Չզարգացող հղիություն. ի՞նչ է անէմբրիոնիան

Չզարգացող հղիությունը, տվյալ դեպքում անէմբրիոնիան, պտղի մահացության հատուկ դեպք է, որը պատահում է հղիության ամենավաղ ժամկետներում: Բժիշկներն այդ երևույթն անվանում են նաև անէմբրիոնալ հղիություն, սակայն ավելի հաճախ հանդիպում է չզարգացող հղիություն տերմինը: Բեղմնավորումից հետո ձվաբջիջը հայտնվում է արգանդում, սակայն ինչ-որ պատճառով սաղմը չի զարգանում: Դա կարող է պատահել ցանկացած կնոջ հետ: Շատերին միգուցե թվա, թե իրենց հղիությունը նորմալ է զարգանում, քանի որ ոչ մի ցավ չեն զգում, և արյունահոսություն ևս չի նկատվում:
Հնարավոր է, որ նախկինի պես զգաք հղիության նշաններ, սակայն երբ հորմոնների մակարդակն իջնում է, այդ նշանները ակնհայտ չեն լինում: Օրինակ՝ ձեր կուրծքը կարող է դառնալ քիչ զգայուն: Սովորաբար անէմբրիոնալ հղիությունը բացահայտվում է ՈւՁՀ-ի ժամանակ, երբ բժիշկը տեսնում է պտղաձուն, բայց սաղմը չի երևում:
Կարդացեք՝ Չզարգացող հղիություն․ պատճառները և բուժումը
Որո՞նք են չզարգացող հղիության պատճառները
Գիտնականները դեռևս ամբողջովին չեն բացահայտել չզարգացող հղիության (տվյալ դեպքում անէմբրիոնիայի) պատճառները: Համարվում է, որ դա ինչ-որ պատահական խանգարում է: Երբ սերմնաբջիջը բեղմնավորում է ձվաբջիջը, բջիջներն սկսում են կիսվել: Բջիջների մի մասը դառնում է սաղմ, իսկ մյուս մասը ձևավորում է ընկերքը և պտղաթաղանթը: Երբեմն բջիջները, որոնք պետք է ձևավորեն սաղմը, չեն կիսվում (հնարավոր է բեղմնավորման ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով, երբ ստացվել է քրոմոսոմների ավելի մեծ կամ ավելի փոքր թիվ, քան պետք է լինի): Սակայն բջիջները, որոնցից զարգանում են ընկերքը և հարպտղային թաղանթը, շարունակում են բաժանվել, այդ պատճառով պտղաձուն չափերով մեծանում է: Օրգանիզմն ազդանշան չի ստանում այն մասին, որ պտուղը չի զարգանում, քանի որ հղիության հորմոնները շարունակում են արտադրվել, ինչն էլ կանխարգելում է վիժումը: Եթե ՈւՁՀ-ն ցույց է տալիս, որ պտղաձվի չափը 20 մմ-ից ավել է, սակայն բժիշկը սաղմը չի տեսնում, բժիշկը կարող է տալ «չզարգացող հղիություն» ախտորոշումը: Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է կատարել տրանսվագինալ ՈւՁՀ: Եթե պտղաձվի տրամագիծը 20 մմ-ից փոքր է, և սաղմը չի երևում, ապա, հնարավոր է պարզապես հղիության ժամկետն ավելի փոքր է, քան դուք կարծում եք, և ձեզ կնշանակեն կրկնակի ՈւՁՀ 7-14 օր հետո: Եթե այդ ժամանակ սաղմը կրկին չերևա, ախտորոշումը հավանաբար կհաստատվի:
Ի՞նչ կլինի ախտորոշման հաստատումից հետո: «Չզարգացող հղիություն» ախտորոշման հաստատումից հետո ձեզ կուղարկեն վիրահատության՝ չկայացած հղիությունը հեռացնելու համար (արգանդի խոռոչի վակուում-ասպիրացիա), որը կարող է կատարվել ստացիոնարում մեկ օրում:
Ե՞րբ իմ օրգանիզմը կվերականգնվի: Դաշտանային ցիկլը կվերականգնվի 4-5 շաբաթ անց: Հարկավոր կլինի սպասել մի քանի ամիս, որպեսզի օրգանիզմը վերականգնվի:
Չի՞ կրկնվի վիժումը: Կանանց մեծամասնությունը հետագայում հաջողությամբ հղիանում է: Պտղի սրտի բաբախը կվկայի զարգացող հղիության մասին: Այդ դեպքում հղիությունը մինչև ժամկետի վերջը կրելու հավանականությունը շատ բարձր է: Հիշեք միայն, որ եթե ցանկանում եք վստահ լինել, պետք է սպասեք հղիության 6-րդ շաբաթին, իսկ ավելի լավ է՝ 7-րդ շաբաթին: