Ընկերքի առաջադրություն

16.04.201431055

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ժամանակավորապես ձևավորվում է մի նոր օրգան՝ ընկերք: Այն խիստ էական դեր է խաղում պտղի նորմալ զարգացման հարցում, իսկ դրա ճիշտ դիրքը որոշիչ նշանակություն է ունենում հղիության և անգամ ծննդաբերության համար: Որոշ դեպքերում ընկերքը սխալ տեղում է կպչում արգանդի պատին և ի հայտ է գալիս ընկերքի առաջադրություն:

Եթե ընկերքը տեղակայված է ներքին օղի մոտ կամ ամբոջությամբ ծածկում է այն, ապա այդ փաստն իրական խնդիր է դառնում պտղի ծննդյան համար: Փոքրիկի գլուխը սեղմում է ընկերքը, և չի կարողանում անցնել ծննդուղիներով: Այսպիսի պաթոլոգիայի ախտորոշմամբ զբաղվում են շատ վաղ հղիության ժամկետից՝ յուրաքանչյուր նշանակված կամ լրացուցիչ ՈՒՁՀ-ի ժամանակ: Ընթացիկ ուլտրաձայնային հետազոտությունների ընթացքում բժիշկն անպայման որոշում է ընկերքի դիրքը: Լինում է ընկերքի ամբողջական առաջադրություն (ներքին օղն ամբողջութամբ ծածկված է կենտրոնական մասով), ոչ ամբողջական (ներքին օղն ոչ ամբողջութամբ է ծածկված) և եզրային (ընկերքը միայն ներքին օղի եզրին է) ու ցածր տեղակայված ընկերք, երբ տեղակայումն արգանդի ստորին հատվածում է:

                               

Նորմայում ընկերքը տեղակայված է արգանդի հատակին մոտ` առջևի կամ հետին պատին (վերջինս հազվադեպ է լինում: Առաջադիր ընկերքի հիմնական ախտանշանը սեռական ուղիներից եկող, անցավ արյունային արտադրությունը կամ արյունահոսությունն է: Դե իսկ հղիության ընթացքում նկատվող ցանկացած տիպի արյունահոսություն բժշկին անհապաղ դիմելու առիթ է:

Հղի կինը պետք է խստագույն ձևով խուսափի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և բժշկի խորհրդով անհրաժեշտության դեպքում անկողնային ռեժիմ պահի: Դեղամիջոցների նշանակումն ուղղված է արգանդի լարվածությունը հանելուն, անոթների պատերն ամրացնելուն և այլն: Ծանր դեպքերում հարկ է լինում մի քանի օր անցկացնել հիվանդանոցում: Այս ախտորոշմամբ կինը, անկախ այն բանից` կան գանգատներ, թե ոչ, պետք է լինի բժշկների հսկողության տակ: