Հեպատիտ B

Հեպատիտ B

Հեպատիտ B-ն վարակ է, որ ախտահարում է լյարդը և հանգեցնում հիվանդության քրոնիկական ձևի, վարակակրության, ցիռոզի զարգացման և լյարդի քաղցկեղի։ Հնարավոր է, որ այն երկար ժամանակ փակ ընթանա և փոխանցվի այլ մարդկանց։

Ձևերը

Առանձնացվում է հիվանդության սուր և քրոնիկական ընթացք, բացի այդ որպես առանձին տարբերակ առանձնացվում է նաև հեպատիտ B-ի վարակակրությունը։ Սուր ձևը կարող է առաջանալ վարակվելուց անմիջապես հետո, ընթանում է վառ արտահայտված կլինիկական ախտանշաններով, երբեմն՝ կայծակնային արագությամբ։ Քրոնիկական ձևը կարող է առաջանալ սուր հեպատիտից հետո, հնարավոր է՝ ի սկզբանե առանց հիանդության սուր փուլի։ Կարող է դրսևորվել և՛ առանց ախտանշանների, և՛ ակտիվ՝ վերածվելով ցիռոզի։

Պատճառները

Հեպատիտ B-ն ի հայտ է գալիս յուրահատուկ հարուցիչի միջոցով, որը բավականին կայուն է արտաքին միջավայրում։ Այն փոխանցվում է սեռական ցանկացած շփման, ներարկման միջոցով, արյան փոխներարկման կամ վիրահատությունների ժամանակ։ Հնարավոր է վարակվել ատամնաբուժարանում, սափրվելու, դաջվածքներ անելու, մատնահարդարման ընթացքում, եթե գործիքները լավ ախտահանված չեն լինում կամ եթե մաշկը վնասված է լինում։

Վարակը կարող է փոխանցվել վարակված մորից երեխային ծննդաբերության ընթացքում, սակայն կրծքով կերակրման ընթացքում այն կաթի մեջ չի անցնում։ Կենցաղային պարագաների միջոցով վարակվելու հավանականությունը փոքր է (ընդհանուր սպասքից, սպիտակեղենից օգտվելու, համբուրվելու, ձեռքսեղմման և գրկախառնության միջոցով հնարավոր չէ վարակվել), իսկ այ ընդհանուր ածելիից կամ ատամի խոզանակից օգտվելը մեծացնում է վարակման հավանականությունը։

Վարակը մեծ քանակությամբ հայտնաբերվում է հեղուկ միջավայրում՝ թքում, քրտինքի, արցունքի, մեզի մեջ, սակայն առավելագույն խտությամբ առկա է լինում արյան մեջ։

Հեպատիտ B-ի զարգացման մեխանիզմները

Հեպատիտ B-ի հարուցիչը, հայտնվելով մարդու օրգանիզմում, ամրանում է լյարդի բջիջների վրա։ Հարուցիչն ինքնին չի վնասում բջիջները, իսկ այ իմունային համակարգը ճանաչում է վարակված բջիջները և հարձակվում դրանց վրա։ Որքան ակտիվ է իմունային պրոցեսը, այնքան ուժգին են լինում դրսևորումները։ Լյարդի վնասված բջիջների ոչնչացման արդյունքում լյարդի բորբոքում՝ հեպատիտ է ի հայտ գալիս։ Հենց իմունային համակարգի աշխատանքից է կախված վարակակրությունը և անցումը քրոնիկական ձևի։

Դրսևորումները

Հեպատիտ B-ն ընթանում է հստակ փուլերով, սկսվում է գաղտնի շրջանից, որը տևում է 30-40 օրից մինչև վեց ամիս (միջինում 60-90 օր)։ Այդ ժամանակահատվածում վիրուսը բազմանում է և ներթափանցում լյարդի հյուսվածքների մեջ։ Հաջորդում է հիվանդության առանց դեղնուկի (պրոդրոմալային) փուլը, որի ընթացքում ի հայտ են գալիս ընդհանուր մրսածությանը բնորոշ ախտանշաններ։ Դրանցից են՝

  • ինքնազգացողության վատացում, ախորժակի անկում, թուլություն, գունատություն,
  • սրտխառնոց և փսխելու ցանկություն, 
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում, 
  • հոդացավեր, գլխացավ, 
  • ռեսպիրատոր դրսևորումներ՝ հարբուխ, հազ, կոկորդի ցավ։

Ախտանշաններն աստիճանաբար անցնում են դեղնուկի փուլ և կրկին որոշակի հերթականությամբ են դրսևորվում՝

  • մեզի գույնի զգալի մգացում,
  • մաշկի, աչքի սպիտակուցային թաղանթի, բերանի լորձաթաղանթի դեղնություն,
  • ցավեր որովայնում, հատկապես աջ ենթակողում, 
  • կղանքի գունազրկում։

Հեպատիտ B-ի ծանր և կայծակնային արագությամբ ընթացող ձևերը վտանգավոր են, քանի որ մեծ արագությամբ են զարգանում։ Ի հայտ է գալիս՝

  • գլխապտույտ, 
  • կտրուկ թուլություն, անկողնուց վեր կենալու անկարողություն, 
  • փսխում, 
  • մղձավանջային երազներ՝ որպես ուղեղի հյուսվածքների ախտահարման նշան,
  • գիտակցության կորուստ, 
  • լնդերի, քթի արնահոսություն, 
  • կապտուկներ մաշկի վրա, ոտքերի այտուցվածություն։

Կայծակնային ձևի դեպքում կոմայի ախտանշաններ են զարգանում, հաճախադեպ է նաև մահվան ելքը։ Քրոնիկական հեպատիտ B-ի դեպքում հնարավոր է, որ հիվանդը գլխի չընկնի հիվանդության մասին, քանի որ աստիճանաբար է սկսվում։

Քրոնիկական հեպատիտ B-ի առաջին ախտանշաններն են՝

  • հոգնածություն, թուլություն և քնկոտություն, 
  • արթնանալու դժվարություն, 
  • քնի խանգարում, ցերեկային քնկոտություն և գիշերային անքնություն, 
  • ախորժակի խանգարում, սրտխառնոց, փքվածություն, փսխում, 
  • դեղնուկի առաջացում՝ մգանում է մեզը, դեղնում են աչքերի սպիտակուցային թաղանթները և լորձաթաղանթները (դեղնուկը սովորաբար կայուն է լինում կամ արտահայտվում է ալիքանման)։

Հեպատիտ B-ի բուժումը

Թերապիայի մեթոդներն ուղղված են վիրուսի դեմ պայքարին, հիվանդի վիճակի բարելավմանը, տոքսիկոզի և լյարդի ախտահարման դրսևորումների վերացմանը։

Թերապիան ներառում է՝

  • ռեժիմային հատուկ միջոցառումներ՝ ֆիզիկական և հոգեբանական հանգիստ ապահովելով, 
  • հատուկ սննդակարգի մշակում (յուղալի, կծու և լյարդը ծանրաբեռնող մթերքների, ալկոհոլի բացառում, աղի սահմանափակում և այլն), 
  • դիմադրողական համակարգի աշխատանքին խթանող բուժում, 
  • ինտոքսիկացիայի վերացման նպատակով նշանակվում է մի շարք լուծույթների ներարկում կաթիլային եղանակով, 
  • լյարդի աշխատանքը պահպանող դեղամիջոցների, սննդի յուրացումը բարելավող ֆերմենտների, լեղամուղ միջոցների կիրառում, 
  • վիտամինաթերապիա։

Հետագայում իմունային համակարգի վերականգնման նպատակով բժիշկներն իրականացնում են այլ միջոցառումներ, որպեսզի կանխեն հիվանդության անցումը քրոնիկական ձևի։

Բարդացումներ

Բարդություններ են առաջանում սովորաբար հյուծված, քրոնիկական ձև ունեցող մարդկանց դեպքում։ Հեպատիտ B-ի անցումը քրոնիկական ձևի կախված է տարիքից։ Մինչև հինգ տարեկան երեխաների դեպքում հավանականությունը խիստ մեծանում է։

Կանխարգելումը

Կանխարգելման հիմքն առողջ ապրելակերպն է և հավատարմությունը զուգընկերոջ հանդեպ։ Բացի այդ, կարևոր է մեկանգամյա գործիքների օգտագործումը (ատամնաբուժարանում, հիվանդանոցում, մատնահարդարի սենյակում և այլն), դրանց մանրակրկիտ մանրէազերծումը սափրվելուց առաջ։

Պատվաստում հեպատիտ B-ի դեմ

Հեպատիտների դեմ պատվաստումն իրականացվում է ազգային օրացույցով։ Առաջին հերթին պատվաստվում են ռիսկային խմբում գտնվող մարդիկ՝

  • բժիշկները, մարդիկ, ովքեր գործ են ունենում կենսաբանական նյութերի հետ, 
  • բոլոր տարիքի երեխաները, 
  • վարակակրի ընտանիքի անդամները, 
  • այն այցելուները, ովքեր արյան դիալեզ են անցնում, 
  • ակտիվ սեռական կյանք վարող անձինք, 
  • ճանապարհորդները, 
  • հիվանդ լյարդ կամ հեպատիտի այլ տեսակներ ունեցող մարդիկ, 
  • բանտարկյալները։
Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում

Ինչու է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Ինչու է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո առաջացող որովայնի ցավը կոչվում է դիսպարեունիա

Ինչո՞ւ է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Ինչո՞ւ է ցավում որովայնը սեռական հարաբերությունից հետո և ինչ անել դրա դեմ

Սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո առաջացող որովայնի ցավը կոչվում է դիսպարեունիա