Քլամիդիոզ. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն

Քլամիդիոզ. սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն

Միզասեռական քլամիդիային վարակը սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված հիվանդություններից մեկն է: Հիվանդները հիմնականում վերարտադրողական տարիքի կանայք և տղամարդիկ են (20-ից 40 տարեկան):

Միզասեռական քլամիդիոզի հարուցիչը Chlamidia trachomatis մակաբույծ միկրոօրգանիզմն է: Թաքնված՝ ինկուբացիոն շրջանը վարակումից հետո տևում է 5-7 օրից մինչև 3-6 շաբաթ: Բավականին հաճախ վարակն արտահայտված ախտանշաններ չի ունենում կամ էլ ընթանում է սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններին զուգընթաց՝ սրելով միմյանց ախտածին ազդեցությունը:

Փոխանցման ուղիները և նախանշանները

Միզասեռական քլամիդիոզը փոխանցվում է շփման (սեռական, կենցաղային), ինչպես նաև հորիզոնական ուղղով՝ հղիության և ծննդաբերության ընթացքում մորից պտղին: Ընթանում է ինչպես սուր, այնպես էլ անախտանիշ կամ քրոնիկական՝ պարբերաբար կրկնվելով: Մի շարք դեպքերում օրգանիզմի դիմադրողականությունը ճնշում է միկրոօրգանիզմների բազմացում: Դրա շնորհիվ քլամիդիաները պահպանվում են լորձաթաղանթներում և հայտնաբերվում են միայն բարձր ճշգրտություն ունեցող ախտորոշիչ մեթոդներով:

Վարակը կարող է ախտահարել միզասեռական համակարգի բացառապես ստորին հատվածը՝ նպաստելով բարթոլինիտի, էնդոցերվիցիտի, միզուկաբորբի, վագինիտի (հեշտոցաբորբ) առաջացմանը կամ էլ կարող է թափանցել այլ օրգան-համակարգեր՝ նպաստելով սալպինգիտի կամ սալպինգաօֆորիտի, էնդոմետրիտի, պերիհեպատիտի, պելվիապերիտոնիտի զարգացմանը: Դրա հետևանքով առաջացած բարդություններն են.

Կոնքային քրոնիկական ցավի համախտանիշ
Կպումներ փոքր կոնքում
Արտարգանդային հղիություն
Արգանդափողերի ամբողջական անանցանելիություն կամ մասնակի անցանելիություն Չզարգացող հղիություն
Երկարատև անպտղություն

Տղամարդկանց համար՝ էպիդիդիմիտ, շագանակագեղձի բորբոքում, վեզիկուլիտ:

Միզասեռական քլամիդիոզի ախտանշանները տարաբնույթ են և կախված են հիվանդության տևողությունից, ախտահարման տեղակայումից և օրգանիզմի դիմադրողական համակարգի վիճակից:

Կանանց քլամիդիոզն արտահայտվում է հետևյալ ախտանշաններով.

  • Հեշտոցից եկող լորձային կամ թարախային, դեղնավուն, տհաճ հոտով արտադրություն
  • Սեռական օրգանների և միզուկի շրջանում քոր ու այրոց 
  • Ցավեր միզարձակման ընթացքում 
  • Փորի ստորին հատվածի ցավեր, որոնք սրվում են դաշտանից առաջ 
  • Դաշտանից դաշտան ընթացքում բեկումնային արյունահոոություններ 
  • Օրգանիզմի ջերմության մի փոքր բարձրացում և թուլություն

Տղամարդկանց քլամիդիոզը կարող է ուղեկցվել հետևյալ նախանշաններով.

  • Երկարատև միզուկաբորբ՝ միզուղիների թեթև բորբոքում 
  • Միզելիս ցավ, քոր և այրոց 
  • Ցավեր գոտկատեղի, ձվարանների, ամորձապարկի (փոշտ) շրջանում 
  • Ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում 
  • Պղտոր մեզ 
  • Արյունային արտադրություն միզելիս կամ սերմնաժայթքման ժամանակ

Ինչպես է ախտորոշվում

Միզասեռական համակարգի քլամիդիոզի հարուցչի հայտնաբերման նպատակով կիրառվում են ուղղակի և անուղղակի մեթոդներ: Դրանք են.

  • Բջջային կուլտուրաների ցանքս (համարվում է ճշգրիտ) 
  • Պոլիմերազշղթայական ռեակցիա (ևս ճշգրիտ է) 
  • Ֆլուորեսցենտ հակամարմինների ուղիղ փորձ (DFA) 
  • Շիճուկաբանական հետազոտություն (արյան շիճուկում քլամիդիաների նկատմամբ հակամարմինների հայտնաբերում, ինչը թույլ կտա պարզել հիվանդության ծանրության աստիճանը)

Ինչպես է բուժվում

Քլամիդիոզի բուժումը պետք է համալիր լինի՝ ներառելով հարուցչի դեմ պայքարին ուղղված թերապիա, աղիների դիսբիոզի վերացում, միզասեռական համակարգի վարակների բուժում և դիմադրողականության բարձրացում: Նշանակվում են հակաբիոտիկներ՝ ազիտրոմիցին, դոքսիցիկլին, լեվոֆլոկսացին և այլն, ինչպես նաև հակամիկոտինային միջոցներ և էուբիոտիկներ: Հիվանդության կրկնվող ձևի դեպքում կիրառվում են իմունամոդուլյատորներ և ֆերմենտային պատրաստուկներ:

Բուժման տևողությունը կախված է հիվանդության ծանրության աստիճանից, բարդությունների առաջացման հավանականությունից և կարող է ձգվել երկու շաբաթից մինչև մի քանի ամիս: Թերապիայի ընթացքում խորհուրդ է տրվում սեռական ժուժկալություն պահպանել և չօգտագործել կաթից ըմպելիքներ: Ընդ որում՝ բուժում պետք է անցնի նաև հիվանդի սեռական զուգընկերը:

Ինչպես կանխել վարակումը

Քլամիդիոզի վարակման կանխարգելումը ոչնչով չի տարբերվում այլ սեռավարակների կանխարգելման միջոցներից: Նախ և առաջ հարկավոր է ընտրողաբար մոտենալ սեռական զուգընկերների հարցում, իսկ պատահական սեռական կապերի դեպքում պահպանակ օգտագործել: Կանխարգելման անուղղակի միջոցներն են առողջ ապրելակերպը և սեռական օրգանների հիգիենայի պահպանումը:

Բացի այդ, անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ այցելել բժշկի և հետազոտվել սեռավարակների հայտնաբերման նպատակով: Դա հատկապես կարևոր է այն զույգերի համար, ովքեր պատրաստվում են երեխա ունենալ, քանի որ քլամիդիոզը հղիության ընթացքում կարող է բացասաբար ազդել պտղի ներարգանդային զարգացման և լույս աշխարհ գալուց հետո նորածնի առողջության վրա: Սա նշանակում է, որ սեփական առողջության նկատմամբ պատասխանատու մոտեցումը ձեր ապագա երեխայի առողջական խնդիրների կանխարգելման լավագույն միջոցն է:

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում