Այն, ինչ հարկավոր է իմանալ նորածնի քնի մասին
Երեխաներին պետք է սովորեցնել քնել, ոչ թե նորածնին պարզապես թողնել անկողնում մինչ կքնի: Իսկ ինչպես է հարկավոր այդ անել: Նախ անհրաժեշտ է որոշակի պատկերացում կազմել քնի մասին: Մայրիկները կնշեն, որ հաճախ նորածիններն իրենց գրկում քնում են, իսկ երբ նրան տեղափոխում են անկողին, անմիջապես արթնանում են: Պատճառն այն է, որ մեծահասակները հեշտությամբ են անցնում խորը քնի փուլ, և հեշտությամբ չեն արթնանում, իսկ նորածինների դեպքում այլ է:
Նախ հասկանանք քնի փուլերը: Քուն մտնելիս մարմինն աստիճանաբար սկսում է թուլանալ, հանգստանալ: Առաջին փուլն այսպես կոչված non-REM (non rapid eye movement), խորը կամ դանդաղ ալիքային քնի փուլն է: Այս ընթացքում մարդու ուղեղն ու մարմինն ամենահանգիստ վիճակում են, շնչառությունը կանոնավոր է, մկանները թուլացած են: Մոտավորապես 90 րոպե անց մարդն անցնում է քնի հաջորդ փուլ, որի ընթացքում ուղեղն արթնանում է և սկսում գործել:
Այդ մարդուն հանում է խորը քնից և այժմ մարդն այսպես կոչված ակտիվ կամ արագ ալիքային քնի փուլում է (REM - rapid eye movement): Այս ընթացքում ակնագնդերը շարժվում են, մինչ ուղեղը մարզվում է: Այս փուլում մարդը երազներ է տեսնում, պտտվում անկողնում կամ նույնիսկ ծածկոցը փոխում՝ բայց առանց ամբողջությամբ արթնանալու: Այս մակերեսային և խորը քնի փուլերը հաջորդում են միմյանց մի քանի անգամ:
Այսպիսով, եթե մեծահասակը կարողանում է միանգամից խորը քնի անցնել, ապա նորածինների դեպքում նախ մակերեսային քնի փուլ է լինում, հետո միայն անցնում են խորը քուն: Մոտ 20 րոպե կամ ավելի ժամանակ է պահանջվում, որպեսզի նորածինն անցնի խորը քնի փուլ: Երեխային օրորելիս կամ գրկում քնացնելիս ուշադիր հետևեք նրան, որպեսզի կարողանաք հասկանալ, թե քնի որ փուլում է գտնվում նա: Մինչ նրա աչքերը փակ են, շնչառությունը դեռ անկանոն է, ձեռքերն ու ոտքերը գուցե ձգված են, ծալված, երբեմն կարող է ժպտալ կամ, եթե կերակրում էիք, հնարավոր է բերանը շարժի, ինչպես ուտելիս: Անհրաժեշտ է սպասել այնքան, որ երեխայի շնչառությունը կանոնավոր և հանգիստ դառնա, մկաններն ամբողջովին թուլանան, ծալված մատները բացվեն, ձեռքերն ու ոտքերը թուլացած լինեն, կարծես անկշիռ: Վերջապես նա խորը քուն է մտել և կարելի է նրան տեղափոխել առանց արթնացնելու:
Ինչպես արդեն նշվել է, քնի մակերեսային և խորը փուլերը մի քանի անգամ հաջորդում են իրար: Նորածինների դեպքում այս փուլերն ավելի կարճ են տևողությամբ, այսինքն մինչ հետևում եք անուշ քնած փոքրիկին, մեկ ժամ անց կնկատեք, որ նա կրկին անցնում է մակերեսային քնի փուլ: Շատ երեխաներ այս փուլում կրկին արթնանում են, հնարավոր է քաղց զգան: Եթե այս ընթացքում օրորոցային երգեք, փոքրիկը չի արթնանա և 10 րոպե անց կրկին կանցնի խորը քնի փուլ: Այս փուլերի տևողությունը 50-60 րոպե է, իսկ մեծահասակների դեպքում՝ միջինում 90 րոպե:
Բացի այդ, նորածիններն այնքան խորը չեն քնում, ինչպես մեծահասակները: Որքան էլ զարմանալի է, այս տարբերությունների պատճառը գոյապայքարն է: Խնդիրը նրանում է, որ հատկապես կյանքի առաջին ամիսներին փոքրիկների պահանջներն ամենաշատն են, իսկ ահա պահանջները բացատրելու ունակությունն ամենաթույլն է: Ակտիվ քունն իրականում պաշտպանում է երեխային: Ի՞նչ կլիներ, եթե նորածիններն էլ մեծահասակի պես երկար ու խորը քնեին: Իրականում այդպես նրանք չեին կարողանա արթնանալ քաղց կամ որևէ անհանգստություն զգալիս (գուցե քիթը խցանվել է և շնչառությունը խանգարվել է, կամ երեխան շոգում/մրսում է):
Այսպիսով, նորածնի քնի առանձնահատկությունները լավագույն հոգեբանական պաշտպանությունն են իրենց իսկ համար:
Բացի այս, քնի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետները նշում են, որ նորածնի քնի տեսակն ավելի բարենպաստ և ճիշտ է, քան մեծահասակինը: Ըստ իրենց տեսության, ուղեղը զարգանում է մակերեսային քնի փուլում, քանի որ արագ ալիքային կամ REM փուլում ուղեղը չի հանգստանում. այս ընթացքում օրգանիզմում ավելանում է որոշակի պրոտեինների արտադրությունը, որոնք ուղեղի ձևավորման գլխավոր բաղադրիչն են: Հենց այս ընթացում է ուղեղը պահպանում որոշակի տեղեկություն պատկերների տեսքով, իսկ անպետք տեղեկությունը ջնջվում կամ մոռացվում է: Նորածինների քնի 90%-ը հենց REM քնի փուլն է, ինչն էլ հավանաբար ակտիվացնում է նրանց ուղեղի զարգացումը: