Մանկաբարձական պարեզ

Մանկաբարձական պարեզն առաջանում է ողնուղեղի վերին և ստորին խրձերի կամ ուսային հյուսակի վնասվելու, արմատիկները ողնուղեղից պոկվելու արդյունքում: Սա ախտահարման շատ ծանր տեսակ է: Մկանային հիպոտոնիան պարետիկ ձեռքում վառ արտահայտված է: Ձեռքը կախված է իրանի երկարությամբ: Ակտիվ շարժումներն ամբողջությամբ բացակայում են, հնարավոր են միայն թեթև շարժումներ փաթաթված վիճակում:

Պարեզով ախտահարված ձեռքի մաշկը գունատ է, շոշափելիս՝ սառը: Մկանային ատրոֆիայի (ապաճում) վաղ զարգացում, հատկապես դիստալ հատվածներում: Ցավային շեմը և ջերմաստիճանային զգայունությունն ամբողջ վերջույթում նվազած են: Ջլային ռեֆլեքսները բացակայում են: Ձեռքում բացակայում են բռնողական և ափ-բերանային ռեֆլեքսները: Քանի որ ամբողջական (տոտալ) պարեզի դեպքում ախտահարվում են բոլոր մկանները, բացակայում է ձեռքի ախտաբանական դրվածքը, հնարավոր է մկանային կոնտրակտուրայի (կռկանք) ձևավորում: Ուսային հյուսակի ախտահարման ծանր ձևերի դեպքում դիտվում է պարետիկ ձեռքի կողմում ստորին վերջույթի մկանային տոնուսի նվազում: Ստորին վերջույթը կարող է հետ մնալ երեխայի հանկարծակի շարժումների դեպքում: Այդ խանգարումները դժվար է նկատել սուր շրջանում:

Կարելի է նշել, որ կլինիկական պատկերում ավելի հաճախ դիտվում են խառը ախտահարումներ՝ այս կամ այն մանկաբարձական պարեզի գերակշռմամբ: Պարեզի վերին տեսակի դեպքում կարելի է փոփոխություններ հայտնաբերել դիստալ հատվածներում: Դա ախտահարված հատվածների անատոմիապես միմյանց մոտ գտնվելու արդյունքն է: Լինում են երկկողմանի և ատիպիկ պարեզներ:

Ախտանշանները

Պարեզներով նորածինները հաճախ ունենում են ցերեբրալ (ուղեղային) խանգարումներ՝ տրեմոր (դողոց), մկանային տոնուսի նվազում, բարձր դյուրագրգռություն, ոչ պայմանական ռեֆլեքսների ընկճվածություն: Բոլոր խանգարումները կապված են նորածնի օրգանիզմի վրա ծննդաբերական վնասվածքի և ասֆիքսիայի (շնչահեղձուկի) համալիր ներգործության հետ: Այդ փոփոխություններն անցողիկ բնույթ են կրում և արագ հարթվում են, ինչը մատնանշում է կապը լիկվորի շրջանառության և ուղեղային արյունաշրջանառության խանգարման հետ:

Պարեզների ընթացքը կախված է ախտահարման ծանրությունից: Ախտահարման ոչ մեծ աստիճանի դեպքում ձեռքի ֆունկցիաները վերականգնվում են՝ սկսած կյանքի առաջ իսկ օրերից, և 2-5 ամսվա ընթացքում ակտիվ շարժումները դառնում են ամբողջական: Ախտահարման որոշ դեպքերում մկանային թուլությունը կարող է երկարատև մնալ: Այն դառնում է ավելի ու ավելի նկատելի, երբ երեխան սկսում է անցնել ուղղահայաց դիրքի, այսինքն՝ նստել, կանգնել: Ձեռքի ֆունկցիայի անբավարարությունը հայտնաբերվում է հորիզոնական դիրքից ձեռքը բարձրացնելիս կամ հետ տանելիս: Մկանների ուժի նվազումը կարելի է նկատել, երբ երեխան սկսում է ձգվել դեպի խաղալիքը: Միջին և ծանր աստիճանի ախտահարումների դեպքում ձեռքի ֆունկցիայի վերականգնումն ավելի դանդաղ է ընթանում և կարող է լինել ոչ ամբողջական՝ մկանային ատրոֆիայի (ապաճում), կոնտրակտուրաների (կռկանք) և նյարդային մանրաթելերի դեգեներացիայի պատճառով: Ողնուղեղի ծանր վնասվածքի, արմատիկները ուղնուղեղից պոկվելու, ուսային հյուսակի պատռվածքի դեպքում ձեռքի ֆունկցիայի վերականգնումը նվազագույն է, զարգանում են ատրոֆիաներ (ապաճում), կոնտրակտուրաներ (կռկանք), ուսահոդում նկատվում է հոդախախտի միտում:

Հետևանքները

Ատրոֆիկ խանգարումները և մկանային կոնտրակտուրաներն առաջացնում են ոսկրային փոփոխություններ: Դրանք սկսում են զարգանալ արդեն իսկ 8-12 ամիս անց և տարիքի հետ դառնում են ավելի ու ավելի արտահայտված: Ռենտգեն-հետազոտությունների օգնությամբ գտնում են ոսկրացման հապաղումը, օստեոպորոզի նշանները, ուսոսկրի հիպոպլազիան, թիակի պարանոցի կարճեցումը, հոդապարկի կնճռոտումը, ակրոմիալ ելունի դեֆորմացիա: Նկատվել է փոխադարձ կապ ոսկրային փոփոխությունների և պարեզով ախտահարման աստիճանի միջև:

Ախտորոշումը

Պարեզն ախտորոշվում է նորածին երեխայի առաջին իսկ զննության ժամանակ՝ բնորոշ կլինիկական պատկերի հիման վրա, և այն առանձնահատուկ դժվարություն չի ներկայացնում: Ախտահարման տեղայնացման ճշգրտումը տեղի է ունենում էլեկտրամիոգրաֆիկ հետազոտությունների օգնությամբ: Էլեկտրամիոգրամում ֆասցիկուլյացիաների համազարկերը (Залпы фасцикуляций) վկայում են ախտաբանական պրոցեսում ողնուղեղի կամ արմատիկների ներգրավման մասին: Ծայրամասային նյարդերով գրգիռի տարածման նվազած արագությունը վկայում է դրանց ախտահարման մասին: Դիֆերենցիալ ախտորոշումը կատարվում է անրակի կոտրվածքով, օստեոմիելիտով, պոլիոմելիտով, բնածին հեմիհիպոպլազիայով և Պարրոյի կեղծ կաթվածով:

Բուժման մեթոդները և հնարավոր բարդությունները

Պարեզների բուժումը համալիր է, սկսվում է վաղ շրջանում և երեխայի տարիքի հետ չի դադարեցվում: Այն ներառում է օրթոպեդիկ դրվածքներ (բուժում դիրքով)՝ որպես մկանային կոնտրակտուրաների (կռկանք) զարգացման կանխարգելման մեթոդ, մարմնամարզություն, մերսում, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ և դեղամիջոցային թերապիա:

Մանկաբարձական պարեզների դեպքում ամենալուրջ բարդությունը մկանների կոնտրակտուրաների (կռկանք) վաղ զարգացումն է, որոնք ձեռքը ֆիքսում են ախտաբանական դիրքով: Այդ պատճառով կոնտրակտուրաների (կռկանք) առաջացման կանխարգելումը պետք է սկսվի դեռևս ծննդատանը: Այդ նպատակով օգտագործում են գիպսե, ստվարաթղթե կամ պլաստիկե բացող դողեր: Պարեզով ախտահարված ձեռքը ֆիքսում են բազուկը 90 աստիճան բացված, արմնկահոդում ծալված, արտաքին ռոտացիայի, նախաբազկի սուպինացիայի (վերհակում) վիճակում: Երեխայի դաստակը բեկակալով ֆիքսում են թիկնային ճկման տեղում: Ուսի բացում չի կարելի անել անմիջապես ուղիղ անկյան տակ, քանի որ դա երեխայի մոտ կառաջացնի ցավային ռեակցիա: Դողերով մանիպուլյացիաների հետ մեկտեղ երեխայի կյանքի առաջին իսկ օրերից բուժական թերապիայի համալիրում ներառվում են մերսումը և մարմնամարզությունը:

Մանկաբարձական պարեզների դեպքում առողջարար մարմնամարզությունը յուրաքանչյուր դեպքի համար անհատական է՝ կախված պարեզի աստիճանից և ծանրությունից, երեխայի տարիքից և հիվանդության շրջանից: Պարեզների դեպքում բուժական մարմնամարզության անհատական համալիրների մշակումն ինչպես սրացման, այնպես էլ վերականգնողական շրջանում կատարվում է բժիշկ-նյարդաբանի կողմից՝ հաշվի առնելով շարժողական ֆունկցիայի կլինիկան և ախտածնությունը: Առողջարար մարմնամարզությունը կյանքի առաջին օրերին կրում է առավելապես պասիվ բնույթ, ապա աստիճանաբար սկսում է ներառել երեխայի ակտիվության շարժողական տարրեր: Այն տարիքում, երբ երեխան սովորել է լավ նստել, կանգնած դիրքում և քայլելու ընթացքում պահպանել հավասարակշռությունը, բոլոր մարմնամարզական վարժությունները պետք է խաղի ձև ունենան: Երեխայի դրական հույզերը հեշտացնում են շարժումները և լավ խթանում են դրանց կրկնությունը: Խաղերում, ինչպես և պասիվ մարմնամարզությունում, անհրաժեշտ է մարզել արտաքին ռոտացիան, ձեռքի բացումը, նրա բարձրացումը հորիզոնական մակարդակից վեր:

Սկզբնաղբյուրը՝ медлаб.рф Թարգմանությունը՝ sotskiy.am

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…