Երեխային քնացնելու մեթոդները
Գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, որոնք օգնում են փոքրիկներին հանգստանալ ու քնել, բայց յուրաքանչյուր երեխա ունի իր համար ամենաարդյունավետ մեթոդը: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչու երեխան չի քնում: Պատճառները բազմազան են: Հնարավոր է, որ եղանակն է խնդիրը՝ շատ տաք է կամ ցուրտ, անձրևոտ, դա կարող է ազդել երեխայի վրա: Նա կարող է պարզապես ցանկություն չունենալ քնելու: Շատ տարածված պատճառ է փորիկի ցավը, որ անհանգստացնում է գրեթե բոլոր նորածիններին: Պատճառ կարող է լինել նաև նրա գերհոգնածությունը, օրինակ՝ եթե տանը շատ մարդիկ կան, ովքեր շարունակ մոտենում են և ցանկություն հայտնում տեսնել փոքրիկին: Այսպիսով՝ ի՞նչ մեթոդների կարելի է դիմել փոքրիկին քնեցնելիս: Քննարկենք բոլոր ծանոթ եղանակները:
Օրորել։ Ամենապարզ և հասանելի մեթոդն է՝ հայտնի դեռ վաղ ժամանակներից: Ընդ որում՝ այն բավականին ֆիզիոլոգիական է, ինչ էլ որ ասեն դրան դեմ արտահայտվողները․ չէ՞ որ փոքրիկը դեռ արգանդում զգում է տատանումները, քանի որ մայրիկը մշտապես շարժման մեջ է: Օրորել փոքրիկին կարելի է ձեռքերի վրա կամ օրորոցում, մանկասայլակում, ում ինչպես հարմար է: Այս մեթոդը գուցե առանձին այնքան էլ արդյունավետ չլինի: Կարելի է դրա հետ մեկտեղ երգել օրորոցային:
Սա մեր տատիկների մեթոդն է: Եթե մայրիկը երգելու ցանկություն չունի, կարելի է պարզապես հաճելի, հանդարտ երաժշտություն միացնել: Մայրիկներից ոմանք նշում են, որ կարելի է կերակրելուց հետո մի փոքր քայլել տանը, քանի որ շատ փոքրիկներ նախընտրում են, որ մայրիկը շարժման մեջ լինի, մինչ իրենք կհոգնեն ու կքնեն նրա գրկում:
Լսեք՝ Հայկական և այլ ժողովուրդների օրորոցային երգեր
Փոքրիկին հանգստացնելու համար արդյունավետ է ջրի ձայնը: Դա բնական է ու կապված է այն բանի հետ, որ մայրիկի արգանդում փոքրիկը մշտապես աղմուկի մեջ է՝ սրտի, արյան հոսքի, արտաքին աշխարհի ձայների: Սա օգնում է դադարեցնել փոքրիկի լացը, հանգստացնում է նրան: Ամեն ինչ շատ հեշտ է, անհրաժեշտ է պարզապես փոքրիկին գրկել ու գնալ լոգարան: Սա իհարկե ոչ բոլոր դեպքերում է արդյունավետ:
Կարելի է վերոնշյալ մեթոդների հետ համատեղել նաև փոքրիկին ամուր բարուրելը: Սա հարմար է հատկապես գիշերը, քանի որ երեխան ավելի երկար կքնի: Սակայն ոչ բոլոր բալիկներն են սիրում բարուրի մեջ մնալ: Եթե նրանք այդպես անհանգիստ են լինում, կարելի է այնպես բարուրել, որ թաթիկները ազատ մնան կամ էլ ոտքերը կարողանա շարժել:
Երաժշտական մոբիլ: Ովքեր չգիտեն, ասենք, որ սա մանկական երաժշտական սարք է, որ ամրացվում է անկողնու վրա՝ փոքրիկի գլխավերևում: Սակայն այս մեթոդը նույնպես կարող է արդյունավետ չլինել բոլոր փոքրիկների համար, քանի որ պտտվող խաղալիքները գուցե ուրախացնեն նրան և քնելու փոխարեն նա ավելի աշխուժանա: Սա կարող է օգնել այն դեպքում, երբ մայրիկը գործ ունի խոհանոցում, և անհրաժեշտ է փոքրիկին զբաղեցնել:
Ծծակը նույնպես կարող է օգնել փոքրիկին հանգստանալ, հատկապես, եթե շարունակեք նրան օրորել և երգել օրորոցային: Որոշ երեխաներ սովոր են այդպես քնելուն: Ծծակի փոխարեն կարելի է փորձել քնեցնել երեխային կուրծք տալով, քանի որ նա ուտելիս հանգստանում է, դա կարող է նպաստել նաև քնելուն:
Շատ արդյունավետ միջոց է նաև մաքուր օդում զբոսանքը: Սա շատ օգտակար է ինչպես փոքրիկի, այնպես էլ մայրիկի համար, ով ծննդաբերությունից հետո ֆիզիկական ակտիվության կարիք ունի: Զբոսանքը կարելի է նաև վստահել հայրիկին կամ տատիկին:
Ավելի մեծ տարիքի երեխաների համար կարելի է հեքիաթներ կարդալ:
Դիտեք՝ Երեխային քնեցնելու 7 յուրահատուկ միջոց