Պտղաջրի սակավություն
Սակավաջրությունը զարգացած հղիության ժամանակ պտղաջրի քանակի նվազումն է մինչև 500մլ և դրանից էլ պակաս։
Պատճառները
Պատճառները, որոնք հանգեցնում են հարպտղային հեղուկի քանակի նվազման, մի քանի մեծ խմբի են բաժանվում։
Պատճառներ՝ պայմանավորված պտղի զարգացման բնածին արատներով
Դրանցից են պտղի միզարտադրողական համակարգի տարաբնույթ արատները (միզուղու բացակայություն կամ կտրուկ չորացում, երիկամների բացակայություն, երիկամների պոլիկիստոզ, միզարձակման խողովակի թերի զարգացած կափույրներ)։
Պատճառներ՝ պայմանավորված պտղի ունեցած արատներով՝
- պտղի ներարգանդային վարակում (ցիտոմեգալովիրուս, քլամիդային, միկոպլազմային և այլ վարակներ),
- պտղի ներարգանդային զարգացման հապաղում կամ քրոմոսոմային արատներ (Դաունի, Մարֆանի համախտանիշ)։
Պատճառներ՝ պայմանավորված կնոջ ունեցած քրոնիկական հիվադություններով՝
- սրտանոթային համակարգի հիվանդություններ (անոթային հիպերտենզիա, թրոմբոֆլեբիտ, սրտանոթային անբավարարություն),
- երիկամների քրոնիկական հիվանդություններ (պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ),
- գեստոզ և համակարգային հիվանդություններ (համակարգային կարմիր գայլախտ, ռևմատոիդ արթրիտ, ռևմատիզմ և այլն)։
Ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, դիարեայի, փսխումների, թունավորման հետևանքով առաջացած ջրազրկումը նույնպես կարող են սակավաջրության առաջացման պատճառ դառնալ։
Պատճառներ՝ պայմանավորված ընկերքի խնդիրներով՝
- պտուղընկերքային անբավարարություն,
- ընկերքի կաթվածներ,
- ընկերքի զարգացման արատներ,
- ընկերքի վաղաժամ հասունացում։
Այլ պատճառներ՝
- պտղի ներարգանդային մահ,
- ժամանակից երկար տևող հղիություն,
- բազմապտուղ հղիություն,
- հարպտղային ջրի արտահոսք։
Ախտորոշումը
Ախտորոշումն իրականացվում է հղիության զարգացման ընթացքին հետևելու և հետազոտության հավելյալ մեթոդների կիրառման հիման վրա։
Ֆիզիկական զննում
Դիտվում է հղիության ժամկետի և որովայնի չափի անմապատասխանություն․ չափսերն ավելի փոքր են։ Կինը պտղի խաղի պասիվություն է նկատում, որոշ դեպքերում ցավ զգում խաղից։ Պտղի սրտխփոցը հստակ լսվում է, իսկ նրա մարմնի մասերը պարզ շոշափվում պտղաջրի սակավության պատճառով։
ՈւՁՀ
Հաճախ սակավաջրությունը պատահմամբ հայտնաբերվում է ՈւՁՀ-ի ընթացքում։ Պետք է, սակայն, սակավաջրության հանգամանքը հաստատել մի քանի անգամ ՈւՁՀ անելով (1-3 ամսվա ընթացքում)։
Լաբորատոր հետազոտություններ
Սակավաջրության կասկածի դեպքում կնոջը նշանակում են ՊՇՌ հետազոտություն ներարգանդային վարակների հայտնաբերման նպատակով (տոքսոպլազմոզ, ցիտոմեգալովիրուս, կարմրախտ և այլն)։ Քրոմոսոմային անոմալիաների կասկածի դեպքում նշանակվում է ամնիոցենտեզ և այլն։
Դիտեք տեսանյութը՝ Ամնիոցենտեզ
Կարդիոտոկոգրաֆիա և դոպլերամետրիա
Պտղի վիճակը գնահատելու հարցում օգնում է կարդիոտոկոգրաֆիան՝ սրտի կծկանքների գնահատում, և դոպլերամետրիան՝ պտուղ-ընկերք-պորտալար համակարգում արյան շրջանառության գնահատում։
Բուժումը
Բուժման մարտավարությունը կախված է սակավաջրության աստիճանից և գեստացիոն ժամկետից։ Հղիության երկրորդ եռամսյակում և պտղի զարգացման բնածին արատի դեպքում կնոջն առաջարկում են ընդհատել հղիությունը։
Երրորդ եռամսյակում ախտորոշված սակավաջրությունը ենթադրում է հոսպիտալացում և բուժում, որն ուղղված է լինում պտուղընկերքային անբավարարության, ներարգանդային հիպոքսիայի և պտղի զարգացման հապաղման կանխարգելմանը։
Երրորդ եռամսյակում հայտնաբերված չափավոր սակավաջրությունը պտղի բարվոք վիճակի դեպքում հոսպիտալացում և բուժում չի պահանջում, հղիությունը պարզապես հսկվում է։ Նշանակված թերապիայի դրական ազդեցության դեպքում կնոջը թույլատրվում է ինքնուրույն ծննդաբերել, իսկ բուժման արդյունքի բացակայության և պտղի վիճակի վատթարացման դեպքում կատարվում է կեսարյան հատում։
Ծննդաբերության ընթացքը և սակավաջրության ազդցությունը պտղի վրա
Սակավաջրությունը կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ։ Ծննդաբերության երրորդ փուլում և վաղ հետծննդաբերական շրջանում հնարավոր է, որ հիպոտոնիկ արնահոսություն սկսվի արգանդում ընկերքի մասնիկների մնալու հետևանքով։ Սակավաջրությունը մեծացնում է արգանդի պարանոցի պատռման վտանգը, նպաստում է պտուղընկերքային անբավարարության, պտղի ներարգանդային հիպոքսիայի և հիպոտրոֆիայի առաջացմանը։
Հետևանքները պտղի համար
Ինչպես նշվեց, սակավաջրությունը նպաստում է պտղի աճի և զարգացման հապաղման և ներարգանդային հիպոքսիայի առաջացմանը։