապա հնարավոր է վիրահատական միջամտությամբ ուղղել այդ խնդիրը: Այդ դեպքում կատարվում է վիրահատություն արգանդի անատոմիական ձևը վերականգնելու համար:
Կարելի՞ է արդյոք հղիանալ երկեղջյուր արգանդ ունենալու դեպքում: Չնայած պատահում է, որ երկեղջյուր արգանդը դառնում է անպտղության պատճառ, բայց շատ հաճախ հաջողվում է հղիանալ: Հղիության հետագա ընթացքը կախված է պաթոլոգիայի արտահայտվածության աստիճանից և բեղմնավորված ձվաբջջի տեղակայման դիրքից: Եթե բեղմնավորված ձվաբջիջը չափազանց ներքև է կպած լինում, առաջանում է ընկերքի առաջադրության վտանգ: Վտանգը շատ մեծ է այս պաթոլոգիայի դեպքում: Եթե բեղմանվորված ձվաբջիջը կպած է լինում եղջյուրներից մեկին, ապա կարևոր է իմանալ, որ եղջյուրը գործնականորեն առանձնացած փոքր արգանդ է: Քանի որ իր չափով այն տարբերվում է առողջ արգանդից, հղիության ժամանակ հնարավոր է մկանների և ջլերի վրա մեծ ճնշում:
Երկեղջյուր արգանդի դեպքում հղիությունը կարող է բերել ընկերքի անբավարար արյունաշրջանառության, պտղի սխալ դիրքի և դրա սեղմման, իստմիկոցերվիկալ անբավարարության, վիժման, վաղաժամ ծննդաբերության, ամնիոտիկ թաղանթի պատռման և պտղաջրերի վաղաժամ արտահոսքի, ինչպես նաև ծննդաբերական ընթացքի խանգարումների:
Ծննդաբերության ընթացքի թուլության և արգանդի մկանների չափից շատ ձգվածության պատճառով առավել հաճախ դիմում են կեսարյան հատման, որպեսզի խուսափեն արգանդի և պտղի վնասվածքներից: Եթե հղիության ընդհատման նշաններն ի հայտ են գալիս հղիության այն շրջանում, երբ պտուղն արդեն կենսունակ է, դա արդեն հուշում է, որ պետք է դիմել կեսարյան հատման: Եթե տեղի է ունեցել երկու ձվաբջջի բեղմնավորում և բեղմանվորված ձվաբջիջները կպած են արգանդի տարբեր ճյուղերին, ապա ապագա մայրիկը պետք է անպայամանորեն գտնվի բժշկի հսկողության տակ հղիության ողջ ընթացքում:
Հաճախ լինում է, որ երկեղջյուր արգանդ ունեցող կանայք բարեհաջող հղիանում և ծննդաբերում են, այդ պատճառով չարժե բացասական տարբերակի հնարավորությունը սրտին մոտ ընդունել: Բայց եթե հղի կնոջ մոտ առաջին ՈՒՁՀ-ի ժամանակ նման պաթոլոգիա է հայտնաբերվել, ապա պարզապես իմանալ է պետք, որ դուք պետք է էլ ավելի ուշադիր լինեք ինքներդ ձեր հանդեպ և շտապեք բժշկի մոտ ինքնազգացողության առաջին իսկ վատացման ժամանակ: Չէ որ ժամանակակից բժշկությունը բավականին մեծ ուժ և հնարավորություններ ունի, որպեսզի կարողանա վերահսկել ձեր հղիության ընթացքը և միջոցներ ձեռնարկի դրա պահպանման համար: