Հիստերոսալպինգոգրաֆիա. ի՞նչ միջամտություն է, ե՞րբ է ցուցված

06.05.20149352

Հիստերոսալպինգոգրաֆիան արգանդի խոռոչի և արգանդափողերի հետազոտման ռենտգենյան մեթոդ է: Այն թույլ է տալիս հայտանբերել որոշ պաթոլոգիկ վիճակներ, որոնք կարող են անպտղության պատճառ հանդիսանալ: Առավել հաճախ այս միջամտությունը նշանակվում է այն դեպքերում, երբ արգանդափողերի անցանելիությունը ստուգելու անհրաժեշտություն է լինում:

Անհրաժե՞շտ է ինչ-որ կերպ նախապատրաստվել ՀՍԳ-ին

Այն կանանց, ում ՀՍԳ սպասվում է առաջին անգամ, իհարկե հետաքրքրում են մի շարք հարցեր՝ կապված նախապատրաստության հետ: Բնականաբար կան որոշակի ցուցումներ:

Առաջին հերթին հարկավոր է ուշադիր լինել և պաշտպանվել հղիությունից հետազոտման անցկացման ցիկլի հենց սկզբից, քանի որ ռենտգենյան ճառագայթները և կոնտրաստ նյութերի բաղադրության մեջ մտնող յոդը կարող են բացասաբար անդրադառնալ սաղմի վրա, կամ արդեն բեղմնավորված և փողով շարժվող ձվաբջիջը կոնտրաստ նյութերով լվացվում է և ցանկալի հղիությունն այդպես էլ չի ստացվում:
Պետք չէ անտեսել ցուցումները, քանի որ հայտնի են դեպքեր, երբ ՀՍԳ-ից հետո հղիությունը, որն առաջացել էր հենց նույն ցիկլի ընթացքում, ստիպված են լինում դադարեցնել անգամ բավականին ուշ ամիսներին:

Երկրորդ, միջամտությունից մեկ շաբաթ առաջ պետք չէ առանց բժշկի խորհրդի ներլվացումներ կատարել կամ օգտագործել մոմիկներ հեշտոցում:
Երրորդ, ՀՍԳ միջամտությունը սվորաբար անցկացվում է առանց անզգայացման, այդ պատճառով ցավազրկման հարցն անհրաժեշտ է կանխավ քննարկել բժշկի հետ: Եթե ցավազրկում նախատեսված չէ, ապա կարելի է ինքնուրույն ընդունել որևէ սպազմոլիտիկ կամ անալգետիկ: Սա անհրաժեշտ է հատկապես ցավի նկատմամբ գերզգայուն կանանց: Բացի այս, հետազոտությունը չի կարելի անցկացնել առանց արյան, մեզի և քսուքի հետազոտության: Հակառակ դեպքում հեշտոցում եղած բորբոքային երևույթները կարող են անցնել վերև` դեպի արգանդ կամ փողեր: Այս ամենը հաշվի առնելով` հարկավոր է ժամանակին հանձնել բոլոր անալիզները:

Հարկավոր է ունենալ՝ հիգենիկ միջադիրներ, փոխնորդ հագուստ, գողաթափեր, տակդիրներ: Այս ամենի վերաբերյալ տարբեր բժշկական հաստատություններ կարող են իրենց կանոններն ունենալ:

Հիստերոսալպինգոգրաֆիա. ինչպե՞ս է անցկացվում միջամտությունը

ՀՍԳ-ն սովորաբար նշանակում են դաշտանային ցիկլի առաջին կեսին, բնականաբար, արնահոսության դադարումից հետո: Դա բացատրվում է նրանով, որ այդ շրջանում էնդոմետրիայի հաստությունը դեռ շատ չէ, իսկ արգանդի վզիկը բաց է կամ թույլ է փակված և անհրաժեշտութուն չի լինի այն հատուկ լայնացնելու: Միջամտությունն անցկացվում է ռետնգենյան ապարատի տակ` սեղանի վրա: Հեշտոց է մտցվում հայելի, արգանդի վզիկը մշակվում է մանրէազերծող (անտիսեպտիկ) լուծույթով, իսկ հետո անեսթետիկով, ինչից հետո արգանդի վզիկի ուղի է մտցվում կատետր, որով մեղմորեն ներմուծվում է հատուկ կոնտրաստային դեղորայք: Նպատակն այն է, որ արգանդը լցվի լուծույթով, իսկ հետո այն արգանդափողերով հոսի որովայնի խոռոչ: Ապա արվում են մի շարք նկարներ:

Միջամտությունից հետո որոշ ժամանակ անհրաժեշտ է մնալ հիվանդասենյակում: Արդյունքները Ռենտգենի նկարներով բժիշկը կարող է գնահատել արգանդի, արգանդի վզիկի ձևը, չափսը և դիրքը, ինչպես նաև արգանդափողերի անցանելիությունն ու դիրքը: Բժիշկը կարող է եզրակացնել, որ փողերն անցանելի են, եթե դրանք ամբողջովին լցված են կոնտրաստային նյութերով, որոնք լցվել են և որովայնի խոռոչ: Եթե փողերն անցնանելի չեն, ապա նկարում դրանք չեն առանձնանա ընդհանրապես, կամ մասնակի կերևան` կախված այն բանից, թե որտեղ է խոչընդոտը: Ինչպես նաև հնարավոր է արգանդում և արգանդափողերում այլ պաթոլոգիաների հայտնաբերում` արգանդի խոռոչում կպումներ, պոլիպներ, միոմաներ, հիդրոսալպինկս, փողերի տարաբնույթ դեֆորմացիաներ և այլն:

Հակացուցումներ ՀՍԳ-ի համար

Սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ 
Վարակիչ հիվանդություններ 
Արգանդային արնահոսություններ 
Թրոմբոֆլեբիթ 
Հղիություն
Կոնտրաստային նյութերի բաղադրիչների հանդեպ անհատական ռեակցիա և այլն

ՀՍԳ-ի հետևանքները

Ընդհանրապես ՀՍԳ-ին հաջորդող շրջանը լուրջ բարդություններով չի ուղեկցվում, քանի որ միջամտությունը բավականին անվտանգ է: Կարճ ժամանակի ընթացքում (մինչև մի քանի օր) կարող են անհանգստացնել փորի ներքևի հատվածում ցավերը, աննշան արնահոսությունը, լորձանման կամ նոսր արտադրությունը, ալերգիկ ռեակցիաները: Արյունոտ արտադրությունը բացատրվում է արգանդի վզիկի փոքրիկ վնասվածքով, որը կարող է հասցվել կատետրի՝ արգանդի խոռոչ ներդրվելու արդյունքում, կարող է տևել մինչև յոթ օր:

Այս բոլոր երևույթները հատուկ բուժման կարիք չունեն և որոշ ժամանակ անց ինքնաբերաբար անցնում են: Սակայն եթե սկսվում է առատ արնահոսություն և կա ուժեղ ցավի զգացում, ապա անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել բժշկին: Բարդություններից խուսափելու համար ՀՍԳ-ից հետո մի քանի օրվա ընթացքում խորհուրդ չի տրվում լվացումներ անել, օգտագործել տամպոններ, ինչպես նաև խորհուրդ է տրվում մեկ շաբաթ խուսափել սեռական հարաբերությունից և վաննաների ընդունումից:

Հղիությունը ՀՍԳ-ից հետո

Քիչ չեն դեպքերը, երբ հիստերոսալպինգոգրաֆիան, որը փաստացի պարզապես ախտորոշիչ միջամտություն է, թույլ է տվել վերջապես հղիանալ հետազոտության ցիկլի ավարտից ոչ շատ ուշ ընկած ժամանակում: Գիտական տեսանկյունից դա բացատրվում է նրանով, որ կոնտրաստային լուծույթի ճնշման տակ, որը լցնում է արգանդի խոռոչը և արգանդափողերը, կարող են պոկվել փոքրիկ բարակ կպումները, և եթե հենց դրանց մեջ էր անպտղության պատճառը, ապա այն վերանում է այդ մեթոդով:

Ուլտրաձայնային հիստերոսալպինգոգրաֆիա (հիդրոսոնոգրաֆիա, ԷԽՈ-ՀՍԳ)

Հայտնի է ՀՍԳ-ն ՈՒՁՀ սարքի միջոցով: Ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ, եթե համեմատենք ռենտգենի միջոցով կատարվող ՀՍԳ-ի հետ: Այս հետազոտության ժամանակ արգանդ են ներմուծում ֆիզլուծույթ և պարզում են` արդյոք այն լցվում է որովայնի խոռոչ:

Առավելությունները

Այս դեպքում բացակայում են ճառագայթները, հարկ չկա պաշտպանվել մինչև ցիկլի ավարտը:

Թերությունները

Պարզվում է միայն անցանելության փաստը, ՈՒՁՀ-ով փողերի տարաբնույթ պաթոլոգիաներ հայտնաբերել հնարավոր չէ, ինչպես նաև չեն ստացվում արգանդի և արգանդափողերի նկարները: