HELLP համախտանիշ

HELLP համախտանիշը հազվադեպ և վտանգավոր խնդիր է մանկաբարձության մեջ։ Հապավումն ունի հետևյալ նշանակությունը՝ H՝ hemolysis (հեմոլիզ), ЕL՝ еlеvated liver enzymes (լյարդի ֆերմենտների ակտիվության բարձրացում), LP՝ lоw рlаtelet соunt (թրոմբոցիտոպենիա)։
Դասակարգումը
Լաբորատոր ցուցանիշների հիման վրա որոշ հեղինակներ փորձել են դասակարգում առաջարկել։ Պ․Ա․Վան Դամը և այլք տարբերում են երեք խումբ՝ ակնհայտ, կասկածելի և թաքնված ներանոթային մակարդման նշաններով։ Ջ․Ն․Մարտինն առանձնացնում է երկու դաս՝ առաջին (արյան մեջ թրոմբոցիտների քանակը 50×109/լ-ից քիչ է) և երկրորդ (արյան մեջ թրոմբոցիտների խտությունը 50–100×109/լ է)։
Առաջացումը
HELLP համախտանիշի իրական պատճառները դեռևս հայտնաբերված չեն, սակայն հստակեցված են զարգացման մի շարք ասպեկտներ։
Հնարավոր պատճառներն են՝
- իմունաագրեսիա (T-լիմֆոցիտների և B-լիմֆոցիտների դեպրեսիա),
- աուտոիմունային ագրեսիա,
- պրոստացիկլին/թրոմբոքսան հարաբերակցության նվազում,
- փոփոխություններ եմոստազի համակարգում,
- լյարդի ֆերմենտների գենետիկական ձևախեղումներ,
- դեղամիջոցների օգտագործում (տետրացիկլին, քլորամֆենիկոլ)։
Ռիսկի գործոններն են՝
- բաց գույնի մաշկ,
- տարիք (հղի կինը 25 տարեկանից մեծ է),
- բազմաթիվ ծննդաբերություններ,
- բազմապտուղ հղիություն,
- արտահայտված սոմատիկ հիվանդություններ։
Կլինիկական պատկերը
HELLP համախտանիշը սովորաբար ի հայտ է գալիս հղիության երրորդ եռամսյակում, հաճախ՝ 35-րդ շաբաթում և հետո։ Սկզբնական դրսևորումները բնորոշ չեն՝ սրտխառնոց և փսխում, էպիգաստրալ շրջանի, հատկապես՝ աջ ենթակողի ցավ, այտուցվածություն, գլխացավ, թուլություն, մոտորային անհանգստություն, հիպերռեֆլեքսիա և այլն։
Բնորոշ նշաններն են՝ դեղնուկ, փսխում արյան պարունակությամբ, արնազեղում ներարկման հատվածներում, լյարդի անբավարարություն, դողէրոցք և արտահայտված կոմա։
Ախտորոշումը
Բավականին հաճախ լաբորատոր փոփոխություններն ավելի շուտ են ի հայտ գալիս, քան կլինիկական ախտանշանները։ Լաբորատոր հիմնական ախտանշաններից մեկը հեմոլիզն է, որը դրսևորվում է արյան քսուքում դեֆորմացված էրիթրոցիտների առկայությամբ, պոլիքրոմազիայով։ Էրիթրոցիտների քայքայումը հանգեցնում է ֆոսֆոլիպիդների ազատ արձակման և ներանոթային մակարդման, այսինքն՝ քրոնիկական թրոմբոհեմոռագիկ համախտանիշի, որը դառնում է մանկաբարձական մահացու արնահոսության պատճառ։
HELLP համախտանիշի կասկածի դեպքում պետք է անմիջապես լաբորատոր հետազոտություններ կատարել՝ բիլիռուբինի, հապտոգլոբինի, միզաթթվի, արյան մեջ թրոմբոցիտների քանակի որոշում, արյան մակարդման համակարգի վիճակի գնահատում և այլն։
Գործիքային հետազոտություններ
Սուբկապսուլային հեմատոմայի վաղ հայտնաբերման նպատակով կատարվում է որովայնի վերին հատվածի ՈւՁՀ։ Դիֆերենցիալ ախտորոշման նպատակով կիրառում են համակարգչային տոմոգրաֆիա և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։
Բուժումը
Բուժման նպատակը խանգարված հեմոստազի վերականգնումն է։ HELLP համախտանիշը՝ որպես ծանր գեստոզի դրսևորում, բոլոր դեպքերում ցուցում է հիվանդանոց տեղափոխվելու համար։
Ոչ դեղորայքային բուժում
Անհետաձգելի ծննդալուծումն իրականացնում են ինֆուզիոն-տրանսֆուզիոն թերապիայի ֆոնին, անզգայացմամբ։
Դեղորայքային բուժում
Ինֆուզիոն-տրանսֆուզիոն թերապիային զուգահեռ բժիշկը մի շարք դեղամիջոցներ է նշանակում։
Ծննդալուծման ժամկետը և մեթոդները
HELLP համախտանիշի դեպքում ցուցված է անհետաձգելի ծննդալուծում կեսարյան հատման միջոցով։ Կատարվում է մետաբոլիկ խանգարումների շտկման, փոխարինիչ և հեպատոպրոտեկտոր թերապիայի ու բարդությունների կանխարգելման ֆոնին։