Արյունային արտադրությունը կլիմաքսի ընթացքում

Արյունային արտադրությունը կլիմաքսի ընթացքում

Հիմնականում արյունային (շագանակագույն) արտադրությունը վտանգավոր չէ և խոսում է որոշ խանգարումների մասին, որոնք հաջողությամբ են բուժվում: Այդուհանդերձ չի կարելի նաև անտեսել այդ երևույթը, քանի որ կարող է վկայել մի շարք չարորակ հիվանդությունների մասին՝ արգանդի պարանոցի քաղցկեղ, հեշտոցի քաղցկեղ, արգանդի քաղցկեղ:

Ինչ անել, եթե արյունային արտադրություն եք նկատում

Նկատելով արյունային արտադրությունը՝ նախ պարզեք, թե որտեղից է այն. արյուն կարող է գալ ոչ միայն հեշտոցից, այլև ուղիղ աղիքից կամ միզապարկից: Բոլոր դեպքերում էլ պետք է այցելեք բժշկի, բայց արյան աղբյուրն իմանալը կօգնի դիմել ճիշտ մասնագետի, օրինակ, եթե արյունը ուղիղ աղիքից է, ապա պետք է դիմել ոչ թե գինեկոլոգի, այլ պրոկտոլոգի:

Երբ դիմել գինեկոլոգի

Հարկավոր է դիմել գինեկոլոգի առանց սպասելու, որ արտադրությունը դադարի: Դա կօգնի բժշկին որոշել արյան աղբյուրը (հեշտոց, արգանդի պարանոց կամ արգանդ), ինչպես նաև գնահատել արնահոսության ինտենսիվությունը:

Ո՞ր հիվանդություններն են, որ կարող են արնահոսության պատճառ դառնալ

1. Հեշտոցի՝ տարիքով պայմանավորված փոփոխություններ

Դաշտանադադարի ժամանակ կնոջ օրգանիզմն այլևս չի արտադրում սեռական հորմոններ, ինչը հանգեցնում է հեշտոցի լորձաթաղանթի փոփոխությունների. այն բարակում է: Լորձաթաղանթի բարակումը (ատրոֆիա) հանգեցնում է նրան, որ անգամ փոքր վնասումն առաջացնում է արյունային արտադրություն: Սովորաբար արյունն ի հայտ է գալիս սեռական հարաբերության ընթացքում կամ դրանից հետո, երբեմն նաև մաստուրբացիայից՝ ձեռնաշարժությունից, մարմնամարզությունից, ձի, հեծանիվ քշելուց հետո:

Բուժումը: Եթե ակտիվ սեռական կյանք եք վարում, և արյունային արտադրությունն ի հայտ է գալիս առավելապես սիրով զբաղվելու ընթացքում կամ դրանից հետո, ապա սկսեք արհեստական քսուք օգագործել (լուբրիկանտ), որը կարող եք ձեռք բերել դեղատնից: Հեշտոցի արտահայտված չորության պարագայում գինեկոլոգի խորհրդով կարող եք հատուկ մոմիկներ օգտագործել, որոնք էստրոգեններ են պարունակում: Դրանց շնորհիվ բարելավվում է հեշտոցի լորձաթաղանթի աշխատանքը:

2. Հեշտոցի բորբոքում (վագինիտ) և արգանդի պարանոցի բորբոքում (ցերվիցիտ)

Սեռական ուղիների բորբոքային հիվանդությունները կարող են առաջանալ ցանկացած տարիքում՝ անկախ սեռական կյանք վարելու հանգամանքից: Օրինակ կանդիդոզը կարող է դաշտանադադարից հետո բորբոքման և արյունային արտադրության պատճառ դառնալ, եթե անգամ սեռական կյանքով չեք ապրում: Եթե ապրում եք սեռական կյանքով, ապա բորբոքման պատճառ կարող են դառնալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները (քլամիդիոզ, տրիխոմոնիազ, գոնորեա և այլն ): Կարող է ի հայտ գալ նաև սպիտակավուն, դեղնավուն կամ կանաչավուն, տհաճ հոտով արտադրություն, քոր, անհարմարություն և չորություն հեշտոցում:

Բուժումը: Բուժումը կախված է հետազոտության արդյունքներից (քսուքի հետազոտություն): Կանդիդոզի դեպքում կիրառվում են հակասնկային դեղամիջոցներ, մանրէային վարակների դեպքում՝ հակաբիոտիկներ:

Պոլիպ

Պոլիպը լորձաթաղանթի գերաճն է, ունի ելուստի ձև և կարող է հեշտությամբ վնասվել՝ առաջացնելով արնահոսություն: Պոլիպի առաջացման պատճառները շատ են. կարող է առաջանալ քրոնիկական վարակների և բորբոքումների, արյան շրջանառության կամ հորմոնային խանգարումների հետևանքով: Պոլիպների մեծամասնությունը բարորակ է, սակայն երբեմն նրանում հայտնաբերվում են նախաքաղցկեղային և քաղցկեղային փոփոխություններ: Բնույթը պարզելու նպատակով է այն հեռացնել և պաթոհիստոլոգիական քննության ուղարհել:

3. Արգանդի խոռոչի պոլիպ

Արգանդի խոռոչի պոլիպը էնդոմետրիումի (արգանդի ներքին շերտ) մի հատվածի գերաճն է, որն արտացցվում է արգանդի խոռոչի մեջ: Առաջանում են հիմնականում 40-45 տարեկանում, իսկ պատճառ կարող են դառնալ կլիմաքսի ընթացքում կատարվող հորմոնային փոփոխությունները:

4. Արգանդի միոմա

Արգանդի միոման արգանդի մկանային շերտի բարորակ ուռուցք է, որը գրեթե երբեք չի վերածվում քաղցկեղի: Սովորաբար միոման առաջանում է նախքան կլիմաքսը, քանի որ այս հիվանդության զարգացման հարցում մեծ դեր են խաղում սեռական հորմոնները: Դաշտանադադարից հետո, երբ արյան մեջ նվազում է սեռական հորմոնների մակարդակը, միոման սովորաբար փոքրանում է: Արգանդի միոման կարող է դաշտանադադարի ընթացքում արնահոսության պատճառ դառնալ, եթե կինը փոխարինող հորմոնային թերապիա է ստանում կամ էլ բուսական էստրոգեններով ֆիտոթերապիայի կուրս է անցնում:

Բուժումը: Բուժումը կախված է միոմայի չափսից, միոմատոզ հանգույցների քանակից, ախտանշանների արտահայտվածության աստիճանից և այլն: Հնարավոր է, որ դեղորայքային բուժում նշանակվի կամ էլ միոմայի հեռացման վիրահատություն: Եթե միոման մեծ է կամ անհանգստություն է պատճառում (օրինակ արգանդային արնահոսություն), ապա հնարավոր է, որ առաջարկվի հեռացնել արգանդը:

5. Հեշտոցի քաղցկեղ

Հեշտոցի քաղցկեղը բավականին հազվադեպ է հանդիպում, և ռիսկի հիմնական գործոնը կնոջ տարիքն է (60 և ավել): Վաղ փուլերում հիվանդությունը կարող է և առանց ախտանշանների ընթանալ, սակայն զարգացմանը զուգընթաց ի հայտ է գալիս արյունայի արտադրություն (մի քանի կաթիլից մինչև առատ արնահոսություն): Առաջանում է նաև օտար մարմնի առկայության զգացում, ջրանման թափանցիկ արտադրություն, ցավ միզարձակման կամ դեֆեկացիայի ընթացքում: Ախտորոշման նպատակով անցկացվում է նմուշառում՝ բիոպսիա, և կոլպոսկոպիայով հետազոտություն:

Բուժումը: Բուժումը կախված է քաղցկեղի տեսակից, ծանրության աստիճանից, տարիքից և այլ գործոններից: Բուժման հիմնական մեթոդը վիրահատությունն է, դեղորայքային բուժումը (քիմիաթերապիա) և ռադիոթերապիան:

6. Արգանդի պարանոցի քաղցկեղ

Արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը մարդու պապիլլոմավիրուսն է: Վաղ փուլերում հիվանդությունը սովորաբար ընթանում է առանց ախտանշանների, սակայն զարգացմանը զուգընթաց ի հայտ է գալիս արյունային արտադրություն, առատ ջրանմնան արտադրություն, ինչպես նաև ցավ սեռական հարաբերության ընթացքում: Ախտորոշվում է արգանի պարանոցի բիոպսիայի, հիստոլոգիական հետազոտության և այլ մեթոդների միջոցով:

Բուժումը: Բուժումը կախված է քաղցկեղի տեսակից, ծանրության աստիճանից, կնոջ տարիքից և այլ գործոններից: Բուժման հիմնական մեթոդը վիրահատությունն է, դեղորայքային բուժումը (քիմիաթերապիա) և ռադիոթերապիան:

7. Արգանդի քաղցկեղ (էնդոմետրիումի քաղցկեղ)

Հիմնական ախտանշանը արյունային արտադրությունն է կամ արգանդային արնահոսությունը: Ուստի չի կարելի անտեսել արնահոսությունը, եթե արդեն իսկ դաշտանադադարի փուլում եք: Որքան վաղ հայտնաբերվի քաղցկեղը, այնքան մեծ կլինի բուժման հավանականությունը: Ախտորոշման նպատակով կիրավում է արգանդի ՈւՁՀ, հիստերասկոպիա, էնդոմետրիումի բիոպսիա այլ մեթոդներ:

Բուժումը: Բուժումը կախված է քաղցկեղի տեսակից, ծանրության աստիճանից, կնոջ տարիքից և այլ գործոններից: Բուժման հիմնական մեթոդը վիրահատությունն է, դեղորայքային բուժումը (քիմիաթերապիա) և ռադիոթերապիան:

views 39920
Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Վերարտադրողական շրջան

Մի քանի միֆ դաշտանային ցիկլի մասին

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վերարտադրողական շրջան

Ինչ անել, եթե դաշտանը ուշանում է, իսկ հղիություն չկա

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Հիվանդություններ/միջամտություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը

Կանանց

Ինչո՞ւ է լայնանում հեշտոցամուտքը