Ի՞նչ հիվանդություն է տրիխոմոնիազը. ախտանշանները և բուժումը

21.04.201422305

Տրիխոմոնոիազը վարակիչ-բորբոքային հիվանդություն է, որն ախտահարում է սեռական օրգանների ստորին հատվածները: Հարուցիչը հեշտոցային տրիխոմոնադն է: Սկզբում վարակն ի հայտ է գալիս հեշտոցում, այնուհետև տարածվում դեպի միզուկ: Տրիխոմոնիազը տարբեր փուլերում տարբեր կերպ է ընթանում: Առանձնացնում են սուր, ենթասուր, քիչ ախտանիշներով, խրոնիկական և անախտանիշ տրիխոմոնիազ:

Երբ հիվանդությունը քրոնիկական ընթացք է ստանում, հեշտոցային արտադրությունը նվազում է, արտաքին սեռական օրգանների շրջանում այրոցի զգացումը գրեթե դադարում է և հետագայում հազվադեպ է հայտնվում:

Տրիխոմոնիազն ունի իրեն բնորոշ ախտանշաններ՝ այրոց արտաքին սեռական օրգանների շրջանում, քոր, թարախային, առատ հեշտոցային արտադրություն՝ որն ունենում է տհաճ, սուր հոտ, միզելու հաճախակի ցանկություն: Գինեկոլոգիական զննման ընթացքում ճանաչելի է դառնում վուլվայի լորձաթաղանթի կարմրությունից, այտուցվածությունից և որոշ հատվածների արյունազեղումներից:

Շատ հաճախ տրիխոմոնիազը հանդիպում է տրիխոմոնադային կոլպիտի կամ վուլվիտի ձևով: Այդպիսի դեպքերում դիտվում է լորձաթաղանթը քայքայող արյան և թարախի առկայությամբ առատ արտադրություն:

Ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է լաբորատոր մեթոդներով` կնոջ հեշտոցից, արգանդի վզիկից և անհրաժեշտության դեպքում հաստ աղիքից վերցրած նյութի հետազոտությամբ:

Տրիխոմոնիազի հայտնաբերման հիմնական եղանակներն են՝

1. մանրադիտակային մեթոդ` հիվանդից վերցված քսուքի հետազոտություն մանրադիտակով,

2. ցանքսի մեթոդ, որն առանձնանում է իր ճշգրտությամբ, սակայն ժամանակատար է,

3. ՊՇՌ-հետազոտություն (PCR)` արագ իրագործելի և զգայուն մեթոդ, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել տրիխոմոնիազն այն դեպքում, երբ մյուս բոլոր մեթոդները բացասական արդյունք են ցույց տվել:

Յուրաքանչյուր մեթոդ ունի իր առավելությունները և թերությունները: Ոչ մի մեթոդ տրիխոմոնիադի հայտնաբերման 100 %-ոց երաշխիք չի ապահովում: Այդ իսկ պատճառով, եթե առկա են տրիխոմոնիազի ախտանշաններ, սակայն տրիխոմոնիադները հայտնաբերված չեն, չի նշանակում, որ դրանք չկան (դրանք պարզապես չեն հայտնաբերվել): Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է տարբեր մեթոդներով բազմակի հետազոտություններ անել:
Հետազոտությունից մեկ շաբաթ առաջ պետք է դադարեցնել հակատրիխոմոնադային դեղորայքի օգտագործումը և չկատարել սեռական օրգանների ցնցուղում:

Վարակման ուղիները

Հեշտոցային տրիխոմոնադներն անկայուն են և արագ ոչնչանում են արտաքին միջավայրի տարբեր գործոնների, օրինակ՝ արևի ճառագայթների ներգործությունից, սակայն համապատասխան խոնավ միջավայրում կարող են որոշ ժամանակ կենսունակ մնալ: Տրիխոմոնիազով վարակվում են հիմնականում սեռական ճանապարհով, երբեմն` հիվանդի անձնական օգտագործման իրերի միջոցով՝ սրբիչ, սպիտակեղեն, գիշերանոց և այլն:

Վարակումից խուսափելու համար պետք է հետևել անձնական և սեռական հիգիենային, սեռական հարաբերության ժամանակ օգտվել պահպանակից:

Բուժումը

Բուժումը պահանջում է սեռական ժուժկալություն բուժման ամբողջ ժամանակահատվածում: Ընդ որում՝ զուգահեռաբար բուժում ստանում են սեռական զուգընկերները երկուսն էլ: Ալկոհոլային խմիչքը պետք է բացառել բուժման ընթացքում:

Բուժումը պետք է համալիր լինի՝ հակապրոտոզոյային դեղերի կիրառմամբ, ինչպիսիք են մետրոնիդազոլը, օրնիդազոլը կամ տինեդազոլը և այլն, հակաբիոտիկների և հակասնկային դեղամիջոցների նշանակմամբ, տեղային բուժմամբ և այլն: