Կոլպիտը՝ հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումը հղիության ընթացքում

Վերջին ժամանակներում կոլպիտը դարձել է բավականին տարածված հիվանդություն և ցավոք, ապագա մայրիկները բացառություն չեն հիվանդացողների շարքում:
Ի՞նչ է կոլպիտը
Հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումը կոչվում է կոլպիտ: Այս հիվանդության դեպքում լորձաթաղանթն այտուցվում է և առաջանում է սեռական օրգաններից տհաճ հոտով սպիտակավուն կամ թարախային առատ արտադրություն: Կոլպիտ կարող է զարգանալ բազմաթիվ հիվանդությունների արդյունքում, օրինակ՝ կանդիդոզի, բակտերիալ վագինոզի, տրիխոմոնիազի, գոնորեայի, միկոպլազմոզի կամ սեռական օրգանների հերպեսի: Գոյություն ունի հիվանդության սուր և ենթասուր քրոնիկական ձև: Վերջին դեպքում կոլպիտը դառնում է քրոնիկական, ինչի արդյունքում մշտապես հերթագայում են բարելավումները և հիվանդության սրացումները: Ընդ որում՝ բորբոքային պրոցեսը կարող է սահմանափակվել՝ տեղակայվելով մեկ հատվածում կամ էլ դիտվել և՛ արգանդի պարանոցում, և՛ վուլվայում:
Հիվանդության ախտորոշումը
Կոլպիտի ախտորոշումը կատարվում է մի քանի փուլով:
Գինեկոլոգիական զննում։ Այս միջամտության ընթացքում բժիշկը հայելիների օգնությամբ գնահատում է հեշտոցի լորձաթաղանթի վիճակը, որը հիվանդության առկայության պարագայում ունենում է այտուցվածություն, կարմրություն՝ պատերին լորձային-թարախային կուտակումներով: Զննման ընթացքում հատուկ նմուշների միջոցով նաև որոշվում է հեշտոցի թթվայնությունը:
Քսուքի հետազոտություն։ Գինեկոլոգիական զննման ընթացքում հեշտոցից և արգանդի պարանոցից քսուք է վերցվում, որը հետագայում հետազոտվում է մանրադիտակի տակ: Դա թույլ է տալիս հայտնաբերել լեյկոցիտներ, բազմաթիվ բակտերիաներ, տրիխոմոնիազ, գոնորեա, հեշտոցային էպիթելի մահացած բջիջներ և այլն:
Մանրէաբանական հետազոտություն։ Սովորաբար սա նշանակվում է հիվանդությունների հաճախակի կրկնությունների պարագայում և պարտադիր անցկացվում է հղի կանանց դեպքում: Հետազոտության ընթացքում աճեցվում է հեշտոցից վերցված մանրէների կուլտուրա, որիպեսզի որոշվի կոլպիտի հարուցիչը:
ՊՇՌ։ Պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով հետազոտության մեթոդը թույլ է տալիս ավելի հստակ հայտնաբերել սեռական ուղիներով փոխանցվող որոշ վարակներ:
ՈւՁՀ։ Փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել կոլպիտի հնարավոր բարդացումները: Երբեմն նաև կատարվում է արյան իմունաֆերմենտային հետազոտություն և այլն:
Ախտանշանները
Հղիության ընթացքում կոլպիտը կարող է արտահայտվել սուր կամ քրոնիկական ձևով: Սուր շրջանում կինը դժվար թե չնկատի վառ արտահայտված նշանները, որոնք անհարմարություն են պատճառում։ Դրանք են՝
- հեշտոցի լորձաթաղանթի կարմրություն, ուռածություն,
- արտաքին սեռական օրգանների այրոց և քոր,
- ճնշող և նվվացող ցավ փոքր կոնքի և որովայնի ստորին հատվածում,
- տհաճ հոտով առատ արտադրություն, որում երբեմն կարող են հայտնաբերվել արյան հետքեր:
Գրգռվածությունը կարող է տարածվել հարակից մաշկային հյուսվածքներում և սեռական օրգաններում, իսկ չբուժելու դեպքում այն կարող է հասնել մինչև վերարտադրողական օրգաներ՝ արգանդի պարանոց, արգանդ կամ հավելումներ:
Հղիության ընթացքում քրոնիկական կոլպիտն ավելի թույլ արտահայտված է ընթանում, երբեմն նույնիսկ ախտանշաններ չի ունենում, ինչի պատճառով էլ դժվար է լինում հիվանդությունը բացահայտել և ժամանակին սկսել բուժումը:
Պատճառները
Կոլպիտը շատ հաճախ է հանդիպում հղի կանանց դեպքում, ինչը, նախ և առաջ, պայմանավորված է դիմադրողականության անկմամբ: Օրգանիզմի թուլացած պաշտպանական միջոցները չեն կարողանում լիակատար արգելք հանդիսանալ վնասակար միկրոօրգանիզմների բազմացման համար: Գոյություն ունեն կոլպիտի առաջացման մի շարք պատճառներ՝
- միզասեռական համակարգի հիվանդություններ,
- որևէ քրոնիկական վարակի պատճառով թուլացած իմունիտետ,
- հորմոնային խանգարումներ,
- տարատեսակ հարուցիչներ, ինչպես գոնոկոկկները, կանդիդան, սեռական օրգանների հերպեսը, քլամիդիան, տրիխոմոնադան,
- հեշտոցի անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններ,
- հեշտոցի լորձաթաղանթի վնասում,
- ինտիմ հիգիենայի կանոնների խախտում,
- պահպանակների, տարատեսակ մոմիկների կամ քսուքների հանդեպ ալերգիկ ռեակցիաներ:
Ինչո՞վ է վտանգավոր կոլպիտը հղիության ընթացքում
Հղիության ընթացքում կոլպիտը անհարմարություններ է առաջացնում, բայց, այդուհանդերձ, հիվանդությունն ինքնին այնքան վտանգավոր չէ, որքան հետևանքները: Ապագա մայրիկի համար կոլպիտը վտանգավոր է այնքանով, որ կարող է առաջացնել վերընթաց վարակներ: Չբուժված վագինոզը կարող է խթանել էնդոմետրիտի, արգանդի պարանոցի էրոզիայի առաջացմանը և նույնիսկ հետագայում անպտղության հանգեցնել: Հղիության ընթացքում կոլպիտի առկայությունը բարձրացնում է վարակների առաջացման հավանականությունը, ինչը շատ վտանգավոր է ապագա փոքրիկի համար: Հենց այս հիվանդությունն է շատ դեպքերում վիժման պատճառ դառնում: Փոքրիկի համար այս հիվանդությունը վտանգավոր է, քանի որ վարակը կարող է փոխանցվել պտղաջրերին: Ծննդաբերության ժամանակ կրկին բարձր է հավանականությունը, որ պտուղը կարող է վարակվել: Հենց այդ պատճառով շատ կարևոր է հղիության վերջին շաբաթներին ուշադիր հետևել հեշտոցի միկրոֆլորային և նորմայից չնչին շեղումների դեպքում դիմել գինեկոլոգի՝ համապատասխան դեղամիջոցներ ստանալու համար:
Կոլպիտի բուժումն ու կանխարգելումը
Նախ և առաջ պետք է նշել, որ կոլպիտի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Առաջին ախտանշանների ի հայտ գալու դեպքում պետք է դիմել բժշկի, ով հետազոտությունների արդյունքերի հիման վրա կընտրի բուժման համապատասխան ձևը: Կինը պետք է մշտապես հիշի, որ պատասխանատվություն է կրում ոչ միայն իր, այլև իր փոքրիկի առողջության համար:
Հղի կանանց կոլպիտի բուժման գործընթացը դժվարանում է այնքանով, որ այս ընթացքում մեծաքանակ արդյունավետ դեղամիջոցների ընդունումը հակացուցված է: Առավել հաճախ կիրառվում են ապագա մայրիկների համար անվտանգ դեղամիջոցներ, չնայած դրանց արդյունավետությունն ավելի ցածր է: Սովորաբար նշանակվում է տեղային բուժում՝ հեշտոցային մոմիկներ, քսուքներ կամ գելեր: Որոշ դեպքերում հնարավոր է, որ նշանակվեն հակաբիոտիկներ, բայց միայն այն բանից հետո, երբ կորոշվի վարակի հարուցիչների զգայունությունը տվյալ դեղամիջոցների հանդեպ:
Բուժման տակտիկան ներառում է հետևյալը՝
- դիետիկ սնունդ, որը սահմանափակում է ճարպային, կծու կամ տապակած սնունդը,
- բուժման ընթացքում հրաժարում սեռական կյանքից,
- և՛ կնոջ, և՛ ամուսնու բուժում, եթե կոլպիտն առաջացել է սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից,
- կակաբակտերիալ թերապիա, ընդ որում՝ դեղամիջոցները պետք է նշանակի միայն բժիշկը՝ հաշվի առնելով հղիության ժամկետները և պտղի վրա հնարավոր բացասական ազդեցությունները,
- կանդիդոզային կոլպիտի դեպքում՝ հակասնկային թերապիա,
- բակտերիալ վագինոզի կամ տրիխոմոնիազի դեպքում՝ հակապրոտոզոային թերապիա և այլն։
Խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում ներլվացման մեթոդով բուժումներ անցկացնել, քանի որ այդ կերպով վարակը կարող է տարածվել վերին սեռական օրգաններում և արգանդում: Կոլպիտի արդյունավետ կանխարգելման համար անհրաժեշտ է կանոնավոր հետազոտվել՝ պարզելու սեռական ճանապարհով փոխանցվող վարակների առկայությունը, ժամանակին բուժել ինչպես սեռական, այնպես էլ այլ օրգանների քրոնիկական հիվանդությունները, ամրապնդել իմունիտետը պոլիվիտամինների և կարգավորված սննդակարգի միջոցով, մանրամասնորեն հետևել անձնական հիգիենային և կրել բնական կտորներից ներքնազգեստ:
Հղիության և ծննդաբերության վարման առանձնահատկությունները կոլպիտի դեպքում
Կոլպիտի հայտնաբերումից հետո բժիշկը պետք է պարտադիր անցկացնի անհրաժեշտ հետազոտություններ՝ ընդհանուր գինեկոլոգիական զննում, քսուքի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում պետք է նշանակի արյան լաբորատոր քննություն և ստացած արդյունքների օգնությամբ նշանակի համապատասխան բուժում: Բոլոր դեղորայքային միջոցները բացառապես ընտրվում են՝ հաշվի առնելով հղիության ժամկետները և պտղի վրա թողնելիք հնարավոր բացասական ազդեցությունները: