Ամփոփ տեղեկություն հորմոնների մասին

05.08.201446312

Ի՞նչ նյութեր են հորմոնները: Ի՞նչ գործառույթ են իրականացնում: Ի՞նչ ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Որտե՞ղ են արտադրվում: Ներկայացնենք մի քանիսը:

Հորմոնները քիմիական նյութեր են, որոնք ներզատական (էնդոկրին) գեղձերի միջոցով արտազատվում են ուղղակիորեն արյան մեջ և բարդ ու բազմակողմանի ազդեցություն թողնում օրգանիզմի վրա ամբողջությամբ կամ էլ առանձին օրգանների ու հյուսվածքների վրա: Հորմոնները ծառայում են որպես որոշակի օրգաններում և համակարգերում որոշակի գործընթացների հումորալ կարգավորիչներ (արյան միջոցով փոխադրվող):

Հորմոններն օրգանիզմում ծառայում են վերջինիս հոմեոստազի պահպանմանը, ինչպես նաև բազմաթիվ գործառույթների կարգավորմանը (աճ, զարգացում, նյութափոխանակություն, հակազդում արտաքին միջավայրի փոփոխություններին): Կխոսենք այն հորմոնների մասին, որոնց մակարդակը խիստ կարևոր է անպտղության հետազոտությունների ժամանակ:

Էստրոգեններ

Էստրոգենը ստերոիդային՝ սեռական և երիկամի կեղևի հորմոնների հավաքական անվանումն է: Հիմնականում արտազատվում են կնոջ ձվարանների ֆոլիկուլյարային ապարատում: Որոշակի քանակությամբ էստրոգեններ արտադրվում են նաև տղամարդկանց ամորձիներում և երիկամի կեղևում (երկու սեռերի դեպքում էլ): Մտնում են իգական սեռական հորմոնների խմբում: Այդ խմբում է ներառված երեք հիմնական հորմոն՝ էստրադիոլ, էստրոն, էստրիոլ:

Ամենաակտիվը էստրադիոլն է, որի նվազումը հղիության ընթացքում կարող է վկայել պտղի պաթոլոգիայի մասին: Էստրոգենների մակարդակի բարձրացում կարող է նկատվել ձվարանների կամ երիկամների ուռուցքի դեպքում և արտահայտվել արգանդային արնահոսությամբ: Էստրոգենների բարձր մակարդակ է գրանցվում մարմնի ավելորդ քաշի դեպքում, քանի որ ճարպային բջիջները հորմոնային առումով ակտիվ են և կարող են էստրոգեններ արտադրել: Այս հորմոնների մակարդակի նվազման պատճառ կարող է դառնալ ձվազատման բացակայությունը (անօվուլյացիան): Այդ պարագայում անպտղություն է դիտվում, դաշտանային պարբերաշրջանի խանգարում, հեշտոցի լորձաթաղանթի չորություն, ինչպես նաև դեպրեսիա, ապատիա (անտարբերություն), աշխատունակության անկում:

Էստրոգեններն օրգանիզմում նպաստում են արգանդի, արգանդափողերի, հեշտոցի, կրծքագեղձերի զարգացմանը, ծծակի և սեռական օրգանների շրջանի գունավորմանը, կանանց երկրորդային սեռական նախանշանների ձևավորմանը: Կանանց դեպքում էստրադիոլն ապահովում է դաշտանային ֆունկցիայի իրականացումը և ձվաբջջի զարգացումը: Ձվազատումն սկսվում է էստրադիոլի զգալի բարձր մակարդակի հասնելուց 24-36 ժամ հետո: Ձվազատումից հետո հորմոնի մակարդակն իջնում է, առաջանում է երկրորդ՝ ավելի թույլ վերելքը: Այնուհետև հորմոնի խտությունն անկում է ապրում, ինչը շարունակվում է մինչև լյուտեինային փուլի ավարտը:

Պրոգեստերոն

Պրոգեստերոնը ձվարանների դեղին մարմնի հիմնական հորմոնն է: Քիմիական կառուցվածքով համարվում է ստերոիդային հորմոն: Պրոգեստերոնի մեծ մասն արտադրվում է ձվարաններում, մի փոքր մասն էլ երիկամներում: Հղիության մինչև 16-րդ շաբաթը պրոգեստերոնն արտադրվում է դեղին մարմնի կողմից, այնուհետև ընկերքի: Այս հորմոնն անվանում են հղիության հորմոն, քանի որ այն արգանդի լորձաթաղանթը նախապատրստում է ձվաբջի պատվաստմանը, այնուհետև կանխում է պտղաձվի ոչնչացումը՝ նվազեցնելով արգանդի կրճատման ակտիվությունը:

Այն նաև նպաստում է արգանդի աճին և ներգործում է նյարդային համակարգի վրա՝ նախատրամադրելով այն հղիությանը և ծննդաբերությանը: Պրոգեստերոնի անբավարարությունը կարող է դառնալ անպտղության կամ չզարգացող հղիության, ինչպես նաև դաշտանային պարբերաշրջանի խանգարման պատճառ: Պրոգեստերոնի մակարդակի նվազման պատճառ կարող են լինել ձվարանների դեղին մարմնի անբավարարությունը, ձվազատման բացակայությունը, ներքին սեռական օրգանների քրոնիկ-բորբոքային հիվանդությունները:

Պրոգեստերոնի մակարդակի բարձրացում նկատվում է ձվարանների կամ երիկամների ուռուցքների դեպքում և կարող է արտահայտվել արգանդային արնահոսությամբ, ինչպես նաև դաշտանային պարբերաշրջանի խանգարմամբ: Հղիության ընթացքում պրոգեստերոնի բարձրացումը բնականոն է համարվում:

Տեստոստերոն

Տեստոստերոնը հիմնական արական սեռական հորմոնն է, անդրոգեն: Տղամարդկանց օրգանիզմում արտազատվում է Լեյդեգի բջիջներում, ինչպես նաև որոշակի քանակությամբ արտադրվում է կանանց ձվարաններում և երիկամների կեղևում (երկու սեռերի դեպքում էլ): Մասնակցում է արական սեռական օրգանների կազմավորմանը, երկրորդային սեռական նախանշանների արտահայտմանը. կարգավորում է սպերմատոգենեզը և սեռական վարքը, ինչպես նաև ներգործում է ազոտային ու ֆոսֆորային փոխանակության վրա:

Տեստոստերոնի սինթեզը և արտազատումը կարգավորվում է հիպոֆիզի լյուտեինիզացնող և ֆոլիկուլադրդիչ հորմոնների կողմից: Կնոջ օրգանիզմում տեստոստերոնը սինթեզվում է ձվարաններում՝ հասուն ֆոլիկուլի բջիջներում վերափոխվելով էստրոգենի, նպաստում է կաթնագեղձերի զարգացմանը: Բարձր մակարդակը հանգեցնում է ձվարանների գեներատիվ գործառույթի խանգարմանը:

ԴՀԷԱ սուլֆատ (դեհիդրոէպիանդրոստերոն)

Սա ևս արական սեռական հորմոն է, անդրոգեն: Արտադրվում է երիկամի կեղևում: Երկու սեռերի օրգանիզմում էլ առկա է այս հորմոնը, սակայն տարբեր չափաբաժնով: Հղիության ընթացքում արտադրվում է մոր և պտղի երիկամների կեղևում՝ նախապատրաստելով ընկերքի էստրոգենների սինթեզին: Այս հորմոնի մակարդակը մարձրանում է սեռական հասունացման շրջանում, այնուհետև սահուն նվազում է վերարտադրողական տարիքի ավարտին զուգահեռ: Հորմոնի բարձր մակարդակի դեպքում հաճախ ձվարանների աշխատանքի խանգարում է դիտվում:

Պրոլակտին

Պրոլակտինը հիպոֆիզի առաջնային հատվածի հորմոններից մեկն է: Քիմիական կառուցվածքով պեպտիդային հորմոն է: Հիմնական գործառույթն աճի խթանումն է և կաթնագեղձերի զարգացումն ու լակտացիան: Մակարդակի բարձրացման դեպքում արյան մեջ ճնշվում է ֆոլիկուլադրդիչ հորմոնի սինթեզը, այդ պատճառով էլ ֆոլիկուլը չի հասունանում, և ձվազատում չի կատարվում: Բացի այդ, պրոլակտինը կարևոր դեր է խաղում ջրի և աղի փոխանակության հարցում: Բնականոն վիճակում պրոլակտինի մակարդակը բարձրանում է հղիության ընթացքում և լակտացիայի շրջանում:

Հորմոնի ախտաբանական բարձրացման պատճառ կարող են լինել ուռուցքները կամ հիպոֆիզի գործառույթի խանգարումը, հիպոթիրեոզը, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, աուտոիմունային հիվանդությունները (ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ), վիտամին B6-ի անբավարարությունը, երիկամային անբավարարությունը, լյարդի ցիրոզը և այլն: Պրոլակտինի բարձր մակարդակի դեպքում կրծքագեղձերից նկատվում է կաթի կամ կաթնախեժի արտադրություն, կարող է խանգարվել դաշտանային ցիկլը կամ ընդհանրապես բացակայել դաշտանը, ինչպես նաև կարող է բացակայել ձվազատումը, ինչը հանգեցնում է անպտղության: Հորմոնի ցածր մակարդակ կարող է դիտվել հիպոֆիզի գործառույթի անբավարարության պարագայում:

Ֆոլիկուլադրդիչ հորմոն

Հիպոֆիզի առաջնային հատվածի գոնադոտրոպ հորմոն է: Իգական այն հիմնական հորմոններից է, որոնք կարգավորում են ձվարաններում ֆոլիկուլի աճը (ձվաբջջի) և էստրոգենի ձևավորմանը, որի ներգործությամբ արգանդում աճում է լորձաթաղնթը: ՖԴՀ-ի առավելագույն աստիճան նկատվում է պարբերաշրջանի կեսերին, ինչը հանգեցնում է ձվազատման: Տղամարդկանց պարագայում արյան մեջ մեծացնում է տեստոստերոնի խտությունը՝ դրանով նպաստելով սերմնաբջիջների հասունացմանը: Այդպես լինում է, երբ տղամարդու ամորձիները փոքր են լինում կամ էլ վնասված: Այս հորմոնը տղամարդկանց չորս հիմնական սեռական հորմոններից մեկն է, որի խանգարումը հանգեցնում է վերարտադրողական գործառույթի խաթարմանը:

Լյուտեինիզացնող հորմոն

Պեպտիդային հորմոն է, որն արտազատվում է հիպոֆիզի առաջնային հատվածի գոնադոտրոպ բջիջների կողմից: ՖԴՀ-ի հետ միասին այս հորմոնն անհրաժեշտ է վերարտադրողական համակարգի բնականոն աշխատանքի համար: Կնոջ օրգանիզմում ԼՀ-ն ձվարաններում խթանում է էստրոգենների արտազատումը, իսկ բարձր մակարդակը դրդում է ձվազատման: Նպաստում է ֆոլիկուլում ձվաբջջի հասունացմանը և ձվազատմանը, ինչպես նաև ապահովում է էստրոգենների արտազատումը և դեղին մարմնի ձևավորումը: Կանանց ցիկլում ԼՀ-ի խտության բարձրակետը ձվազատման շրջանն է, որից հետո հորմոնի մակարդակն ընկնում է և այդպես ցածր պահպանվում ամբողջ լյուտեինային փուլում: Սա անհրաժեշտ է, որպեսզի ձվարանում գործի դեղին մարմինը: Հղիության ընթացքում ԼՀ-ի խտությունը նվազում է:

Թ3 ընդհանուր (տրիյոդթիրոնին ընդհանուր Թ)

Թ3-ն արտադրվում է վահանագեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ թիրեոտրոպ հորմոնի վերահսկմամբ: Նախորդում է առավել ակտիվ հորմոնին՝ Թ4-ին, սակայն ունի ինքնուրույն, ավելի քիչ արտահայտված ազդեցություն:

Թ4 (թիրոքսին ազատ)

Արյան մեջ Թ4-ի խտությունն ավելի բարձր է, քան Թ3-ինը: Այս հորմոնը, բարձրացնելով հիմնական փոխանակության արագությունը, մեծացնում է ջերմարտադրությունը և թթվածնի օգտագործումն օրգանիզմի բոլոր հյուսվածքների կողմից, բացի գլխուղեղի հյուսվածքներից, լորձաթաղանթից և ձվարաններից: Հորմոնի մակարդակը և՛ կանանց, և՛ տղամարդկանց օրգանիզմում կայուն է մնում ամբողջ կյանքի ընթացքում:

Թիրեոտրոպ հորմոն (ԹՏՀ)

Այս հորմոնի մակարդակն անհրաժեշտ է ստուգել համոզվելու համար, որ վահանագեղձի գործառույթը խանգարված չէ:

Սեռական հորմոնների հետազոտությունը կնոջ օրգանիզմի վիճակը գնահատելու համար կատարվող ամենակարևոր հետազոտություններից է: Նշանակվում է դաշտանային պարբերաշրջանի խանգարման, անպտղույթան, չզարգացող հղիության և այլ խնդիրների դեպքում:

Մանրամասնորեն չենք անդրադառնա արյան մեջ հորմոնների բնականոն քանակին, քանի որ տարբեր լաբորատորիաներում դրանք տարբեր են (տարբեր ռեակտիվների և հետազոտման մեթոդների պատճառով): Այդ պատճառով էլ անհրաժեշտ է նորմատիվային ցուցանիշները խնդրել հենց այն լաբորատորիայից, որտեղ անցկացվել է հետազոտությունը: Բացի այդ, ցուցանիշները կախված են նաև այն բանից, թե ցիկլի որերորդ օրն է կատարվել հետազոտությունը. Դրանք տարբերվում են նաև հղիության ընթացքում: