Հեշտոցային արտադրություն դաշտանից հետո

15.04.201475110

Հաճախ հեշտոցից եկող արտադրությունը, որը ոչ մի կերպ չի կապվում դաշտանի հետ, անհանգստացնում է կանանց: Ոչ բոլորն են տեղյակ, թե հեշտոցային որ տիպի արտադրությունն է բնական համարվում և որը վկայում ինչ-որ խնդրի մասին:

Առողջ կնոջ հեշտոցի արտադրությունը, բացառությամբ դաշտանի շրջանի, կարող է չնչին լինել, լորձանման, մի փոքր մուգ, քանի որ էպիթելային բջիջներ է պարունակում: Այդ փոքր քանակությամբ, բայց պարբերաբար նկատվող արտադրության միջոցով մաքրվում են կնոջ սեռական ուղիները՝ կանխելով վարակի ներթափանցումը:

Արտադրությունը երբեմն դեղնավուն երանգ է ունենում, ինչը թթվածնի հետ փոխազդեցության հետևանքն է: Նորմալ համարվող արտադրությունը չի ուղեկցվում տհաճ զգացողություններով, օրինակ՝ այրոցով և քորով, ինչպես նաև սեռական օրգանների հիպերեմիայով (կարմրությամբ): Թարմ արտադրությունը գրեթե հոտ չի ունենում, ինչն առաջանում է հետագայում, երբ մանրէներ են սկսում բազմանալ:

Ձվազատումից առաջ (մոտավորապես դաշտանային ցիկլի կեսերին ) նորմայում հեշտոցից եկող արտադրությունն ունենում է լորձանման, մածուցիկ, թափանցիկ, ձվի սպիտակուցին նմանվող տեսք, ծավալով՝ առատ: Պարբերաշրջանի երկրորդ կեսին այն թանձր է լինում, կրեմանման, անմիջապես դաշտանից առաջ՝ կիսելանման, և որքան մոտենում է դաշտանի օրը, այնքան ինտենսիվ է դառնում, սեռական հարաբերությունից հետո (որն ուղեկցվել է հեշտոցի մեջ սերմնահեղուկի ներթափանցմամբ) առաջին 3-4 ժամերի ընթացքում արտադրությունը թափանցիկ տեսք է ունենում, մի փոքր սպիտակ կամ դեղին երանգով:

Անպաշտպան սեռական հարաբերությունից հետո՝ հաջորդ օրը, արտադրությունը ջրիկ է, առատ, բնորոշ է սպիտակ գույն: Հեշտոցում սերմնաժայթքմամբ չուղեկցված կամ պահպանակով պաշտպանված սեռական հարաբերությունից հետո ունենում է թանձր, կրեմանման տեսք և սպիտակ գույն:

Հղիության ընթացքում սովորաբար բաց գույն է ունենում, ջրիկ, կաթ հիշեցնող, առանց տհաճ հոտի ու սեռական օրգանների գրգռվածության: Սովորաբար արտադրության ինտենսիվությունն աճում է հղիության ժամկետի աճին զուգընթաց, ծննդաբերությունից հետո ունենում է բաց վարդագույն երանգ: Հորմոնային բեղմնականխիչներով բուժման պարագայում առաջին ամիսների ընթացքում ունենում է շագանակագույն երանգ և այլն: