Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է, որն ուղեկցվում է մի շարք հորմոնալ և ֆիզիոլոգիական փոփոխություններով։ Դրանցից շատերը կարող են դրսևորվել դեռևս բեղմնավորումից հետո առաջին շաբաթների ընթացքում՝ դառնալով հղիության առաջին նշանները։
1. Դաշտանի ուշացում
Ամենատարածված և ակնհայտ նշանը դաշտանի բացակայությունն է։ Կանոնավոր մենստրուալ ցիկլ ունեցող կանանց մոտ դաշտանի ուշացումը հաճախ առաջին հստակ ցուցանիշն է, որը հուշում է հնարավոր հղիության մասին։ Սակայն որոշ դեպքերում դաշտանի ուշացումը կարող է պայմանավորված լինել նաև հորմոնալ անհավասարակշռությամբ, սթրեսով կամ առողջական այլ խնդիրներով։
2. Կրծքագեղձերի փոփոխություններ
Հղիության վաղ շրջանում էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակի բարձրացման հետևանքով կրծքագեղձերն սկսում են մեծանալ, դառնում են ավելի զգայուն և ցավոտ։ Հնարավոր է նաև մուգանալ պտուկների շուրջ գտնվող հատվածը (արեոլան) և նկատելի դառնան կրծքագեղձերի անոթները։
3. Սրտխառնոց և փսխում (վաղ տոքսիկոզ)
Շատ կանայք հղիության վաղ շրջանում ունենում են սրտխառնոց, որը հիմնականում դրսևորվում է առավոտյան ժամերին (այս երևույթը հաճախ անվանում են «առավոտյան տոքսիկոզ»): Այն սովորաբար սկսվում է հղիության 4-6-րդ շաբաթներից և կարող է շարունակվել մինչև երկրորդ եռամսյակի սկիզբը։
4. Հոգնածություն և քնկոտություն
Պրոգեստերոնի բարձր մակարդակը կարող է հանգեցնել անսովոր հոգնածության, նույնիսկ եթե կնոջ առօրյայում որևէ փոփոխություն չկա։ Սա կարող է դրսևորվել դեռևս բեղմնավորումից հետո առաջին շաբաթների ընթացքում։
5. Հաճախակի միզարձակում
Հղիության վաղ շրջանում արյան ծավալի ավելացման պատճառով երիկամները սկսում են ավելի ինտենսիվ աշխատել, ինչը բերում է միզարտադրության ակտիվացման։ Բացի այդ, հորմոնային փոփոխությունների հետևանքով միզապարկի պատերը դառնում են ավելի զգայուն, ինչը նույնպես կարող է հանգեցնել հաճախակի միզարձակման։
6. Համի և հոտի ընկալման փոփոխություններ
Հղիության ընթացքում հաճախ դիտվում է հոտերի և համերի նկատմամբ զգայունության աճ, ինչն առաջացնում է նոր սննդային նախասիրություններ կամ հակակրանք որոշակի մթերքների նկատմամբ։ Շատ կանայք նշում են, որ նախկինում հաճելի հոտերը հղիության ընթացքում կարող են դառնալ անհանդուրժելի։
7. Փորացավեր և որովայնի թեթև ցավեր
Հղիության վաղ շրջանում կարող են դիտվել արգանդի ձգման և ներդրման (իմպլանտացիայի) հետևանքով առաջացած թեթև ցավեր, որոնք հաճախ նմանվում են դաշտանից առաջ եղած ցավերին։ Սա բնական գործընթաց է և սովորաբար անհանգստության առիթ չի հանդիսանում, եթե ցավը չափազանց ուժեղ չէ և չի ուղեկցվում արյունահոսությամբ։
8. Ներդրման (իմպլանտացիոն) արյունահոսություն
Բեղմնավորումից մոտ 6-12 օր անց, երբ բեղմնավորված ձվաբջիջը կպչում է արգանդի լորձաթաղանթին, հնարավոր է նկատվի թույլ արյունային արտադրություն։ Այն տևում է մեկ-երկու օր և տարբերվում է դաշտանային արյունահոսությունից՝ լինելով ավելի բաց գույնի և ոչ առատ։
9. Հորմոնալ փոփոխությունների հետևանքով տրամադրության տատանումներ
Հղիության վաղ շրջանում հորմոնային մակարդակի կտրուկ փոփոխությունները կարող են ազդել կնոջ հուզական վիճակի վրա՝ առաջացնելով զգայունություն, տրամադրության հաճախակի փոփոխություններ, լացկանություն կամ նյարդայինություն։
10. Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
Հղիության սկզբում շատ կանանց մոտ նկատվում է հիմնական մարմնի ջերմաստիճանի փոքր-ինչ բարձրացում, որը պայմանավորված է պրոգեստերոնի ազդեցությամբ։ Եթե այն մնում է բարձր ավելի քան 18 օր, ապա դա կարող է վկայել հղիության մասին։
Ե՞րբ կատարել հղիության թեստ
Եթե կինը նկատում է վերը նշված ախտանիշներից մի քանիսը, ցանկալի է կատարել հղիության թեստ՝ հատկապես դաշտանի ուշացումից հետո։ Մեզի թեստերը կարող են հայտնաբերել հղիության հորմոնը (hCG) բեղմնավորումից 10-14 օր անց, սակայն առավել ճշգրիտ արդյունք կարելի է ստանալ արյան լաբորատոր անալիզի միջոցով։
Հղիության վաղ ախտանիշները տարբեր են յուրաքանչյուր կնոջ համար, և դրանց առկայությունը կամ բացակայությունը չի կարող լիովին հաստատել կամ բացառել հղիությունը։ Ամենահուսալի տարբերակը բժշկի խորհրդատվությունն է, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտությունը, որը թույլ կտա հաստատել հղիության առկայությունն ու դրա ընթացքը։