Անմիզապահությունը հղիության ընթացքում
Անմիզապահության դեպքում առաջանում է մեզի ինքնաբուխ արտահոսք: Համաձայն վիճակագրական տվյալների՝ հղի կանանց շուրջ 65%-ն ունի այս խնդիրը: Հղիության ընթացքում անմիզապահությունը սովորաբար սկսում է արտահայտվել երկրորդ եռամսյակում և ուժեղանում է երրորրդում: Նույնիսկ ծննդաբերությունը միշտ չէ, որ լուծում է այս խնդիրը, որոշ «երջանիկներ» նշանակալի իրադարձությունից ամիսներ հետո ստիպված են լինում հաճախ փոխել միջադիրները:
Հղիության ընթացքում անմիզապահության պատճառները
Միզապարկից հեղուկի անվերահսկելի արտահոսքի մի քանի հիմնական պատճառ կա:
- Արգանդի չափի մեծացում: Փոքրիկը մեծանում է, արգանդը ձգվում է և սկսում է ճնշել միզապարկին՝ փոքրացնելով այն:
- Պտղի շարժումներ: Երբեմն պտուղն այնքան ակտիվ է լինում, որ թաթիկների կամ տոտիկների հարվածները միզապարկի հատվածում առաջացնում են մեզի հանկարծակի արտահոսք:
- Հորմոնային ֆոնի փոփոխությունները: «Հղիության հորմոնը»՝ պրոգեստերոնը, նպաստում է միզապարկի պատերի և սֆինկտերի (սեղմման մկան) թուլացմանը, ինչպես նաև թուլացնում է մկանային հյուսվածքի տոնուսը:
Նշենք, որ հղիության ընթացքում անմիզապահություն հաճախ ունենում են մեծ տարիքի կանայք՝ քաշի արագ ավելացման, ինչպես նաև մի քանի հղիությունների հերթագայման դեպքում: Հղի կանանց մեծամասնության դեպքում ծննդաբերությունից հետո խնդիրն ինքնաբերաբար վերանում է, այնինչ պետք չէ հույս դնել պատահականության վրա: Բժիշկների (ուրոլոգ և գինեկոլոգ) խորհրդատվությունն անհրաժեշտություն է:
Անմիզապահության դեպքում անհրաժեշտ հետազոտություններ
Ախտաբանական վիճակների զարգացումը բացառելու համար հղի կնոջը նշանակում են հետևյալ հետազոտությունները՝
- մեզի ընդհանուր հետազոտություն,
- միզասեռական համակարգի ՈՒՁՀ,
- գինեկոլոգիական զննում,
- միզուղիների համակարգի ՈՒՁՀ ,
- օրագրում միզարձակման մասին տվյալների արձանագրում: Այստեղ հաշվի է առնվում ցանկացած բան՝ և՛ նորմալ, և՛ անմիզապահության դեպքերի քանակը, ինչպես նաև հեղուկի մոտավոր զանգվածը:
Անմիզապահություն տեսակները
Հետազոտությունները և միզարձակման մասին օրագրում նշված արձանագրությունները կօգնեն բժշկին ճիշտ ախտորոշել անմիզապահության տեսակը:
Հղիության ընթացքում մեզի դանդաղ հոսք՝ միզապարկի գերլցվածության պատճառով: Այս պարագայում մեղավորը թուլացած մկաններն են. միզարձակման ժամանակ կնոջը չի հաջողվում ազատվել կուտակված ամբողջ հեղուկից, դրա մի մասը մնում է և անկառավարելի կերպով հետագայում արտահոսում:
«Միզապարկի գերակտիվություն»: Այս վիճակը կարող է առաջանալ ինչպես մկանների թուլությունից, այնպես էլ նյարդային համակարգի աշխատանքի որոշակի խանգարումներից, որի հետևանքով միզապարկի նյարդային վերջույթները մեծ ուշացումով են ազդանշան տալիս ուղեղին գերլցված լինելու մասին: Արդյունքում հղի կինը, հանկարծակի զգալով միզարձակման ուժեղ ցանկություն, ստիպված է լինում գրեթե վազելով հասնել զուգարան, իսկ դրա համար միշտ չէ, որ ժամանակը բավականացնում է, և մեզի մի մասը հասցնում է արտահոսել:
Սթրեսային անմիզապահություն: Սա ամենատարածված երևույթներից է, դարձյալ կապված է մկանների և կոնքի մկանների թուլության հետ, որն առաջանում է որովայնի առաջնային պատի մկանների կտրուկ լարվածության (փռշտոցի, ծիծաղի կամ հազի) դեպքում:
Կարդացեք
Անմիզապահությունը կլիմաքսի ընթացքում
Ինչպե՞ս պայքարել անմիզապահության դեմ
Անմիզապահության համար դեղամիջոցներով բուժում նշանակվում է միայն ամենածայրահեղ դեպքերում: «Կանեֆրոն» բուսական ծագման դեղամիջոցը հղիության դեպքում միզապարկի վրա թողնում է սպազմալիտիկ, հակաբորբոքային և հակամանրէային ազդեցություն: Հենց դա են նշանակում կանխարգելման նպատակներով:
Խորհուրդներ՝
- Նախածննդյան բանդաժի կրում, որն արգանդը պահող և դրանով իսկ միզապարկի վրա ճնշումը նվազեցնող հատուկ գոտի է:
- Ժամանակին միզարձակում՝ լոգասենյակ գնալու ցանկությունը չզսպել, նույնիսկ, եթե միզապարկի լցվածությունը պարզ չի արտահայտվում (խորհուրդը հատկապես ակտուալ է ՄՊ գերակտիվության պարագայում):
- Միզարձակման գործընթացի ժամանակ ցանկաի է մի թեթև առաջ կռանալ և մի փոքր ուժ տալ, այդպես միզուղիներն առավելագույնս կբացվեն:
- Ջրային ռեժիմի սահմանափակում: Օրական մեկ և կես լիտր հեղուկը լիովին բավարար է բժիշկների կարծիքով: Պետք չէ ջուր խմել քնելուց նվազագույնը մեկ ժամ առաջ:
- Կեգելի վարժությունները հիանալի կերպով մարզում են հեշտոցային մկանները և նրանց հարող օրգանները:
- Դեղաբույսերի ընդունում: Ահա մի քանի առավել հեշտ պատրաստվող պարզ բաղադրատոմս: Մասուրի պտուղների թուրմ՝ 4 գդալ պտուղը մանրացնել և վրան ավելացնել մեկ լիտր եռացրած ջուր: Հեղուկը թողնում ենք թրմելու մեկ ժամ, կարելի է մի փոքր ավել: Թուրմը պետք է ընդունել ամեն օր՝ 250 մլ:
- Շալֆեի թուրմ՝ մեկ լիտր եռացրած ջուրը լցնել թերմոսի մեջ և ավելացնել 40-50գ դեղաբույս: Պահել նվազագույնը 4 ժամ, քամել: Ընդունել մեկ բաժակ թուրմ օրական երեք անգամ:
- Սամիթի սերմերի թուրմ՝ 1-2 գդալ սամիթի սերմերին ավելացնել 250 մլ եռացող ջուր և թրմել 3 ժամ, քամել: Այնուհետև ընդունել թուրմի կեսը, իսկ 4 ժամ անց՝ երկրորդ կեսը: Կայուն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ընդունել թուրմը մեկ շաբաթ:
- Պետք չէ մոռանալ նաև հիգիենայի տարրական կանոնների պահպանման մասին՝ պարբերաբար լվացվել, հաճախ փոխել միջադիրները (ամենաքիչը օրական 2 անգամ), կրել բնական գործվածքից պատրաստված ներքնազգեստ:
Պետք է նաև զգուշացնել հղի կանանց, որ հղիության ուշ ժամկետներում հեշտությամբ կարելի է շփոթել անմիզապահությունը պտղաջրի հետ: Այդ պատճառով կրկին հիշեցնենք, որ նմանատիպ նշանների առաջացման դեպքում բժշկի այցելությունը պարտադիր է: Սա այն դեպքն է, երբ ձեր զգոնությունից է կախված հղիության երջանիկ ելքը: