Հղիությունը և հիպոթիրեոզը

Հղիությունը և հիպոթիրեոզը

Ինչ է հիպոթիրեոզը

Հիպոթիրեոզը համախտանիշ է, որն առաջանում է վահանագեղձի հորմոնների պակասի հետևանքով: Սա աշխարհում ամենատարածված էնդոկրինոլոգիական հիվանդություններից մեկն է: Ընդ որում՝ կանայք 6 անգամ ավելի շատ են հիվանդանում, քան տղամարդիկ:

Ինչպես է հիպոթիրեոզն անդրադառնում կնոջ վերարտադրողական համակարգի վրա

Սկսենք գլխավոր հարցից: Ինչպե՞ս կարող է հիպոթիրեոզը ազդել հղիանալու և երեխային կրելու կարողության վրա: Վանագեղձն ազդում է գրեթե բոլոր օրգանների և համակարգերի վրա՝ ներառյալ նաև վերարտադրողական համակարգը: Վահանագեղձի Т3 և Թ4 հորմոնները մասնակցում են սեռական հասունացմանը, կարգավորում են դաշտանը, ազդում են բեղմնավորման կարողության վրա, իսկ բեղմնավորումից հետո՝ պտղի օրգանների և համակարգերի ձևավորման վրա:

Վահանագեղձի հորմոնների պակասի դեպքում առավել շատ տուժում է երեխայի նյարդային համակարգը, մոր հորմոնները մասնակցում են ոսկորների կազմավորմանը, թոքերի, երիկամների հյուսվածքների հասունացմանը, ինչպես նաև դիմադրողականության համակարգի ձևավորմանը:

Վահանագեղձի հորմոններն ազդում են ֆոլիկուլների հասունացման, ձվազատման, դեղին մարմնի աշխատանքի վրա՝ միաժամանակ ազդելով նաև սեռական հորմոնների արտադրման վրա: Երկարատև հիպոթիրեոզը կարող է հանգեցնել հիպերպրոլակտինեմիայի՝ անհնարին դարձնելով ձվազատումը: Այնպես որ, եթե պրոլակտինի բարձր մակարդակ է հայտնաբերվել, ավելորդ չի լինի նաև վահանաձև գեղձի հորմոնների ստուգումը: Հիպոթիրեոզ ունեցող կանանց 30-70%-ը դաշտանային ցիկլի այս կամ այն խանգարումն ունի՝ երկարատև ցիկլ (40 օրից ավել), առատ և երկարատև դաշտան, դաշտանի բացակայություն:

Այսպիսի լուրջ խանգարումները պայմանավորված են երկար ժամանակ բուժում չստացած վահանագեղձի խանգարված աշխատանքով: Հորմոնների ոչ մեծ խախտման դեպքում ձվազատում և հղիություն լինում է, սակայն մեծանում է չզարգացող հղիության և պտղի արատների հավանականությունը, հղի կնոջ մոտ անեմիայի, զարկերակային բարձր ճնշման, ընկերքի վաղաժամ շերտազատման, հետծննդաբերական արնահոսության վտանգը և այլն: Ցանկալի է ստուգել անպտղություն ունեցող կանանց վահանագեղձի ֆունկցիան նախքան բուժումն սկսելը: Վահանագեղձի հակամարմինների բարձր մակարդակ ունեցող կանայք ԱՄԲ-ի արձանագրությամբ ավելի քիչ օօցիտներ և սաղմեր են ստանում, նրանց հղիանալու հավանականությունն ավելի ցածր է, քան առողջ կանանցը:

Հիպոթիրեոզի նախանշանները, հիպոթիրեոզ և անպտղություն

Բավականին հաճախ դաշտանային ցիկլի խանգարումներից և բեղմնավորման խնդիրներից գանգատվող կանանց մոտ վահանագեղձի աշխատանքի խանգարում է հայտնաբերվում: Դժվար է հիպոթիրեոզ ախտորոշել՝ հիմնվելով միայն այցելուի գանգատների վրա, քանի որ այս հիվանդության ախտանշանները տարաբնույթ են և կարող են տարբերվել տարբեր մարդկանց դեպքում: Շատ բան կախված է հիվանդության տևողությունից և հորմոնների անբավարարությունից, կնոջ տարիքից, հարակից հիվանդություններից և այլն: Դասական ախտանշաններից են ձեռքերի և ոտքերի քրտնարտադրությունը, գիրացումը, մարմնի ջերմաստիճանի անկումը, խռպոտ ձայնը, քնկոտությունը, թուլությունը, մոռացկոտությունը, մազերի որակի վատացումը, մաշկի չորությունը, անեմիան, դեպրեսիան և այլն: Մյուս կողմից էլ հնարավոր է, որ մի շարք դեպքերում այս նախանշանները լիովին բացակայեն:  

Ախտորոշումը

Հիպոթիրեոզի հայտնաբերման նպատակով բժիշկն առաջին հերթին կնշանակի ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն) և Թ4 ազատ (թիրոքսին ազատ) հորմոնների անալիզ: ԹՏՀ -ն հիպոֆիզի հորմոն է և ոչ թե վահանագեղձի: Այն փոխկախված է վահանագեղձի թիրոքսին հորմոնի քանակից, որը նշանակվում է Թ4-ով: Այսինքն Թ4-ի նվազման դեպքում բարձրանում է ԹՏՀ -ն և հակառակը: Հիպոֆիզն արձագանքում է արյան մեջ Թ4-ի ամենաչնչին փոփոխությանն անգամ, ուստի հենց ԹՏՀ -ի ցուցանիշն են օգտագործում վահանագեղձի աշխատանքի սկրինինգի համար: Հաճախ Թ4-ի արժեքը կարող է պարբերաբար և թռիչքային ընկնել, հետազոտության օրը կարող է նորմայում լինել, սակայն բարձր ԹՏՀ-ն ցույց կտա, որ այդպիսի փոփոխություններ են եղել, քանի որ հենց ԹՏՀ -ն է արտացոլում վերջին 6-8 շաբաթների ընդհանուր իրավիճակը:

Հաճախ ԹՏՀ և Թ4 ազատի հանձնմանը միաժամանակ նշանակվում է թիրեոգլոբուլին պերոքսիազայի հակամարմինների առկայության հետազոտություն և այլն: Վերջիններս կարող են վկայել աուտոիմունային պրոցեսի մասին, որը վահանագեղձի աշխատանքի անբավարարություն է առաջացնում:

Ովքե՞ր պետք է պարտադիր ստուգեն հորմոնների մակարդակը

Հղիություն պլանավորելու դեպքում պետք է վահանագեղձի հորմոնների հետազոտություն անցնեն.

- Այն կանայք, ովքեր ունեն վահանագեղձի հիվանդություն, հետծննդաբերական թիրեոդիտ, տարել են վահանագեղձի վիրահատություն, ունեն խպիպ (զոբ), շաքարային դիաբետ, անպտղություն:
- Նրանք, ում ընտանիքում վահանագեղձի հիվանդության դեպքեր են եղել:

- Նրանք, ովքեր վահանագեղձի հակամարմինների բարձր մակարդակ են ունեցել:

- Ովքեր ունեն հիպոթիրեոզի նախանշաններ կամ դրսևորումներ և այլն:

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով Կերակրումը Հղիության Ընթացքում․ Հնարավոր Ռիսկերը և անվտանգության Հարցերը

Կրծքով կերակրելը կարևոր դեր է խաղում երեխայի առողջության…

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կաթնարտադրության խթանման բնական եղանակներ

Կրծքով կերակրումն անփոխարինելի կապ է մայրիկի և երեխայի միջև…

Հեմատոման հղիության ընթացքում

Հեմատոման հղիության ընթացքում

Հղիության ընթացքում արգանդում տեղի ունեցող ցանկացած…

Հղիության վաղ ախտանիշները

Հղիության վաղ ախտանիշները

Հղիությունը բարդ բիոլոգիական գործընթաց է…