Դոպլեր հետազոտությունը հղիության ընթացքում

03.04.201561582

Յուրաքանչյուր կին հղիության 9 ամիսների ընթացքում անցնում է մի քանի ընթացիկ ՈՒՁՀ: Այդ միջամտությունն անվտանգ է և հղիության ընթացքն ավելի հստակ ախտորոշելու համար պարտադիր է: Դրա միջոցով որոշվում է փոքրիկի դիրքը մոր արգանդի ներսում և պտղի զարգացումը՝ հղիության ժամկետներին համապատասխան:

Ինչպե՞ս է կատարվում դոպլեր հետազոտությունը

Դոպլերն ուլտրաձայնային հետազոտության մի մասն է: Դոպլերագրաֆիկ հետազոտությունից հետո բժիշկը կարող է նշանակել ավելի արդյունավետ բուժում, եթե օրինակ պտղի զարգացման կանգ է նկատել: Դոպլերով կարելի է տեսնել դրա պատճառը և որոշել բուժման կամ վաղաժամ ծննդալուծման հարցը: Սա ընդամենը մեկն է այն օրինակներից, երբ բժիշկը կարողանում է դոպլերի օգնությամբ պահպանել մոր և պտղի առողջությունը:

Այն նախատեսված է հղիության ընթացքում արյան շրջանառության հոսքը մայր-ընկերք-պտուղ համակարգում գնահատելու համար:

Սովորական ՈՒՁՀ-ից հղիության ընթացքում դոպլերամետրիան տարբերվում է նրանով, որ վերջինս կարողանում է ՝

  • գնահատել փոքրիկի սրտի արյան շրջանառությունը,
  • որոշել պտղի պորտալարի անոթներում արյան շրջանառությունը,
  • որոշել, թե որքան լավ են պտղի անոթները մատակարարվում արյամբ,
  • գնահատել արգանդ-ընկերք արյան շրջանառությունը,
  • բացահայտել ընկերքի անբավարար գործունեությունը և վաղ ժամկետներում պտղի հիպոքսիայի առկայությունը և այլն։

Տվյալ հետազոտությունները հնարավոր են, քանի որ դոմլերամետրիայի ժամանակ սարքն աշխատում է՝ արձագանքելով պորտալարի տարբեր անոթներում, պտղի աորտայում, ուղեղի զարկերակներում և կնոջ արգանդի զարկերակներում արյան հոսքի արագությանը:

Էկրանի վրա արյան հոսքը երևում է երկչափ պատկերի վրա արյան կարմիր բջիջների շարժով:

Դոպլերի տեսակները

Այս հետազոտությունը կարելի անցկացնել երկու ռեժիմով՝ դուպլեքս և տրիպլեքս: Դուպլեքս (երկակի) ռեժիմը կարող է պատկերացում տալ անմիջապես անոթի մասին, որն ուսումնասիրվում է, գնահատել նրա անցանելիությունը, և եթե առկա են արյան հոսքի խանգարումներ, պարզել պատճառները: Տրիպլեքս (եռակի) ռեժիմը դուպլեքս հետազոտությանն ավելացնում է գունային պատկեր, որը ցուց է տալիս արյան կարմիր բջիջների շարժով վառ նկար: Տրիպլեքս հետազոտությունը համարվում է ավելի հստակ:

Ինչպե՞ս է անցկացվում դոպլերով ՈՒՁՀ հղիության ընթացքում

Հիմնականում, հատկապես, եթե դուք մասնավոր կլինիկայում եք հետազոտության գնում, դոպլեր ՈՒՁՀ-ն ոչնչով չի տարբերվում ձեր ընթացիկ ՈՒՁ հետազոտությունից: Բանն այն է, որ ժամանակակից ՈՒՁՀ ապարատներն արդեն համալրված են դոպլերագրաֆի ֆունկցիայով: Եթե ապարատն ավելի հին է, այդ դեպքում ձեզ կուղարկեն մեկ այլ տեղ ստուգման:

Դոպլեր հետազոտության գործընթացը համարժեք է ՈՒՁ հետազոտությանը՝

  • այցելում եք բժշկի ձեր նշանակված ժամին (ոչ մի հատուկ պատրաստություն այս հետազոտությունը չի պահանջում),
  • ձեզանից պահանջվում է պառկել թախտին և մի փոքր իջեցնել տաբատը կամ կիսաշրջազգեստը,
  • որովայնի վրա լցնում են հատուկ գել և սկսում հետազոտությունը։

Ահա այն ամենն, ինչ պահանջվելու է ձեզնից դոպլեր հետազոտության ժամանակ: Իսկ ահա բժշկի գործունեությունը մի փոքր այլ է: Նախ բժիշկը հետազոտում է արգանդի և պտղի ընդհանուր վիճակը սովորական ՈՒՁ ռեժիմով: Այնուհետև որոշում է այն անոթի տեղակայումը, որը նա ցանկանում է ավելի մանրամասնորեն զննել (պորտալարի, գլխուղեղի կամ այլ անոթներ): Նա միացնում է դոպլերոգրաֆիան և էկրանի վրա հայտվում է պատկեր, որը ցույց է տալիս տվյալ անոթում արյան հոսքի վիճակը: Այնուհետև ապարատն արդեն ինքնուրույն վերլուծում է ստացված տեղեկությունը և հայտնում է, եթե հայտնաբերում է շեղումներ: Ընդհանուր առմամբ հետազոտությունը տևում է մի քանի րոպե:

Ու՞մ և ե՞րբ են նշանակում դոպլեր հետազոտություն

Մանկաբարձ-գինեկոլոգը, ով վարում է ձեր հղիությունը, կազմում է գործունեության որոշակի ծրագիր: Այդ ծրագրի մշակումը կախված է կնոջ ընդհանուր վիճակից, քրոնիկական հիվանդությունների և վատ սովորությունների առկայությունից, ըստ ժամկետների՝ պտղի զարգացումից: Բայց կան նաև պարտադիր միջամտություններ, որոնք բոլոր հղի կանանց համար նույնն են: Այդպիսի միջամտություններից մեկը դոպլեր ՈՒՁՀ-ն է: Այն պարտադիր կերպով անցկացվում է 9 ամիսների ընթացքում երկու անգամ (եթե չկան հավելյալ հետազոտության ցուցումներ)՝

  • հղիության 22-24-րդ շաբաթների ընթացքում,
  • հղիության 30-34-րդ շաբաթների ընթացքում։

Այնինչ, եթե բժիշկը հերթական ընթացիկ զննումների ժամանակ հայտնաբերել է ինչ-որ շեղումներ, ապա նա իրավունք ունի ձեզ մի քանի անգամ ևս ուղարկել դոպլերամետրիայի: Լրացուցիչ հետազոտության ցուցումներ կարող են լինել՝

  • մոր բարձր զարկերակային ճնշում,
  • երիկամային խնդիրեր,
  • պրեէկլամպսիա,
  • բազմապտուղ հղիություն,
  • մոր և պտղի ռեզուս-կոնֆլիկտ,
  • նախորդ հղիությունների ժամանակ առաջացած պաթոլոգիաներ,
  • հղիության ժամկետների և պտղի չափերի անհամապատասխանություն,
  • գեստոզ,
  • քրոնիկական և ժառանգական հիվանդությունների առկայություն (շաքարային դիաբետ և այլն),
  • կարդիոտոկոգրաֆիայի վատ արդյունքներ:

Արդյո՞ք դոպլերը վտանգավոր է հղի կանանց համար

Դոպլերով ՈՒՁ հետազոտությունները բացարձակապես անվնաս են և ոչ մի կերպ չեն անդրադառնում պտղի զարգացման վրա: Կարելի է ասել, որ այս հետազոտությունը նույնիսկ օգտակար է: Հարց է առաջանում, թե ինչու: Դոպլերը շատ հստակ որոշում է պտղի վիճակը և նրա զարգացման աստիճանը: Եղել են դեպքեր, երբ միայն դոպլերով ՈՒՁՀ-ն կարողացել է բացահայտել պտղի հիպոքսիան և ժամանակին նշանակվել է համապատասխան բուժում, ինչը կանխել է դժբախտ ելքը: Երբեմն միայն դոպլեր ՈՒՁՀ-ն կարող է ցույց տալ պտղի պորտալարի փաթաթումը և դրա աստիճանը (երկակի, եռակի, եզակի ամուր կամ ոչ ամուր):

Ահա թե ինչ է իրենից ներկայացնում դոպլեր հետազոտությունը: Հղիության ընթացքում կատարվող ոչ մի հետազոտություն չպետք է մտահոգի կնոջը: Հիշե՛ք, որ անհանգստությունը վտանգավոր է ձեր և ձեր ապագա փոքրիկի առողջության համար: Հետևե՛ք ձեր վարքին, սննդակարգին, սովորություններին և յուրաքանչյուր հաջորդ հետազոտություն կերջանկացնի ձեզ փոքրիկի սրտի զարկերի ձայնով: