Հեպատիտ C-ն հղիության ընթացքում

Հեպատիտ C-ն հղիության ընթացքում

Հեպատիտ C-ն հայտնաբերվում է դեռևս հղիությանը նախապատրաստվելու փուլում կատարվող սկրինինգային հետազոտության միջոցով կամ էլ հղիության ընթացքում։

Հեպատիտ C-ի այդ հետազոտությունը շատ կարևոր է, ինչը կապված է հակավիրուսային ժամանակակից բուժման մեծ արդյունավետության (բուժումը նշանակվում է ծննդալուծումից հետո), ինչպես նաև հեպատիտ ունեցող մորից ծնված երեխաների հետազոտման և անհրաժեշտության դեպքում բուժման նպատակահարմարության հետ։

Հղիության ազդեցությունը քրոնիկ հեպատիտ C-ի ընթացքի վրա

Հղիությունը բացասաբար չի անդրադառնում լյարդի հիվանդության ընթացքի վրա։ ԱԼՏ-ն (ալանինամինոտրանսֆերազա) սովորաբար նվազում է հղիության երկրորդ և երրորդ եռամսյակում, միաժամանակ վիրուսային ծանրաբեռնվածությունը մեծանում է երորդ եռամսյակում։ Այդ ցուցանիշները սկզբնական մակարդակի են վերադառնում ծննդաբերությունից 3-6 ամիս անց, ինչը պայմանավորված է հղի կնոջ իմունային համակարգի փոփոխություններով։

Էստրոգենների՝ հղիությանը բնորոշ բարձրացումը կարող է խոլեստազի նշաններ առաջացնել հեպատիտ C-ով հիվանդի օրգանիզմում (օրինակ՝ քոր), որոնք անցնում են ծննդաբերությանը հաջորդող օրերի ընթացքում։

Քանի որ ցիրոզն առաջանում է վարակումից միջինում քսան տարի անց, հղի կանանց դեպքում խիստ հազվադեպ է պատահում։ Այդուհանդերձ, ցիրոզը կարող է առաջին անգամ ախտորոշվել հղիության ընթացքում։ Եթե չկա լյարդի անբավարարության նշաններ և պորտալ ծանր հիպերտենզիա, ապա հղիությունը վտանգավոր չէ մոր համար և չի ազդում հիվանդության ընթացի ու ելքի վրա։

Ծանր պորտալ հիպերտենզիան (կերակրափողի երակների լայնացում կրկնակի և ավել աստիճանի) արյունահոսության մեծ ռիսկ է առաջացնում։

Կերակրափողի երակների արյունահոսությունը հաճախ սկսվում է հղիության երկրորդ-երրորդ եռամսյակում, իսկ ծննդաբերության շրջանում՝ խիստ հազվադեպ։ Պորտալ հիպերտենզիա ունեցող հղի կանայք կարող են բնական ճանապարհով երեխա ունենալ, իսկ կեսարյան հատումն իրականացվում է մանկաբարձական ցուցումների առկայության դեպքում, երբ անհետաձգելի ծննդալուծման անհրաժեշտություն է ծագում։

Հաշվի առնելով վիրուսային հեպատիտի ընթացքի առանձնահատկությունները հղիության դեպքում և ինտերֆերոնի ու ռիբավիրինի բացասական ազդեցությունը պտղի վրա, խորհուրդ չի տրվում հակավիրուսային թերապիա անցկացնել հղիության ընթացքում։

Որոշ դեպքերում հնարավոր է, որ խոլեստազի նվազեցման նպատակով դեղորայքային բուժում նշանակվի ուրսոդեզօքսիխոլային թթու պարունակող դեղամիջոցներով։

Քրոնիկ հեպատիտ C-ի ազդեցությունը հղիության ընթացքի և ելքի վրա

Մոր քրոնիկ վիրուսային հեպատիտ C-ն չի ազդում վերարտադրողական ֆունկցիայի և հղիության ընթացքի վրա, չի մեծացնում պտղի մեռելածնության և բնածին արատների առաջացման վտանգը։ Այդուհանդերձ, լյարդի պրոցեսների մեծ ակտիվությունը և լյարդի ցիրոզը մեծացնում են հղիության կրելախախտի և պտղի հիպոտրոֆիայի հաճախականությունը։ Կերակրափողի լայնացած երակների արյունահոսությունը և լյարդի անբավարարությունը մեծացնում են մեռելածնության վտանգը։

Հղիության ընթացքում քրոնիկ վիրուսային հեպատիտի բուժումը հակավիրուսային դեղամիջոցներով, մասնավորապես՝ ռիբավիրինով, կարող է բացասաբար ադրադառնալ երեխայի զարգացման վրա։ Այն հակացուցված է օգտագործել հղիության ընթացքում, իսկ բեղմնավորումը խորհուրդ է տրվում պլանավորել թերապիայի ավարտից նվազագույնը վեց ամիս անց։

Հեպատիտ C-ի փոխանցումը մորից երեխային

Վիրուսի՝ մորից երեխային փոխանցման ռիսկը չի գերազանցում 5%-ը և գնահատվում է որպես ցածր։ Մոր հակամարմինները կարող են կանխել քրոնիկ վիրուսային հեպատիտի առաջացումը երեխայի օրգանիզմում։ Այդ հակամարմինները հայտնաբերվում են երեխայի արյան մեջ և անհետանում 2-3 տարեկանում։

Ծննդալուծման եղանակը դեր չի խաղում ծննդաբերության ընթացքում երեխայի վարակումը կանխելու հարցում։ Այդ պատճառով էլ հիմք չկա կեսարյան հատման դիմելու համար։

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ինչ է էպիզիոտոմիան և ինչպես վերականգնվել դրանից հետո

Ծննդաբերության ժամանակ հեշտոցը լայնանում է, բայց երբեմն դա կարող է բավարար չլինել երեխայի գլուխը տեղավորելու համար

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Ի՞նչ անել, եթե առանց որևէ պատճառի կապտուկներ են առաջանում

Կապտուկը անոթների վնասվածքի պատճառով մաշկի վրա առաջացած արյունազեղումն է

Ստամոքսի քաղցկեղ

Ստամոքսի քաղցկեղ

Ընթացակարգի ժամանակ ստամոքսի մեջ մտցվում է հատուկ սարք, որի միջոցով բժիշկն ուսումնասիրում է ստամոքսի բոլոր հատվածները, ինչպես նաև 12-մատնյա աղին։

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Ինչպե՞ս է գործում հղի կանանց դիմադրողականությունը

Գենի և դիմադրողականության տեսանկյունից՝ պտուղը օտար օրգանիզմ է կնոջ համար