Բակտերիալ վագինոզ. ինչ հիվանդություն է, ինչպես է բուժվում

05.05.201428052

Կնոջ հեշտոցի միկրոֆլորան յուրահատուկ էկոհամակարգ է: Նորմայում այն 95-98% -ով կազմված է լակտոբակտերիաներից, որոնք պաշտպանական գործառույթ ունեն՝ առանձնացնում են կաթնաթթուն թթվային միջավայր ստեղծելու համար, խթանում են տեղային իմունիտետը և ճնշում հիվանդագին միկրոօրգանիզմների աճը:

Սակայն որոշակի պայմաններում այդ բնական հավասարակշռությունը խախտվում է` հեշտոցի թթվայնությունն իջնում է, և արդյունքում կտրուկ մեծանում է ախտածին բակտերիաների թիվը, ինչը սեռական օրգաններում հանգեցնում է «ձկան հոտով» անսովոր արտադրության և քորի: Նման իրավիճակն անվանվում է բակտերիալ վագինոզ կամ հեշտոցային դիսբիոս (դիսբակտերիոզ) և պահանջում որոշակի բուժում:

Բակտերալ վագինոզի պատճառները, ախտանիշներն ու ախտորոշումը

Կանանց 15-64% -ն ունի դիսբիոզ: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջիկների դեպքում, որոնք չեն ապրում սեռական կյանքով, այնպես էլ հասուն կանանց: Այսօր դրա հիմնական պատճառը դեռ պարզ չէ, սակայն մասնագետներն այն կապում են այնպիսի փաստերի հետ, ինչպիսիք են՝

  • հակամանրէային միջոցների օգտագործում,
  • փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ
  • արգանդի վզիկի ֆոնային գործընթացներ (էնդոմետրիոզ, պսևդոէրոզիա, լեյկոպլակիա, էնդոցերվիցիտ և այլն),
  • հորմոնային խանգարումներ,
  • դաշտանային ցիկլ,
  • սեռական զուգընկերոջ փոխարինում,
  • սեռական օրգանների հիգիենայի խախտում,
  • բազմաբնույթ միջոցների օգտագործում (տամպոններ, ներարգանդային պարույրներ և այլն),
  • ցնցուղում,
  • օրալ բեղմնականխիչների օգտագործում,
  • բեղմնականխիչների օգտագործում (պահպանակներ, մոմիկներ, քսուքներ),
  • սթրեսներ, կլիմայական փոփոխություններ,
  • վիրաբուժական միջամտություն,
  • տեղային իմունիտետի անկում,
  • սխալ սննդակարգ,
  • աղիքային հիվանդություններ։

Բակտերիալ վագինոզը կարող է ընթանալ ինչպես առանց ախտանիշների, այնպես էլ կլինիկական դրսևորումներով: Ֆլորայի փոփոխության ժամանակ կանանց սկսում է անհանգստացնել տհաճ հոտով սպիտակ կամ գորշ գույնի արտադրությունը: Հազվադեպ կարող է առաջանալ քոր և խախտվել միզարտադրությունը: Այսուհանդերձ, որպես կանոն, սեռական օրգանների և հեշտոցի այտուցվածության կամ կարմրածության առկայություն չի նկատվում:

Որոշ կանայք նշում են միայն մեկ ախտանիշ, իսկ կանանց մեծ մասն ընդհանրապես որևէ նշան չի նկատում, ինչի հետևանքով հիվանդությունը կարող է տարիներով շարունակվել: Այս պատճառով բակտերիալ վագինոզն ավելի ճիշտ է որոշել ոչ թե հիմնվելով կլինիկական ախտանիշների և կանանց գանգատների վրա, այլ առաջնորդվել առաջին հերթին արտադրութան լաբորատոր հետազորության արդյունքներով:

Հեշտոցի դիսբիոզի (դիսբակտերիոզ) հայտնաբերման համար անցկացվում է՝

  • ամինոթեստ (արտադրության և քիմիական տարրերի փոխազդեցության դեպքում առաջանում է «նեխած ձկան» հոտ),
  • արտադրության թթվայնության գնահատում (рН>4,5 հաստատում է լակտոբակտերաների թվի նվազում),
  • ցանքսի մեթոդ (սնուցող միջավայրերի օգնությամբ բացահայտում են հարուցիչը),
  • գունավորված քսուքի միկրոսկոպիա (որոշում են դիսբիոսին բնորոշ «հիմնական բջիջների»` խիտ տեղակայված անաէրոբ մանրէներով` գարդներելլայով, բակտերիոդներով, ֆուզոբակտերիաներով, կլեբսիելներով և այլն, հեշտոցի էպիթելերի առկայությունը):

Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է չորս դիագնոստիկ մեթոդներից երեքի դրական արդյունք, բայց առավել կարևոր է քսուքի արդյունքը:

Բակտերիալ վագինոզի բուժումը

Բակտերալ վագինոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, այդ պատճառով սեռական զուգընկերոջ բուժումն անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ նրա մոտ առաջանում է ուրետրիտի ախտանիշ (միզելու կամ սերմնաժայթքման ժամանակ ծակոցներ): Իսկ ահա կնոջ վերարտադրողական առողջության համար համապատասխան թերապիան շատ կարևոր է:

Հիվանդության շարունակականությունը կարող է դառնալ արգանդի և հավելումների բորբոքային երևույթների պատճառ (էնդոմետրիտ, սալպիգիտ և այլն), ինչպես նաև հղիության և ծննդաբերության ժամանակ կարող է հանգեցնել բարդությունների (խորիոամնիոնիտ, վաղաժամ ծննդաբերություն, երեխայի ներարգանդային վարակում, պնևմոնիա և այլն):

Դիսբիոսի բուժումն ուղղված է հարուցիչների վերացմանը և հեշտոցի նորմալ միկրոբիոցենոզի վերականգնմանը: Այն ընդգրկում է համալիր բուժում, հակաբակտերիալ թերապիայի նշանակում, հակապրոտոզային, հակասնկային միջոցներ, իմունոմոդուլյատորներ, հեշտոցի նորմալ միկրոֆլորան վերականգնող դեղամիջոցներ, էուբիոտիկներ և այլն:

Հեշտոցի դիսբիոսի բուժման ժամանակ ուշադրություն են դարձնում կնոջ աղիքային միկրոբիոցենոզին, անհրաժեշտության դեպքում թերապիայի մեջ ընդգրկում են համապատասխան հավելումներ: Հղիության շրջանում բակտերիալ վագինոզի հայտնաբերման դեպքում բժիշկը նշանակում է գեստացիայի տվյալ փուլում թույլատրվող դեղամիջոցներով թերապիայի կուրս:

Բուժման արդյունավետությունը գնահատվում է հիվանդության ախտանիշների անհետացմամբ, ինչպես նաև լաբորատոր ցուցանիշների նորմալացմամբ: Հետազոտությունն անցկացվում է բուժման կուրսի ավարտից մեկ շաբաթ անց և ոչ ավելի վաղ:

Բակտերալ վագինոզի համալիր բուժումը 90% դեպքում տալիս է երկարատև դրական արդյունք: Բայց պետք է նաև հիշել, որ բակտերիալ վագինոզը կարող է կրկնվել: Հեշտոցի դիսբիոսի կանխման համար անհրաժեշտ է տարվա մեջ գոնե մեկ անգամ այցելել գինեկոլոգի և հնարավորինս վերացնել այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել հեշտոցի դիսբիոսի: