Կարդիոտոկոգրաֆիան հղիության ընթացքում

Կարդիոտոկոգրաֆիան հղիության ընթացքում

Բազմաթիվ կանանց համար հղիությունը ոչ միայն երջանկությամբ, այլև անհանգստություններով ուղեկցվող ժամանակահատված է: Այս ընթացքում ապագա մայրիկն անհամբեր սպասում է փոքրիկի լույս աշխարհ գալուն և անհանգստանում է նրա կյանքի համար՝ ցանկանալով, որ երեխայի զարգացումը ճիշտ և ներդաշնակ ընթանա, որ նա լավ սնունդ ստանա, իրեն հարմարավետ զգա և այլն: Փոքրիկի հարմարավետությանն ու առողջությանը հետևելու, ինչպես նաև բարդացումները ժամանակին կանխելու համար մանկաբարձ-գինեկոլոգները հղի կնոջը նշանակում են տարատեսակ լաբորատոր քննություններ և լրացուցիչ հետազոտություններ: Այդպիսի մի հետազոտություն է կարդիոտոկոգրաֆիան (ԿՏԳ), ինչը շատ արժեքավոր դեր ունի, քանի որ թույլ է տալիս գնահատել պտղի վիճակը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հետազոտությունը:

Կարդիոտոկոգրաֆիան պտղի սրտամկանի և մայրիկի արգանդապատերի կծկումների արձանագրությունն է: Հաճախ այն անցկացվում է ուլտրաձայնային և դոպլեր հետազոտությունների հետ զուգահեռ, քանի որ այդպես կարելի է հստակ պարզել, թե ինչպես է իրեն զգում փոքրիկը:

Հղիության ո՞ր ժամկետներում է անցկացվում ԿՏԳ

Կարդիոտոկոգրաֆիայի ցուցանիշներն ավելի շատ տեղեկություն կտան, եթե այն անցկացվի հղիության 32-րդ շաբաթում, չնայած բժիշկը կարող է որոշ դեպքերում այն նշանակել սկսած 28-րդ շաբաթից: Սա պայմանավորված է այն բանով, որ փոքրիկի մկանային և նյարդային ազդակները զարգանում են ավելի ուշ ժամկետներում, այսինքն՝ 32-րդ շաբաթում: Բացի այդ, հաստատվում է պտղի ակտիվության և հանգստի շրջանների ցիկլը, ինչը պակաս կարևոր չէ: Այդ պատճառով պետք չէ անհանգստանալ, եթե վաղ ժամկետներում ձեզ նման հետազոտություն չի նշանակվել: Բժիշկը ճիշտ ժամանակին կնշանակի այս հետազոտությունը:

Պլանային այցերի ժամանակ գինեկոլոգը հատուկ ստետոսկոպի օգնությամբ լսում է պտղի սրտի աշխատանքը: Այն թույլ է տալիս հաշվել սրտի կծկումների հաճախությունը, պարզել այն բնականոն է, թե ոչ: Այսպիսով բժիշկը կարծիք է կազմում պտղի վիճակի մասին և եթե նկատում է որոշակի խանգարումներ, ապա հղի կնոջը անհապաղ նշանակում են կարդիոտոկոգրաֆիա, որն ավելի հստակ ախտորոշում է ապահովում:

Կարդիոտոկոգրաֆիան տևում է 40-60 րոպե: Սա այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որ թույլ է տալիս մանրամասնորեն վերլուծել պտղի սրտի կծկումների հաճախությունը և դրանց կախվածությունը արգանդի կծկումներից: Շատ կարևոր է, որ կարդիոտոկոգրաֆիայի ընթացքում կինը հարմարավետ դիրքում պառկած լինի, քանի որ հակառակ դեպքում փոքրիկն անհարմարություն կզգա, և նրա շարժումներն ավելի ակտիվ կլինեն, իսկ հետազոտության արդյունքները՝ սխալ:

Եթե կնոջ հղիությունը հանգիստ է ընթանում, ընդհատման վտանգներ չի կրում, և ՈՒՁ հետազոտությունից հետո գեստոզի ախտանշանները բացակայում են, չկա բնածին պաթոլոգիաների հավանականություն, ապա ԿՏԳ-ի ցուցանիշները 95% դեպքերում դրական են լինում: Գիտնականները վաղուց են բացահայտել մայրիկի ինքնազգացողության և փոքրիկի վիճակի փոխկապակցված լինելը, այդ պատճառով, եթե մայրիկն իրեն լավ է զգում, իսկ հետազոտության ցուցանիշները որոշակի շեղումներ են ցույց տալիս, ապա մեկ շաբաթ անց նշանակվում է լրացուցիչ հետազոտություն: Եթե հղի կնոջ ինքնազգացողությունը հաճախ է վատթարանում, հետազոտության արդյունքները բացասական են, ապա բժիշկը կարդիոտոկոգրաֆիան նշանակում է հնարավորինս հաճախ, որպեսզի ժամանակին պարզի հնարավոր շեղումները, օրինակ՝ պտղի թթվածնաքաղցը, և կարողանա դրանք շուտափույթ վերացնել:

Սովորաբար ԿՏԳ-ի մեկանգամյա անցկացումը բավարար չէ հստակ և ամբողջական եզրակացության համար, կարևոր է մի քանի հետազոտություններ անցկացնել:

Կարդիոտոկոգրաֆիայի արդյունքներն արտացոլվում են ժապավենի վրա՝ կոր գծերի տեսքով: Բնականոն ցուցանիշներ.

  • Սրտի կծկումների հաճախությունը կամ հիմնային ռիթմը պտղի հանգստի վիճակում պետք է լինի րոպեում 110-116 զարկի սահմաններում, իսկ շարժման վիճակում՝ 130-190: Ռիթմը պետք է հավասարաչափ լինի:
  • Ռիթմի տատանումների նորման (շեղման բարձրությունը) պետք է լինի 5-25 զարկ մեկ րոպեում:
  • Սրտի կծկումների դանդաղումը (դեսելերացիա) պետք է դիտվի հնարավորինս հազվադեպ, րոպեում 15 զարկից ոչ ավել: Դանդաղ դեսելերացիան առհասարակ պետք է բացակայի:
  • Աքսելերացիայի քանակը (սրտամկանի կծկումների արագացումը) պետք է չգերազանցի 30 րոպեում երկու անգամը, մոտ 15 զարկ:
  • Արգանդի ակտիվությունը (տոկոգրամա) պտղի սրտի կծկումների հաճախության հարաբերակցությամբ պետք է կազմի 15 տոկոս 30 վայրկյանում:

Վերոնշյալ հետազոտությունները գնահատվում են 10 բալանոց համակարգով, որի արդյունքում 9-12 միավորը ցույց է տալիս պտղի բավարար վիճակ:

Ցուցանիշների վերծանում

Ինչպես արդեն նշվել է, կարդիոտոկոգրաֆիայի արդյունքներն արձանագրվում են թղթե ժապավենի վրա: Նորագույն տեխնիկաները արդյունքերը հրապարակում են արդեն իսկ միավորները վերծանած: Արդյունքների վերծանում կատարում է բժիշկը: Հաճախ արդյունքների վրա ազդեցություն է ունենում եղանակը, կնոջ ինքնազգացողությունը, տրամադրությունը և այլն: Այնպես որ, մասնագետը պետք է մեկնաբանի արդյունքները՝ հաշվի առնելով նաև այդ գործոնները:

Կարդիոտոկոգրաֆիայի տերմինները հասկանալու համար պահանջվում են որոշակի գիտելիքներ, այնպես որ գինեկոլոգը կնոջը չի բացատրում բոլոր ցուցանիշները, պարզապես նշում է շեղումներ կան, թե ոչ:

Հիմնական ցուցանիշներն արդեն նշվել են վերևում, իսկ այժմ ծանոթանանք միավորների նշանակությանը:

  • 9-12 միավորը ցույց է տալիս, որ երեխայի վիճակը բնականոն է, շեղումներ չեն հայտնաբերվել: 
  • 6-8 միավորը ցույց է տալիս, որ պտղի թույլ թթվածնաքաղց է զարգանում: Արդյունքների հստակեցման համար նշանակվում է լրացուցիչ զննում մեկ օր անց:
  • 5 և պակաս միավորը նշանակում է, որ պտղի կյանքը վտանգված է, քանի որ առկա է սուր թթվածնաքաղց: Որոշ դեպքերում անհապաղ բուժում է նշանակվում, երբեմն էլ դիմում են կեսարյան հատման:

Քանի որ ապագա մայրիկները շատ են անհագստանում իրենց փոքրիկների առողջության համար, հարկ է նշել, որ կարդիոտոկոգրաֆիան բացարձակապես անվնաս հետազոտություն է, որի ընթացքում կինը ցավ չի զգում, և այն չունի հակացուցումներ:

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ինչ է Կվինկեի այտուցը և ինչպես կանխել այն

Ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Ինչ անել, եթե անընդհատ հոգնածություն եք զգում

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հոգնում է։

Առողջ սովորություններ

Առողջ սովորություններ

Մեծահասակին անհրաժեշտ է 7-9 ժամ քուն

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Ինչու է սերմնահեղուկը խիտ

Սովորաբար սերմնահեղուկը նման է միատարր հեղուկի՝ կաթնագույն սպիտակից մինչև մոխրագույն-դեղնավուն գույնի, հատուկ հոտով: