Արգանդափողերի անցանելիությունը

Արգանդափողերի անցանելիությունը

Փողերի սպիական փոփոխություններ

Արգանդափողերի անանցանելիությունը հիմնականում ի հայտ է գալիս տարաբնույթ պատճառներով առաջացած կպումների հետևանքով՝ ներառյալ սեռական ոլորտի բորբոքային հիվանդությունները, վիժումներից հետո զարգացած բարդությունները, փոքր կոնքի օրգանների վիրահատությունները, քլամիդային վարակը, սեռական օրգանների տուբերկուլոզը և այլն: Մինչև իսկ աննշան կպումները կարող են էապես խոչընդոտել արգանդափողերի անցանելիությանը` բացառելով բեղմնավորման հնարավորությունը և հարյուրապատկել արտարգանդային հղիության զարգացման հավանականությունը:

Ինչպե՞ս ստուգել փողերի անցանելիությունը

Փողերի անցանելիությունը հնարավոր է ստուգել մի քանի եղանակով։

  • Ռենտգենաբանական հիստերոսալպինգոգրաֆիայով (ՀՍԳ), երբ հակադրիչ լուծույթը հեշտոցով ներմուծվում է արգանդի պարանոց, որտեղից անցնում է  դեպի արգանդ և արգանդափողեր: Հեղուկի շարժման ընթացքին այդ ամբողջ ընթացքում հնարավոր է հետևել ռենտգենյան սարքի մոնիտորի վրա արտացոլված պատկերով:
  • Ուլտրաձայնային հիստերոսալպինգոգրաֆիայով (էխոՀՍԳ): Այս եղանակը նախորդից միայն նրանով է տարբերվում, որ այս դեպքում ուլտրաձայնային ախտորոշիչ սարքավորում է կիրառվում:
  • Պերտուբացիայով կամ կիմոպերտուբացիայով, երբ արգանդի խոռոչ է ներմուծվում օդ, գազ կամ թթվածին, իսկ այդ ընթացքում փողերի կծկումներն արտացոլվում են գրաֆիկի վրա` կորագծի տեսքով:
  • Լապարասկոպիայի կիրառմամբ: Այս վիրահատական եղանակի դեպքում որովայնի պատի փոքր բացվածքով ներս են տանում անհրաժեշտ գործիքներն ու տեսասարքերը և որովայնի խոռոչում տեղի ունեցածը դիտարկում արտաքին մոնիտորի էկրանին:

Գոյություն ունեն արգանդափողերի անցանելիության ստուգման այլ եղանակներ ևս, սակայն առավել հանրամատչելի և տեղեկատվական են մնում ՀՍԳ-ն և ԷխոՀՍԳ-ն, որոնք էլ ավելի հանգամանորեն ներկայացվում են ձեր ուշադրությանը:

Փողերի անցանելիության ստուգում ՀՍԳ-ի և ԷխոՀՍԳ-ի եղանակով 

Ռենտգենյան և ուլտրաձայնային սարքերի կիրառմամբ ախտորոշման սխեման գործնականում նույնն է. հատուկ կաթետերով պարանոցային խողովակով արգանդի խոռոչի մեջ է ներարկվում հակադրիչ նյութ, որին  արձագանքում են կիրառված սարքավորումների ցուցիչները: Արգանդախոռոչը լցնելով` հեղուկն անցնում է դեպի փողեր, իսկ այնուհետև կպումների և այլ խոչընդոտների բացակայության դեպքում հոսում է դեպի որովայնի խոռոչ: Այս միջամտության օգնությամբ գնահատվում է ինչպես արգանդի խոռոչի վիճակը, այնպես էլ փողերի անցանելիությունն ամբողջ երկարությամբ: Փողերի անցանելիությունն ստուգվում է դաշտանային ցիկլի 6-12-րդ օրն ընկած ժամանակահատվածում: Մինչ այդ անհրաժեշտ է հետազոտվել` թաքնված հնարավոր վարակները բացահայտելու նպատակով, քանզի հիստերոսալպինգոգրաֆիայի ընթացքում հնարավոր է առկա բորբոքային գործընթացների սրացում:

Եղանակներից ամեն մեկն ունի իր առավելություններն ու թերությունները: Շատ կանանց է անհանգստացնում միջամտության ցավոտությունը: Այդ առումով պետք է ասել, որ ԷխոՀՍԳ-ն ավելի խնայողական է, ստուգման ժամանակ գործնականորեն անցավ: Ռենտգենյան եղանակով ՀՍԳ իրականացնելիս ցավային զգացողության չափը մեծապես կախված է ցավի հանդեպ անհատական դիմակայությունից, ինչպես նաև փողերում կպումների առկայությամբ կամ դրանց բացակայությամբ, քանակով և այլն: Այդ է պատճառը, որ ոմանք միջամտության ընթացքում լոկ աննշան անհարմարություն են զգում, մինչդեռ այլոց համար այդ հետազոտությունն ընթանում է շատ ավելի խիստ ցավով:

Ռենտգենաբանական եղանակի զգալի առավելություն է նկարների պահպանվելը, ինչը հնարավորություն կտա հետազոտվողին դիմել նաև այլ մասնագետների խորհրդատվությանը, վերջիններս էլ կկարողանան իրավիճակին իրենց գնահատականը տալ` առանց վերը նշված հետազոտությունը կրկնելու: Մասնագետների կարծիքով այս եղանակն օժտված է մեծ տեղեկատվությամբ` Էխո ՀՍԳ-ի համեմատությամբ: Սակայն ռենտգենաբանական եղանակը կիրառելիս հակադրիչ նյութերի նկատմաբ հնարավոր են ալերգիկ հակազդեցություններ, ինչը բացառվում է ուլտրաձայնային հետազոտության պարագայում: Թե առաջարկված եղանակներից ո՞րն է ձեր վիճակում նախընտրելի, պետք է վճռեք դուք և ձեզ բուժող բժիշկը:

Չարժե հուսահատվել նույնիսկ այն դեպքում, երբ ստուգման արդյունքները հուսադրող չեն. ներկայում վիրահատական և դեղորայքային եղանակներով հնարավոր է վերականգնել արգանդափողերի անցանելիությունը: Մինչև իսկ ապարդյուն բուժման դեպքում միշտ պահեստային հուսալի ելք կգտնվի` ի դեմս արտամարմնային բեղմնավորման, ինչն արդեն հազարավոր կանանց է օգնել, որպեսզի զգան մայրանալու երջանկությունը:

 

Աղբյուրը

 

 
Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Ինչպե՞ս պաշտպանվել վարակներից օրալ սեռական հարաբերության ընթացքում

Սեռական վարակներով հնարավոր է վարակվել նաև օրալ սեռական հարաբերության ժամանակ, ուստի պաշտպանությունը միշտ անհրաժեշտ է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Սխալ պատկերացումներ դաշտանի մասին, որոնցից ազատվելու ժամանակն է

Դաշտանը օրգանիզմը մաքրելու միջոց է Իրականում օրգանիզմը ոչ մի մաքրման կարիք չունի, և ոչ մի տոքսին չի հեռացվում դաշտանի միջոցով

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Ամեն ինչ դաշտանի մասին. տարածված հարցերի պատասխաններ

Եթե որովայնը ցավում է դաշտանի ժամանակ, դա նորմա՞լ է

Ցածր լիբիդո. պատճառները

Ցածր լիբիդո. պատճառները

Լիբիդոյի կորուստը տարածված խնդիր է, որին բախվում է յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ և շատ կանայք՝ կյանքի ինչ-որ փուլում